1841 թւականին, Նոր Ջուղայի Մեծ-Մէյդան թաղի Ս. Աստւածածին եկեղեցու գաւթում հիմքը դրւեց «Հայկեան Հայրենասիրական» դպրոցի, որը հաստատւեց 1843 թւականին: Դրա հիմնադիրը եւ բարերար-հովանաւորողը եղաւ մեծահամբաւ «Աբգարեանց» հաստատութիւնը: Նոր Ջուղայում կրթութեան ասպարէզում Աբգարեան տոհմի կատարած այս արժէքաւոր ներդրման համար, նրանց յիշատակին ամէն տարի Ս. Աբգար թագաւորի տօնին, վերոյիշեալ եկեղեցում մատուցւում է սուրբ եւ անմահ պատարագ, որին մասնակցում են Նոր Ջուղայի հայոց ազգային մանկապարտէզ-նախակրթարանի աշակերտները՝ դպրոցի տեսչութեան, ուսուցչական կազմի եւ Ծնողական խորհրդի ընկերակցութեամբ:
Այս տարի եւս, շաբաթ, դեկտեմբերի 21-ի առաւօտեան, մատուցւող Ս. Պպատարագին, որին նախագահում էր Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն եպս. Չարեանը, նոյնպէս ներկայացան սաները եւ հաւատացեալ ժողովուրդ: Օրւայ պատարագիչն էր Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանը, ներկայ էին նաեւ քահանայ հայրերն ու դպրաց դասը, իսկ Ս. Պատարագի երգացողութիւնը կատարում էին Ս. Ամենափրկչեան վանքի «Կոմիտաս» երգչախմբի անդամուհիներից:
Քարոզի պահին, առաջնորդ Սրբազան Հայրը բնաբան ունենալով «Միայն մի բան ասա, եւ իմ ծա-ռան կը բժշկւի» աւետարանական հատւածը, եւ անդրադառնալով Քրիստոսի հրաշագործ զօրութեան եւ Իր առաքեալներից մէկին հայոց թագաւոր Ս. Աբգարի մօտ ուղարկելու դրւագի մասին, խօսեց քրիստոնեայ կեանքում ամուր հաւատ ունենալու անհրաժեշտութեան վերաբերեալ, ապա գնատահեց մանկապարտէզ-նախակրթարանի պատասխանատուներին՝ աշակերտներին եկեղեցի բերելու ամենամեայ աւանդութիւնը յարգելու կապակցութեամբ, եւ իր խօսքն ուղղելով ներկայ սաներին, ողջունեց նրանց ներկայութիւնը եկեղեցում եւ ասաց. «Գեղեցիկ երեւոյթ է, որ մանկապարտէզ-նախակրթարանի սաներդ Ս. Աբգար թագաւորի տօնին ներկայանում էք եկեղեցի եւ երախտագիտութեամբ յիշում ու շնորհակալութիւն էք յայտնում Աբգարեան տոհմին, որոնց միջոցով նոյն այս եկեղեցու շրջափակում դպրոց է հիմնւել՝ ձեզ նման աշակերտներին կրթելու, ուսուցանելու եւ հայօրէն դաստիարակելու նպատակով: Ես մաղթում եմ, որ ինչպէս Աւետարանում նշւած հարիւրապետը եւ հայոց աւանդութեան մէջ յայտնի Աբգար թագաւորը խորը հաւատով վստահեցին Յիսուսին, դուք եւս նոյն ամուր հաւատով մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի մշտական բարեկամները եւ նրան վստահողները լինէք»:
Արարողութեան ընթացքում մանկապարտէզ-նախակրթարանի բոլոր սաներն ու ներկայ ժողովուրդը հաղորդութիւն ստացան:
Ս. պատարագից յետոյ, եկեղեցու բակում, Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց Վարչութեան կողմից գեղեցիկ փաթեթաւորմամբ մրգեր նւիրւեցին երեխաներին, որոնց պատրաստման աշխատանքն ինչպէս նախորդ տարիները կատարել էր մանկապարտէզ-նախակրթարանի Ծնողական Խորհուրդը:
Այնուհետեւ Տիկնանց յանձնախմբի միջոցով եկեղեցու սրահում տեղի ունեցաւ համեստ հիւրասիրութիւն, որի ընթացքում մանկապարտէզ-նախակրթարանի սաները խմբական եւ անհատական արտասանութիւններով բարեմաղթանքներ կատարեցին Ամանորի առթիւ: Իրենց երգերով գեղեցիկ մթնոլորտ ստեղծեցին նաեւ խմբավար Համիկ Ալեքսանդրեանը եւ Ռիթա Մկրտչեանը:
Հիւրասիրութեան աւարտին առաջնորդ Սրբազան Հայրն իր օրհնութիւնը փոխանցեց ներկաներին, յատկապէս մատաղ նոր սերնդի ներկայացուցիչներին՝ մաղթելով ուրախութեամբ եւ սիրով լեցուն կեանք եւ ամանորեայ անվերջ տրամադրութիւն: