Հինգշաբթի՝ ապրիլի 30-ի յետմիջօրէի ժամը 4-ին, Ս. Ամենափրկչեան վանք այցելեցին Ռուսաստանի Արտաքին գործոց նախարարի տեղակալ Իգոր Մորգուլովը եւ Իրանի Իսլամական Հանրապետութիւնում Ռուսաստանի դաշնութեան արտակարգ եւ լիազօր դեսպան հայազգի Լեւոն Ջաղարեանը: Ս. Ա. Վանքում նրանց դիմաւորեց Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ պրն. Նոէլ Մինասեանը: Պատւիրակութիւնը նախ այցելեց «Ս. Յովսէփ Արեմաթացի» եկեղեցի եւ «Խաչատուր Կեսարացի»-ի անւան թանգարան, ապա Ս. Ա. վանքի Ծաղկեայ դահլիճում հանդիպում ունեցաւ թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանի հետ:
Հանդիպման ընթացքում առաջնորդ Սրբազան Հայրը ողջունելով հիւրերին՝ իր ուրախութիւնը յայտնեց Ռուսիոյ բարձրաստիճան այրերի այցելութեան առիթով եւ գնահատեց ու շեշտեց, որ Իրան-Ռուսաստան-Հայաստան յարաբերութիւններն ու բարի-դրացիական կապերը մեծապէս օժանդակում են տարածաշրջանի կայունութեանն ու խնդիրների խաղաղ կարգաւորմանը: Թեմակալ առաջնորդն անդրադառնալով ՀՀ Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի պետական յանձնաժողովի ծրագրերի մասին, յատուկ շնորհակալական խօսք ուղղեց Ռուսաստանի դաշնութեանը եւ յատկապէս Ռուսիոյ նախագահին՝ Ապրիլի 24-ին Հայաստանում ներկայ գտնւելու, ոգեկոչման արարողութիւններին մասնակցելու եւ Ցեղասպանութիւնը դատապարտող ելոյթով հանդէս գալու համար: Նա շեշտեց, որ Ռուսաստանն իբրեւ գերուժ իր կարեւոր դերակատարութիւնը կարող է ունենալ արդարութեան հաստատման մէջ: Առաջնորդ Սրբազան Հայրը նաեւ համապարփակ բացատրութիւն ներկայացրեց Սպահանի հայոց թեմի կառոյցի եւ ազգային դրւածքի մասին:
Ռուսաստանի Արտաքին գործոց նախարարութեան տեղակալ Իգոր Մորգուլովը այցելելով եկեղեցի եւ թանգարան, իր հիացմունքը երկու հոյակերտ կառոյցների առնչութեամբ, ընդգծելով, որ Ռուսաստանի դաշնութիւնը միշտ ձգտել է խաղաղութեան եւ արդարութեան հաստատմանը, նաեւ Հայաստանի եւ Իրանի հետ կապերի ամրապնդմանը՝ երկկողմ շահերի նկատառումով: Ըստ փոխ-նախարարի, Ռուսաստանի համար կարեւոր նշանակութիւն ունի Հայաստանի եւ Իրանի հետ յարաբերութիւնները: Նա նշեց, որ Ռուսաստանի իշխանութիւնները յատուկ ուշադրութիւն են տածում իրենց երկրի հայ քաղաքացիների եւ Հայաստանի Հանրապետութեան նկատմամբ, որպէս օրինակ յիշատակելով Ռուսաստանի նախագահի ներկայութիւնը Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի առթիւ կազմակերպւած ծրագրերին: Իգոր Մորգուլովն իր արտայայտութիւնների շարունակութեան մէջ տեղեկացրեց, որ Ռուսաստանի կառավարութիւնը Իրանի հետ կապերի եւ յարաբերութեան զրագացման նոր ծրագիր է մշակում, որին կարող է աջակցել եւ նպաստել Իրանում ապրող հայութիւնը:
Թեմական Խորհրդի ատենապետ Պրն. Նոէլ Մինասեանը յիշեցնելով Իրանում հայ համայնքի բազմակողմանի վաստակի եւ դերակատարութեան մասին, թէ անցեալում՝ արհեստի, արւեստի, տնտեսական եւ քաղաքական բնագաւառներում եւ թէ ներկայիս՝ երկրի ամբողջական շահերի պաշտպանութեան գործում, շեշտեցին, որ հայ համայնքն ու ղեկավարութիւնը ինչպէս միշտ նպաստելու են տարածաշրջանում խաղաղ կարգավիճակի հաստատման եւ երկրների միջեւ բարի յարաբերութիւնների զարգացման ուղղութեամբ:
Աւելի քան մէկ եւ կէս ժամ տեւած հանդիպումն աւարտւեց բարեմաղթանքներով եւ յաճախակի այցելութիւնների ակնկալիքով: