Կրթական անխոնջ մշակների ցաւալի կորստով խորապէս յուզւեց եւ ցաւ ապրեց Նոր Ջուղայի հայ համայնքը՝ ի մասնաւորի ազգային իշխանութիւնն ու կրթական ոլորտի գործիչները։

Վերջին ամիսներում Սպահանի հայոց թեմի Կրթական խորհրդը խորը ափսոսանք եւ ցաւ ապրեց կրթական անխոնջ մշակներ՝ հայոց ագզային դպրոցների տարիների ուսուցչուհի եւ տեսչուհի Ժերմէն Լազարբադալեանի (Բաբայեան) եւ հայոց լեզւի ուսուցչուհի Անահիտ Կիրակոսեանի (Տէր-Գրիգորեան) ցաւալի մահւան պատճառով: Կրթական ոլորտի այս երկու մանկավարժների մահը մեծ կորուստ է համարւում ոչ միայն Կրթական խորհրդի եւ սոյն ոլորտի գործիչների, այլեւ տեղի հայ համայնքի համար, քանի որ նրանք անգամ հանգստի կոչւելուց յետոյ լինելով խորհրդիս կողքին շարունակում էին իրենց փորձառութեամբ, գիտելիքներով ու փայլուն անհատականութեամբ օգտակար հանդիսանալ աւելի կրտսեր գործընկերներին, աշակերտներին ու նրանց ծնողներին: 

Խորապէս համոզւած լինելով, որ ուսուցչութիւնն աստւածային կոչում է եւ ուսուցիչներն առաքեալներ են, ովքեր իրենց խրատներով, բարոյական արժանիքներով ու ուսուցումներով անմահանում են բոլորի՝ յատկապէս դաստիարակած սերունդների հոգում եւ սրտում, ստորեւ ներկայացնում ենք վերոնշեալ երկու վաստակաւոր ուսուցիչների  կենսագրական գծերը:

Հանգուցեալ Ժերմէն Լազարբադալեան

Ժերմէն Լազարբադալեանը (Բաբայեան) ծնւել է 1922 թւականին, Թաւրիզում: Նա իր տարրական կրթութիւնն ստացել է  «Հայկազեան Թամարեան» հայկական, իսկ միջնակարգը՝ «Դանեշ Սառայէ Մողադամաթի» պարսկական դպրոցներում: Տկն. Ժերմէնն ամուսնանալուց յետոյ փոխադրւել է Նոր Ջուղա, ուր 1957 թւականից աշխատել է հայոց ագզային դպրոցներում սկզբում որպէս ուսուցիչ, ապա վերակացու, իսկ 1977 թւականից մինչեւ 1987-ը՝ իր հանգստի է կոչւելը, եղել է Նոր Ջուղայի հայոց ազգային «Քանանեան» աղջկանց ուղեցոյց եւ միջնակարգ դպրոցի տեսչուհի: 

Երկար տարիներ դպրոցում աշխատելով՝ հանգուցեալն իր կեանքը նւիրեց սերունդների հայեցի դաստիարկութեանն ու ջանք չխնայեց նրանց կրթութեան, բազմակողմանի զարգացման եւ օրինակելի ու լաւ մարդ դառնալու ուղղութեամբ: Նա իր աշակերտներին սիրում  էր իր ընտանիքի անդամների պէս եւ մտահոգւում նրանց հոգեկան, կենցաղային ու ընտանեկան վիճակի մասին՝ շարունակ փորձելով նրանց օգտակար հանդիսանալ՝ իրենց տարբեր դժւարութիւնների լուծման մէջ: Տկն. Լազարբադալեանը խորապէս համոզւած էր, որ հայ ազգը գոյատեւելու է միայն առողջ եւ հայրենասէր սերունդների դաստիարկմամբ: 

Ժերմէն Լազարբադալեանն անզիջող էր հայոց դպրոցների իրաւունքների եւ գոյատեւման նկատմամբ եւ երբ 1980-ական թւականներին ազգային դպրոցների գլխին կախւած էր  փակման վտանգը, հայրենասէր ուսուցչուհին լինելով ազգային իշխանութեան կողքին՝ իր բոլոր ուժերով պայքարեց մինչեւ սոյն վտանգի վերացումը:

Նա ունէր ճարտար լեզու եւ լինելով մասնագէտ մանկավարժ, կիրթ ու բազմակողմանի զարգացած անձնաւորութիւն, հայերէն եւ պարսկերէն լեզուներով բանախօսական բազմաթիւ ելոյթներ է ունեցել կրթական ու մշակութային տարբեր կենտրոններում՝ խօսելով մանկավարժական-դաստիարակչական, հայեցի դաստիարակութեան եւ հայկական մշակոյթի պահպանման ու տարածման նիւթերի շուրջ: Նա լինելով բարձրաճաշակ հայուհի՝ իր ուշադրութեան առանցքն էր դարձրել հայկական ձեռարւեստի պահպանման ու տարածման աշխատանքը եւ չզլանալով սոյն ձեռարւեստը երիտասարդներին փոխանցելու գործում, մեծ  ջանք էր գործադրում դասընթացների իրականացման եւ ցուցահանդէսների կազմակերպման ուղղութեամբ, ինչի համար արժանացել էր ժամանակի Կրթական խորհուրդների բարձր գնահատանքին: 

Տկն. Ժերմէնը դպրոցներում ծաւալած իր ջանադիր աշխատանքի շնորհիւ բազմիցս գնահատւել է Սպահանի հայոց թեմի ժամանակի թեմակալ առաջնորդների, Սպահան քաղաքի ուսումնադաստիարակչութեան 3-րդ շրջանի հիմնարկի եւ նահանգի ուսումնադաստիարակչութեան գերատեսչութեան կողմից:  Իսկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի միջոցով պարգեւատրւել է «Մեսրոպ Մաշտոց» պատւաւոր շքանշանով:

Հանգուցեալը դպրոցում աշխատելուց, նոր սերնդի դաստիարակութեամբ ու կրթութեամբ զբաղւելուց  եւ իր ամուսնու ու չորս զաւակների համար օրինակելի կին եւ մայր լինելուց բացի զբաղւել է նաեւ ազգային-հասարակական աշխատանքներով: Նա երկար տարիներ (մինչեւ իր մահը) անդամակցել է Նոր Ջուղայի հայ Կանանց Գթութեան միութեանը, ուր սկզբում որպէս պարզ, ապա՝ միութեան վարչութեան անդամ, աշխոյժ եւ դերակատար գործունէութիւն է ցուցաբերել համահայկական նշանակութեամբ ծրագրերի, միութեան վերելքի եւ մարդասիրական ու ազգային աշխատանքների իրականացման գործում:  Նա համագործակցել է նաեւ Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան տարբեր շրջանների Կենտրոնական վարչութիւնների հետ՝ միութեան կողմից կեանքի կոչւած տարբեր բնոյթի յանձնախմբերում աշխատելով: 

Ազգային եւ հոգեւոր արժէքներով ապրող նւիրեալ մանկավարժը վերջին անգամ իր աչքերը փակեց 2015 թւականի փետրւարի 4-ին, խորը վշտի մէջ թողնելով իր ընտանիքին, համայնքիս անդամներին եւ յատկապէս իր աշակերտներին ու իրեն սերնդակից գործակիցներին, ովքեր ընդմիշտ հիացումով եւ մեծ յարգանքով են յիշեալու նրան: 

Հանգուցեալ Անահիտ Կիրակոսեան

Հանգուցեալ Անահիտ Կիրակոսեանը (Տէր Գրիգորեան) ծնւել է 1952 թւականին Փերիոյ գաւառի Նամակերտ գիւղում: Մանուկ հասակից իր ընտանիքի հետ փոխադրւեց Նոր Ջուղա, ուր ստացաւ իր տարրական եւ միջնակարգ կրթութիւնը՝ հայոց ազգային դպրոցներում: Այնուհետեւ սէրը դէպի հայոց լեզու եւ գրականութիւն նրան մղեց իր կրթութիւնը շարունակելու Սպահանի Պետական համալսարանի հայոց լեզւի եւ գրականութեան ճիւղում, որտեղից էլ շրջանաւարտ դարձաւ 1977 թւականին՝ լիսանսի կոչումով: Ուսանողական տարիներում հանգուցեալի դասախօսները՝ ի մասնաւորի հանգուցեալ  Խաժակ Տէր-Գրիգորեանն ու Ազատ Մաթեանն անժխտելի դերակատարութիւն են ունեցել նրա բարարձրագոյն կրթութեան եւ բազմակողմանի զարգացման ուղղութեամբ, որի համար նա միշտ յայտնում էր իր երախտագիտութիւնը: 

Նոր սերնդի կրթութեան եւ դաստիարակութեան նկատմամբ անտարբեր չլինելով եւ յատկապէս անչափ սիրելով ուսուցչութեան դժւարին եւ միեւնոյն ժամանակ քաղցր ու հաճելի աշխատանքը, տկն. Անահիտն ուսանողական վերջին տարիներից սկսում է աշխատել Նոր Ջուղայի հայոց ազգային դպրոցներում՝ որպէս հայոց լեզւի ուսուցիչ, եւ իր աշխատանքի 30 տարիների ընթացքում մինչեւ իր հանգստի կոչւելը (2011 թւականը), դասաւանդել է նախակրթարանից մինչեւ միջնակարգ բոլոր օղակների աշակերտ-ուհիներին: Նա իր աշխատանքի վերջին տարիներում եղել է Ն. Ջ. հայոց ազգային «Արմէն» երկսեռ տարրական դպրոցի հայոց լեզւի ուսուցչուհի:

Հանգուցեալ Անահիտ Կիրակոսեանը յատուկ սէր եւ ուշադրութիւն էր ցուցաբերում յատկապէս իր աշակերտների նկատմամբ եւ միշտ յարգանքով էր վերաբերւում նրանց ծնողներին: Նրա կենսուրախ խառնւածքն ու հեզ բնաւորութիւնը գրաւում էր երեխաներին, որի շնորհիւ էլ նա դարձել էր շատ սիրւած ուսուցիչներից մէկը:

Տկն. Կիրակոսեանը դպրոցական աշխատանքներից եւ իր ամուսնու ու երկու զաւակների համար հոգատար ու սիրալիր կին եւ մայր լինելուց զատ դերակատարութիւն ունէր նաեւ մի շարք մշակութային ձեռնարկների եւ միջոցառումների կազմակերպման գործում ու բազմաթիւ անգամներ ազգային-եկեղեցական տօների եւ առիթների առնչութեամբ համագործակցելով համայնքի տարբեր միութիւնների եւ հաստատութիւնների հետ, հանդէս է եկել որպէս դասախօս, ասմունքող, դերասան եւ գեղարւեստական ղեկավար: Հարկ է անդրադառնալ նաեւ նրա շուրջ 15 տարի աշխոյժ դերակատարութիւնը Նոր Ջուղայի Փերիոյ Կրթասիրաց միութեան Կենտրոնական Վարչութեան կողմից կազմակերպւող ձեռնարկների գեղարւեստական բաժինների իրականացման հարցում:

Մշակութասէր ու նւիրւած ուսուցչուհին իր մահկանացուն կնքեց 2014 թւականի նոյեմբերի 19-ին, երկարատեւ հիւանդութիւնից յետոյ՝ խորը վշտի մատնելով իր ընտանիքին, հարազատներին եւ այն բոլոր անհատներին, ովքեր բախտ էին ունեցել վայելելու նրա բարեհամբոյր եւ համեստ բնաւորութիւնը:

Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի:

 
Սպահանի հայոց թեմի
Կրթական խորհուրդ