Անսալով Մեծ եղեռնի բիւրաւոր նահատակների կանչին՝ Նոր Ջուղայի հայոց ազգ. «Կատարինեան» տղայոց միջնակարգ դպրոցի պատասխանատուներն ու աշակերտութիւնը կազմակերպեցին մի շարք միջոցառումներ, որոնց միջոցով ոչ միայն ոգեկոչեցին Հայոց ցեղասպանութեան 100-ամեակը, այլեւ մի անգամ եւս վերահաստատեցին նոր սերնդի վճռակամութիւնը հայ ժողովրդի պահանջատիրական երթը շարունակելու ուղղութեամբ:

Ստորեւ ներկայացնում ենք Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին նւիրւած «Կատարինեան» դպրոցի ծրագրերը, որոնք իրագործւել են տեսչութեան նախաձեռնութեամբ, հայերէն առարկաների ուսուցչուհի ու դպրոցի մշակութային միջոցառումների պատասխանատու Սօսէ Պօղոսեանի կազմակերպութեամբ եւ Սպահանի հայոց թեմի Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի Կենտրոնական յանձնախմբի նիւթական ու բարոյական աջակցութեամբ:

 

Անմոռուկ ծաղիկ խորհրդանշի արարումը դպրոցի պարտէզում

Շաբաթ՝ մարտի 14–ին, 7-րդ եւ 8-րդ դասարանների աշակերտների ու պատասխանատուների միջոցով, դպրոցի պարտէզում ծաղիկներով արարւեց անմոռուկ ծաղիկ խորհրդանիշը՝ նպատակ ունենալով Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի խորհրդանշի ստեղծմամբ 1.5 միլիոն անմեղ նահատկների յիշատակը յաւերժացնելու: Նախքան աշխատանքի մեկնարկը աշակերտներին էր բացատրւել անմոռուկ ծաղկի խորհրդանշական իմաստի մասին: Անմոռուկի արարման համար պահանջւող թարմ ծաղիկները նւիրել էր Նոր Ջուղայի Հայ կանանց գթութեան միութեան վարչութիւնը, որն ընթացք տալով դպրոցի տեսչութեան մտայղացմանը, ցանկացել էր ծաղիկների նւիրումով միութեանը եւս մասնակից դարձնելու այս գեղեցիկ ակտին:

 

«Ալիք» օրաթերթի հետ՝ Հայոց ցեղասպանութեան դատապարտման եւ պահանջատիրական հետքերով

Շաբաթ՝ ապրիլի 18-ին, դպրոցում կայացաւ աշակերտական աշխատանոց, որտեղ ստւարաթղթից պատրաստւեց մի անմոռուկ ծաղիկ: Այնուհետեւ ուսուցչուհի Սօսէ Պօղոսեանի յանձնարարութեամբ տղաները «Ալիք» օրաթերթի վերջին մի քանի ամիսների համարներից առանձնացրեցին Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին առնչւող նիւթերը եւ Ցեղասպանութեան միջազգային ճանաչման ու դատապարտման շրջագծում վերջին ձեռքբերումների մասին լուրերը, որոնց խնամքով եւ թեմատիկ դասաւորութեամբ փակցրեցին պատրաստւած անմոռուկի վրայ:

 

Դասախօսական-գեղարւեստական ձեռնարկ

Երեքշաբթի՝ ապրիլի 21-ի առաւօտեան, դպրոցի սրահում կազմակերպւել էր դասախօսական-գեղարւեստական ձեռնարկ, որտեղ ներկայ էին դպրոցի տեսչութիւնը, ուսուցչական կազմը, ծնողական խորհուրդը, ծնողները եւ աշակերտութիւնը: Ծրագիրը յագեցած էր դասախօսական ելոյթով՝ ուսուցչուհի Միգանուշ Տէր-Մարտիրոսեանի միջոցով նիւթի փոխանցմամբ եւ աշակերտական գեղարւեստական կատարումներով: Սկզբում պաստառի վրայ ցուցադրւող համապատասխան պատկերներին զուգահեռ օրւայ դասախօսը պատմական ակնարկ ունեցաւ Հայոց ցեղասպանութեանը, իսկ ընթացքում իր խօսքը ծաւալեց՝ անդրադառնալով Ցեղասպանութեան 100-ամեակի կարեւորութեանը եւ Հայ դատի միջազգային ճանաչման ուղղութեամբ վերջին ձեռքբերումներին: Դասախօսական ելոյթի ընթացքում ցուցադրւած պատկերները պատարստւել էին աշակերտ Րաֆֆի Դիլանչեանի միջոցով:

Այնուհետեւ աշակերտական գեղարւեստական ծրագրում առանձնաբար երգերի կատարմամբ ելոյթ ունեցան դպրոցի կրտսեր եւ աւագ երգչախմբերը՝ փոխտեսուչ Ռուբէն Գրիգորեանի ղեկավարութեամբ, իսկ ծրագրի շարունակութեան մէջ երգերի մենակատարմամբ հանդէս եկաւ Թադէ Մկրտչեանը, աշակերտական խօսքն ընթերցեց Արամէ Մովսիսեանը, իսկ Շանթ Մելքոնեանն ու Մենուա Քեշիշեանը ընթերցեցին թեմային առնչւող բանաստեղծական կտորներ:

Վերջում աշակերտներ՝ Արթուր Սիմոնեանը, Րաֆֆի Դիլանչեանը, Դերիկ Յակոբեանը եւ Նարբէ Ղարիբեանը առանձնաբար ցուցադրեցին իրենց հեղինակած որմազդները՝ նւիրւած Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին՝ բացատրելով դրանց գաղափարը եւ ստեղծագործութեան մէջ ամփոփւած իմաստը:

Ձեռնարկն աւարտւելուն պէս՝ աշակերտութիւնը դուրս եկաւ դպրոցից եւ քայլեց դէպի Ս. Ամենափրկչեան վանք, որտեղ Մեծ եղեռնի զոհերի յիշատակը յաւերժացնող յուշարձանի մօտ տեղի ունեցաւ ծաղկեմատոյց՝ մասնակցութեանբ Նոր Ջուղայի «Քանանեան» եւ «Կատարինեան» ու Շահինշահրի հայոց ազգային դպրոցների:

 

Ֆլեշմոբի պատարստում

Աշակերտութեան դերակատարութեամբ դպրոցի շրջափակում նկարահանւեց Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին նւիրւած ֆլեշմոբ՝ «Յիշում եմ եւ պահանջում» խորագրով, որն առաջին անգամ համացանցում տարածւեց չորեքշաբթի՝ ապրիլի 22-ին: Սոյն ֆլեշմոբը տեղադրւել է youtube-ում եւ հայկական մի քանի կայքէջերում, ինչպիսին են՝ Ս. Ամենափրկչեան վանքի (www.norjugha.ir), «Հայելի» եւ «Հայերն այսօր» կայքէջերը, որն արժանացել է բազմաթիւ օգտատէրերի ուշադրութեանն ու գնահատանքին:

Յատկանշական է, որ վերոնշեալ աշխատանքների իրականացման գործում «Կատարինեան» դպրոցի պատասխանատուների հետ համագործակցել էին Նայիրի Այւազեանը, Վանէ Իսաղուլեանը եւ Նինելիա Աբրահամեանը: