Երկուշաբթի՝ 2015 թ. Մայիսի 4-ի երեկոյեան ժամը 7.30-ին, Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» դպրոցի սրահում, Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի Ոգեկոչման Շահինշահրի յանձնախմբի նախաձեռնութեամբ եւ Ուսուցչական անձնակազմի համագործակցութեամբ կազմակերպւել էր «Գիտելիքների մրցոյթ»՝ համայնքի «Սրբոց Վարդանանց» եւ «Մասիս» դպրոցների աշակերտ-ուհիների համար, որին ներկայ էին Շահինշահրի Հոգեւոր տեսուչ Տ. Անանիա վրդ. Գուճանեանը, Համայնքային Վարչութեան անդամները եւ մի շարք ծնողներ:
Սոյն միջոցառման բացումը կատարեց Վարչութեան անդամ տկն. Մարիտա Քեշիշեանը, որն ողջունելով Յանձնախմբի կազմակերպած միջոցառումը՝ հրաւիրեց մասնակից խմբերին մրցակցութեան:
Սոյն մրցոյթին մասնակցում էին 6 խումբ, հետեւեալ մասնակիցներով.
- Վան խումբ՝ Վանա Յակոբ Չաքերեան
- Արտահան խումբ՝ Արին Թորոսեան, Դերիկ Թահմազեան, Վաչէ Քեշիշեան եւ Արւին Մինասքանեան
- Երզնկա խումբ՝ Արինէ Նազարեան, Զեփիւռ Շահիջանեան, Ռիմետա Նազարեան եւ Սերլի Ղարախանեան
- Սասուն խումբ՝ Արմէն Քեշիշեան, Նարեկ Փանոսեան, Արամ Գրիգորեան եւ Արգիշտ Նազարեան
- Կարս խումբ՝ Բիւրա Մինասեան, Ալիքա Թորոսեան, Վանէ Թահմազեան, Արփա Վարդանեան
- Կարին խումբ՝ Արիս Մուրադեան, Թէոդիկ Մանուկեան, Էնրիկօ Զէյնալեան
Իսկ իբրեւ իրաւարար կազմ հանդէս եկան Վարդուհի Պօղոսեանը, Մարինա Մանասէրեանը եւ Սեւադա Իսաղուլեանը:
Վերոյիշեալ խմբերի մասնակիցները ամենայն աչալրջութեամբ անցկացրին մրցոյթի երկու փուլը, արժանանալով ներկաների ջերմ գնահատանքին:
Մրցոյթի աւարտին, արդիւնքները ամփոփւելուց յետոյ, յաղթող ճանաչւեց Վան խումբը, իսկ երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրին՝ Արտահան եւ Երզնկա խմբերը, որոնք կազմակերպիչ յանձնախմբի կողմից պարգեւատրւելու են հետագայ միջոցառումների ընթացքում:
Այնուհետեւ Հոգեշնորհ Հայր Սուրբն իր հայրական պատգամով եզրափակեց օրւայ միջոցառումը, որն ինչպէս միշտ նախ իր ուրախութիւնն յայտնեց համայնքում նմանատիպ հետաքրքիր եւ աշխոյժ ձեռնարկներ կազմակերպւելու համար, ապա շնորհաւորելով բոլոր մասնակիցներին բարձր գնահատեց նաեւ ծնողներին, որոնք միշտ հոգատարութեամբ եւ համակ ուշադրութեամբ հետեւում են իրենց զաւակների առաջադիմութեանը եւ խթան են հանդիսանում նրանց՝ նորանոր գիտելիքներ ձեռք բերելու կարեւոր գործում: