Նախաձեռնութեամբ Թեմիս Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի Կենտրոնական յանձնախմբի Մշակութային միջոցառումների ենթայանձնախմբի, թւականիս Մարտի 5-ին եւ 6-ին, Ն. Ջ. Հայ Մ. Մ. "Արարատ" Միութեան դահլիճում, տեղի ունեցաւ "Արփա" նւագախմբի ելոյթը՝ Դոկտ. Արբի Բաբումեանի ղեկավարութեամբ:
Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին նւիրւած այս համերգին ներկայ էին Սպահանի 5-րդ շրջանի քաղաքապետ՝ Ճարտ. Ասառզադեգանը, Սպահանի արւեստի համալսարանի տնօրէնների խորհրդի անդամ՝ Դոկտ. Թահեռին, Սպահանի պետական համալսարանի պատասխանատուներ, քաղաքական, կրթական, հասարակական եւ մշակութային այլ գործիչներ, ազգային մարմինների ներկայացուցիչներ եւ մեծ թւով հայ ու պարսիկ հայրենակիցներ:
Ծրագրի առաջին բաժնում ողջոյնի եւ բարիգալստեան խօսքով հանդէս եկաւ օրւայ հանդիսավար՝ Ռուբէն Խաչիկ Գրիգորեանը, ով անդրադառնալով Հայոց ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցին, կարեւորութեամբ ընդգծեց, թէ մէկ դար անցնելով այդ ահռելի ողբերգութիւնից, այն չի անհետացել համայն մարդկութեան յիշողութիւնից: Նա ցաւով մատնանշեց այն իրողութիւնը, որ Թուրքիայի իրարայաջորդ պետութիւնները շարունակում են իրենց ժխտողական քաղաքականութիւնը, ինչպէս նաեւ կատարած յանցագործութիւնն ու դրա հետեւանքները լռութեան մատնելու փորձերը:
Ծրագրի շարունակութեան մէջ պարսիկ հաղորդավարուհու միջոցով մեկնաբանւեց Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի խորհրդանիշ՝ "Անմոռուկ" ծաղկի եւ "Յիշում եմ եւ պահանջում" կարգախօսի իմաստը: Այնուհետեւ հանդիսատեսով լեցուն դահլիճում, հայ եւ պարսիկ երաժիշտների ու մեներգիչների կատարմամբ հնչեցին անւանի կոմպոզիտորներ ու երաժիշտներ՝ Կոմիտասի, Արա Գէորգեանի, Մոցա
րտի, Մեսչեանի, Ալբինոնի, Ժան Քլոդ Փեթի, Եսայու եւ Հայփեր Սոլի ստեղծագործութիւնները: "Արփա" նւագախումբը անցեալի անւանի կոմպոզիտորների գործերի կատարումով, վերաիմաստաւորեց հայ ժողովրդի վերածննդի գաղափարը: Յատկանշելի է, որ պարսիկ երգիչների հայերէն երգերի բարձրակարգ կատարումը հիացմունքի պատճառ դարձաւ հայ հանդիսատեսի մօտ:Երաժշտութիւնների կատարմանը զուգահեռ հանդիսատեսին ներկայացւեց Հայոց ցեղասպանութեան եւ հայ ժողովրդի պահանջատիրութեան պատմութիւնը, ինչպէս նաեւ դրւագներ Կոմիտասի կեանքից ու գործունէութիւնից: Համերգի ընթացքում ցրւեց պարսկերէնի թարգմանւած Հանրի Վերնոյի "Մայրիկ" ֆիլմից հատւածներ, որը խոր ազդեցութիւն թողեց ներկաների վրայ:
Այսպիսով հնարաւոր դարձաւ արւեստի միջոցով պարսիկ հանդիսատեսին ցոյց տալ հայ ժողովրդի մէկ դար առաջ ապրած ցաւն ու տառապանքը եւ մեր պահանջի ձայնը լսելի դարձնել նրանց:
Վերջում օրւայ հանդիսավարը գործադիր յանձնախմբի անունից երախտագիտութեան խօսք ուղղեց բոլոր նրանց, ովքեր իրենց բոլոր կարողութիւնը ի գործ դրին միջոցառումը լաւագոյնս իրականացնելու համար:
Լուսանկարիչ՝ Գեւիկ Խաչատրեան