Մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի Համբարձման տօնի առթիւ, հինգշաբթի՝ մայիսի 14-ի առաւօտեան ժամը 10-ին, Փերիոյ գաւառի Ղարղուն գիւղի Ս. Նշան եկեղեցում Ս. եւ անմահ Պատարագ մատուցւեց՝ նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանի եւ ձեռամբ հոգշ. Տ. Արտակ աղբ. Արաբեանի: Պատարագին մասնակցում էին արժն. Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանը, արժն. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանը եւ դպրաց դասը: Երգեցողութիւնը կատարւեց Ս. Ամենափրկչեան վանքի «Կոմիտաս» երգչախմբի միջոցով:
Արարողութեանը ներկայ էին Թեմի ազգային մարմինների ներկայացուցիչները, գիւղի հայ բնակչութիւնը եւ Համբարձման տօնի առթիւ Սպահանից ու Շահինշահրից Փերիոյ գաւառ ժամանած ժողովուրդ:
Ս. Պատարագի ընթացքում թեմակալ առաջնորդ Սրբազան Հայրն օրւայ առնչութեամբ իր քարոզում անդրադառնալով Համաբարձման տօնի իմաստին՝ ասաց. «Քրիստոսը երկինք բարձրացաւ, որպէսզի մարդը Սուրբ Հոգուն դիմաւորի եւ Աստծու կամքի համաձայն Սուրբ Հոգով զօրացած իր կեանքն ապրի ու քայլի այն ճանապարհով, որով քայլեց Քրիստոսը: Ճանապարհ, որը բարութեան, փրկութեան, արդարութեան եւ դէպի յաւիտենական ուրախութիւն ու երջանկութիւն առաջնորդող ուղի է»:
Ապա Սրբազան Հայրը ողջունելով հաւատացեալների ներկայութիւնը Ղարղուն գիւղի Ս. Նշան եկեղեցում՝ կարեւորութեամբ ընդգծեց, որ եկեղեցիները զօրանում եւ կեանքով են լցւում ժողովրդի ներկայութեամբ ու աղօթքներով: Նա վերջում յատուկ գնահատանքի խօսք ուղղեց հոգեւորականաց դասին՝ օրւայ Պատարագի մատուցման եւ Ս. Նշան եկեղեցու վարչութեանը՝ եկեղեցին պայծառ եւ բարեզարդ վիճակում պահելու կապակցութեամբ:
Հոգեպարար արարողութեան աւարտին ներկայ հաւատացեալները Ս. Հաղորդութիւն ստացան պատարագիչ Հայր Սուրբի ձեռամբ, ապա աւանդոյթի համաձայն Համբարձման տօնը նշեցին բնութեան գրկում՝ վայելելով պայծառ օրը եւ կանաչազարդ բնութիւնը:
Յատկանշական է, որ Համաբարձման տօնի առթիւ Ս. եւ անմահ Պատարագ մատուցւեց նաեւ Նոր Ջուղայի Ս. Մինաս եկեղեցում՝ արժն. Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանի միջոցով: