Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» Միութեան Կենտրոնական Վարչութեան հրաւէրով, Իրանահայ 27-րդ Գարնանային խաղերի բացման հանդիսութեանը մասնակցելու համար, թւականիս Մարտի 19-ին Նոր Ջուղա ժամանեցին ԻԻՀ-ում ՀՀ նորանշանակ արտակարգ եւ լիազօր դեսպան՝ Պրն. Արտաշէս Թումանեանը եւ նրան ուղեկցող դեսպանատան աշխատակազմի ներկայացուցիչները:
Պրն. Թումանեանի Նոր Ջուղա այցելութեան ընթացքում, Մարտի 20-ի երեկոյեան, Սպահանի Հայոց Թեմի ազգային մարմինների միասնական նախաձեռնութեամբ, Ս. Ամենափրկիչ Վանքի «Ծաղկեայ Դահլիճ»-ում տեղի ունեցաւ նորանշանակ դեսպանի պաշտօնական ընդունելութիւնը, որին ներկայ էին Թեմակալ Առաջնորդը, Պատգամաւորական Ժողովի, Թեմական եւ Կրօնական խորհուրդների, Հայ Դատի Յանձնախմբի, Հաշւեքննիչ Մարմնի, Շահինշահրի Հայ Համայնքի Վարչութեան եւ ենթակայ մարմինների ու միութիւնների ներկայացուցիչները:
Սպահանի Հայոց Թեմի Թեմական Խորհրդի ատենապետ Պրն. Նոէլ Մինասեանի ողջոյնի եւ բարի գալստեան խօսքից յետոյ, ելոյթ ունեցաւ նորանշանակ դեսպան՝ Պրն. Արտաշէս Թումանեանը, որը շնորհակալութիւն յայտնելով ջերմ ընդունելութեան համար, յոյս յայտնեց, որ իրանահայ համայնքները, ի մասնաւորի Նոր Ջուղայի հայ համայնքը եւ ազգային մարմինները նպաստելու են Իրան-Հայաստան երկու բարեկամ երկրների յարաբերութիւնների առաւել զարգացմանը:
Շարունակութեան մէջ շնորհաւորանքի եւ ողջոյնի խօսքերով հերթաբար հանդէս եկան Հայ Դատի Յանձնախմբի, Պատգ. Ժողովի Դիւանի, Կրօնական Խորհրդի, Շահինշահրի Հայ Համայնքի Վարչութեան, միութիւնների եւ ենթակայ մարմինների ներկայացուցիչները: