Թւականիս մայիսի 2-ի առաւօտեան Ս. Ամենափրկչեան վանք այցելեցին Իրանի իսլամական հանրապետութեան Սպորտի եւ երիտասարդութեան հարցերի նախարար դկտ. Մահմուդ Գուդառզին եւ նրան ընկերակցող Սպահանի Սպորտի եւ երիտասարդութեան հարցերի գրասենեակի գլխաւոր տնօրէն Սոլթան-Հոսէյնին: Ս. Ամենափրկչեան վանքում հիւրերին դիմաւորեցին Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ պրն. Նոէլ Մինասեանը եւ Ն.Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան կենտրոնական վարչութեան անդամ տկն. Այլին Մելիքեանը:
Պատւիրակութեան անդամները Ս.Ա. Վանքի «Ս. Յովսէփ Արեմաթացի» եկեղեցի եւ «Խաչատուր Կեսարացի»-ի անւան թանգարան այցելելուց յետոյ, հիւրընկալւեցին Ծաղկեայ դահլիճում:
Հանդիպման ընթացքում Թեմիս Թեմական խորհրդի ատենապետ պրն. Նոէլ Մինասեանը ընդգծեց իրանահայութեան ուշագրաւ ներդրումը, ինչպէս նաեւ Իրանում գործող հայկական մարզա-մշակութային միութիւնների, ի մասնաւորի Ն.Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան եւ Թեհրանի Հ.Մ.Ա.Կ.-ի կարեւոր դերակատարութիւնը՝ Իրանի մարզական ոլորտի զարգացման գործում, յիշելով այս ասպարէզում մեծ աւանդ թողած հայորդիների անուններ:
Նա յայտնեց, որ այս միութիւններում դաստիարակւած եւ իրենց մարզական հմտութիւնները կատարելագործած բազմաթիւ հայ երիտասարդներ, իրենց մարզական բարձր ունակութեան շնորհիւ ընդգրկւել են Իրանի ազգային եւ տարբեր հաւաքականներում, բարձր պահելով հայ մարզիկի համբաւն ու անունը:
Պրն. Նոէլ Մինասեանն իր խօսքերի շարունակութեան մէջ անդրադառնալով համահայկական նշանակութեամբ մարզական միջոցառումների կազմակերպմանը, տեղեկացրեց յառաջիկայ օգոստոս ամսում Հայաստանում կայանալիք համահայկական մարզական խաղերի վերաբերեալ եւ շեշտեց իրանահայ մարզիկների մեծաթիւ եւ բարձր մակարդակով ներկայութիւն ունենալու անհրաժեշտութիւնը:
Այնուհետեւ խօսքը փոխանցւեց դկտ. Մահմուդ Գուդառզիին, ով իր արտայայտութիւններում գնահատելով իրանահայ մարզիկներին՝ Իրանի մարզական կեանքում նրանց կարեւոր դերակատարութեան համար, խոստացաւ կարեաց սահմաններում նեցուկ հանդիսանալ նրանց, միաժամանակ խոստացաւ նախարարութեան հնարաւորութեան շրջագծում ապահովել Հայաստանի համահայկական խաղերին իրանահայ մարզական պատւիրակութեան պատւաւոր ներկայութիւնը:
Հանդիպման աւարտին հնչեցին երկուստեք բարեմաղթանքի խօսքեր, իսկ յանուն Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի յարգելի նախարարին նւիրւեց Ս.Ա. Վանքի պատկերով Սպահանի ձեռարւեստի յուշանւէր: