ԱՊՐԻԼԻ 20, ՆԿԱՐՉՈՒԹԵԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍ

Երկուշաբթի՝ ապրիլի 20-ի երեկոյեան, Շահինշահրի հայոց ազգային «Սրբոց Վարդանանց» դպրոցի սրահում, տեղի ունեցաւ նկարչութեան ցուցահանդէս՝ գլխաւորաբար Հայոց ցեղասպանութեան թեմայով, իսկ սրահի մի անկիւնում ցուցադրւում էին տաղանդաւոր աշակերտ-ուհիների ձեռամբ նկարւած պաստառները եւ նկարչութիւնները՝ ազատ թեմայով:

Ցուցահանդէսի բացումը կատարեց արժն. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանը՝ ներկայութեամբ Շահինշահրի հայ համայնքի վարչութեան, Ոգեկոչման յանձնախմբի, հայոց ազգային դպրոցների անձնակազմերի եւ Ծնողական խորհուրդների, աշակերտութեան եւ համայնքի անդամների:

Արժն. Քահանայ Հայրը ողջունելով ներկաներին իր դրւատանքի խօսքն ուղղեց հայ ժողովրդի ստեղծարար եւ նորարար ոգուն եւ շնորհաւորելով աշակերտների գեղեցիկ մասնակցութիւնը կազմակերպւած միջոցառմանը՝ ոյժ ու կորով մաղթեց նրանց,  Ոգեկոչման յանձնախմբի անդամներին եւ բոլոր նրանց, ովքեր հաղորդակից են դառնում ազգանւէր աշխատանքներին:

Սրահում տեղադրւած ցուցատախտակների վրայ գեղեցկօրէն ցուցադրւել էին աշակերտ-ուհիների նկարած պատկերները, որոնց մէջ նշմարւում էին ազգասիրութեան, հայրենասիրական եւ պահանջատիրական ոգին: Ցուցահանդէսի նկարչութիւններն արժանացան այցելուների բարձր գնահատանքին:

Իսկ Ոգեկոչման յանձնախմբի դասաւորումով, այցելուներին առիթ ընձեռնւեց իրենց նկարչութիւններով մասնակցել կազմակերպւած ցուցահանդէսին, որի ընթացքում ցանկացողները մատաղ սերնդի հետ կողք-կողքի հետաքրքիր նկարչութիւններ կատարեցին:

 

ԱՊՐԻԼԻ 21, ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԾԱՂԿԵՄԱՏՈՅՑ ՆՈՐ ՋՈՒՂԱՅՈՒՄ

Երեքշաբթի` ապրիլի 21-ի ժամը 13-ին, Շահինշահրի Ոգեկոչման յանձնախմբի համադրումով, «Սրբոց Վարդանանց» եւ «Մասիս» դպրոցների աշակերտութիւնը՝ ուսուցչական կազմի, Ծնողական խորհրդի գլխաւորութեամբ եւ համայնքի մի խումբ անդամների ուղեկցութեամբ մասնակցեցին Նոր Ջուղայի Ս. Ամենափրկչեան վանքում կազմակերպւած դպրոցական ծաղկեմատոյցին եւ գեղարւեստական ձեռնարկին:

 

ԱՊՐԻԼԻ 22, ՀՍԿՈՒՄ ԵՒ ԾԱՂԿԵՄԱՏՈՅՑ

Ապրիլի 22-ի երեկոյեան, Շահինշահրի հայոց ազգային «Սրբոց Վարդանանց» դպրոցի շրջափակում, Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակին կառուցւած յուշարձան-խաչքարի առջեւ համախմբւած հայորդիները մասնակցեցին հոգեհանգստեան արարողութեան, որը կատարւեց արժն. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանի ձեռամբ եւ Շահինշահրի «Նարեկ» երգչախմբի երգեցողութեամբ:

Հոգեհանգստեան արարողութիւնից յետոյ, բացման խօսքով հանդէս եկաւ յանձնախմբի անդամ եւ օրւայ համահաւաքի հաղորդավար տկն. Վարդուհի Պօղոսեանը:

Հայ համայնքի վարչութեան անունից օրւայ խօսքն ընթերցեց պրն. Արմոնդ Հախնազարեանը, որտեղ ասւել էր. «Մեծ սպանդից փրկւած հայ ժողովուրդը, թէեւ սփիւռագրւած, բայց որպէս ազգ ծլարձակելու եւ գոյատեւելու մեծ հեռանկարով եւ խորին հաւատքով, հաւաքագրելով ու իմի բերելով իր զաւակների ոյժն ու կորովը՝ յանուն իր ոտնահարւած իրաւունքների, բռնեց պայքարի ուղին եւ 20-րդ դարի վերջին տասնամեակի իր պատմութիւնը պսակեց փայլուն յաղթանակներով՝ ցոյց տալով թշնամուն, որ 20-րդ դարավերջի հայն այլեւս 20-րդ դարասկզբի հայը չէ:

20-րդ դարասկզբին թուրքը կոտորեց 1,500,000 հայ, իսկ այսօր աշխարհում ապրում են 10,000,000 հայ: Շնորհիւ Հայոց առաքելական եկեղեցու, Հայ դատի յանձնախմբերի, Հայաստանի հանրապետութեան քարոզչական, քաղաքական, յարաբերական աշխատանքների՝ այսօր փաստօրէն մեծ թւով պետութիւններ եւ ազդեցիկ միջազգային ատեաններ ճանաչել են Հայոց ցեղասպանութիւնը:

Այսօր Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին, նորովի ուխտով եւ հաւատքով շարունակենք մեր նւիրական պայքարը յանուն մեր մորթւած անմեղ ժողովրդի արեան վրէժխնդրութեան, մեր ազգի ոտնահարւած իրաւունքների վերականգման եւ ազատ, անկախ եւ ամբողջական Հայաստանի վերահաստատման:

Մեր պատգամն է որդեգրենք պայքարի նոր ձեւեր ու միջոցներ՝ աշխարհի յարափոփոխ պայմաններն ու առաջնահերթութիւնները հաշւի առնելով՝ մինչեւ մեր ազգային-քաղաքական նպատակադրւած ընդհանուր ծրագրերի իրականացում»։

Այնուհետեւ ընթերցւեց Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի ոգեկոչման յանձնախմբի խօսքը՝  տկն. Մառիթա Քեշիշեանի միջոցով, որը պարունակում էր Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի Համահայկական հռչակագիրը:

Համայնքում աշխատող միութիւնների եւ երգչախմբերի վարչութիւնների կոչը մի ընդհանուր  համատեքստով ընթերցեց տկն. Այդա Մուրադեանը:

Իսկ վերջում աշակերտուհի Ադենա Մուրադեանը դպրոցի անձնակազմի եւ աշակերտութեան անունից իր կոչն ուղղեց համահաւաքի մասնակիցներին:

Բողոքի համահաւաքի եւ ծաղկեմատոյցի ընթացքում Հայոց ազգային «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանի եւ «Սրբոց Վարդանանց» դպրոցի աշակերտ-ուհիները խմբերգերի եւ ասմունքների կատարումով իրենց պահանջատիրութիւնը յայտնեցին:

Ապա Ոգեկոչման յանձնախմբի դասաւորումով հայորդիները ծաղիկներով եւ վառւած մոմերով՝  ակնածութեամբ մօտենալով խաչքար-յուշարձանին, խնկարկեցին բիւրաւոր նահատակների յիշատակին: Համահաւաքից յետոյ դպրոցի սրահում ցուցադրւեց վաւերագրական տեսանիւթ՝ Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ:

 

ԱՊՐԻԼԻ 23, ԱՒՏՈՇՔԵՐԹ ԴԷՊԻ ՆՈՐ ՋՈՒՂԱ

Հինգշաբթի` ապրիլի 23-ի ժամը 16:30-ին, Շահինշահրի Հայոց ցեղասպանութեան 100- ամեակի Ոգեկոչման յանձնախմբի նախաձեռնութեամբ՝ Հայ Համայնքի Վարչութեան եւ համայնքի հայորդիների ուղեկցութեամբ կազմակերպւեց աւտոշքերթ դէպի Նոր Ջուղա՝ Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան կենտրոնատեղիում դիտելու Մայր աթոռ Ս. Էջմիածնից հեռարձակւող Հայոց ցեղասպանութեան բիւրաւոր նահատակների սրբադասման արարողակարգը:

Այնուհետեւ նրանք Նոր Ջուղայի հայրենակիցների հետ մասնակցեցին վերոյիշեալ միութեան կենտրոնատեղիից դէպի Սուրբ Ամենափրկչեան վանք կազմակերպւած մոմերի լոյսերի ներքոյ քայլերթին եւ  ներկայ գտնւցին Վանքում կատարւող հսկման արարողութեանը եւ կազմակերպւած գեղարւեստական ձեռնարկին:

 

ԱՊՐԻԼԻ 24, ՈՒՐԲԱԹ

Շահինշահրի հայ համայնքը մասնակցեց Նոր Ջուղայի Ս. Ամենափրկչեան վանքում կազմակերպւած ծաղկեմատոյցին, բողոքի համահաւաքին ու քայլարշաւին:

 

Լուսանկարիչ՝ Գեւիկ Խաչատրեան (ապրիլի 21, 22, 24)