ՆՒԻՐՒԱԾ Ս. ԱՄԵՆԱՓՐԿՉԵԱՆ ՎԱՆՔԻ ԵՒ ՆՈՐ ՋՈՒՂԱՅԻ ՀԱՅ ԿԱՆԱՆՑ ԳԹՈՒԹԵԱՆ ՄԻՈՒԹԵԱՆ ԲԱՐԵՐԱՐՈՒՀԻՆԵՐԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ

Չորեքշաբթի՝ նոյեմբերի 27-ի երեկոյեան ժամը 7:30-ին, Ն.Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» Միութեան սրահում, հովանաւորութեամբ Սպահանի Հայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանի եւ համատեղ նախաձեռնութեամբ Թեմի Քրիստոնէական Դաստիարակութեան Խորհրդի ու Նոր Ջուղայի Հայ Կանանց Գթութեան Միութեան, «Հայ Մօր Տարւայ» առթիւ տեղի ունեցաւ  դասախօսական-գեղարւեստական երեկոյ՝ նւիրւած  Ս. Ամենափրկչեան Վանքի եւ Հայ Կանանց Գթութեան Միութեան բարերարուհիների յիշատակին: Ծրագրին ներկայ էին՝ թեմակալ առաջնորդը, քահանայից դասը, ազգային մարմինների եւ ենթամարմինների,  Հայ Դատի Յանձնախմբի, հայոց ազգային դպրոցների ու միութիւնների ներկայացուցիչները եւ արւեստասէր ժողովուրդ:

 Երեկոյի բացումը կատարւեց օրւայ հաղորդավար Թովմա սրկ. Գալստանեանի միջոցով՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսի հռչակագրի հետեւեալ հատւածի ընթերցմամբ. «Հայ Մայրը Հայ ժողովրդի պատմութեան մայր էջի վրայ միշտ եղել է առանցքային ներկայութիւն: Նրա տիրական ներկայութիւնն ու իւրայատուկ դերակատարութիւնն ակներեւ են մեր կեանքի կրօնական, մշակութային, քաղաքական, հասարակական, մարդասիրական մարզերում ու նոյնիսկ ազատագրական պայքարում: Հնարաւոր չէ ամբողջական կերպով հասկանալ հայոց պատմութիւնը՝ առանց անդրադառնալու հայ մօր առաքելութեանը, եւ փոխադարձաբար՝ հնարաւոր չէ ճիշտ ու ամբողջական կերպով ըմբռնել հայ մօր եզակի դերը՝ առանց խորաթափանց ակնարկով քննելու հայոց պատմութիւնը»:

Այնուհետեւ ծրագրի առաջին բաժնում բեմ հրաւիրւեց օրւայ բանախօս տկն. Քառոլին Դիլանչեանը, ով սկզբում երախտագիտութեամբ յիշեց բարերարներին՝ համայնքի կազմակերպ կեանքի մէջ մեծ ներդրում ունենալու համար, եւ ասաց. «Եթէ Նոր Ջուղան ժամանակին ստացել է «Արտասահմանեան Հայաստան» տիտղոսը, դա եղել է այն բարեգործների շնորհիւ, ովքեր չեն խնայել իրենց նիւթականը, ժամանակը եւ աշխատանքը՝ մեր համայնքի այս կառոյցների ստեղծման ու պահպանման գործում»: Այնուհետեւ բանախօսն անդրադառնալով բարեգործութեանը՝ շարունակեց. «Դարեր մեր առաջնորդարանը պահպանւել ու հովանաւորւել է մեր ժողովրդի կողմից՝ կատարելու իր կրօնական, կրթական, բարեսիրական եւ այլ աշխատանքները: Այդ բնագաւառները ոչ միայն չեն պակսել, այլեւ մեծ մասամբ աւելացել են, բայց ցաւօք պակսել են մեր ազգային կեանքի հովանաւորների եւ բարերարների թիւը, մինչդեռ այս աշխատանքը պահանջում է համախմբւածութիւն՝ մեր կառոյցները կազմակերպ վիճակում պահելու եւ դեռ աւելիով զարգացնելու համար»:

Տկն. Դիլանչեանն իր խօսքի աւարտին կարեւորութեամբ ընդգծելով համազգային նշանակութեամբ իրագործումները՝ աւելացրեց. «Մենք՝ որպէս մի մասնիկը համահայկական մեծ ընտանիքի, մեծ անելիքներ ունենք Արցխում մեր տարած յաղթանակները եւ Արցախի մեր անկախութիւնն ամրագրելու ուղղութեամբ: Միւս մարտահրաւէրը սիրիահայութեան հարցն է: Բոլորս անշուշտ տեղեակ ենք, թէ ինչ մեծ դժւարութիւններ են դիմագրաւում նրանք, եւ թէ ինչ նշանակութիւն կարող է ունենալ ցանկացած օգնութիւն: Վստահ ենք մեր համայնքը չի զլանայ այդ ուղղութեամբ նաեւ բարեգործական աշխատանք կատարելու»:

Հայ մօրն առաւել վեհ ու գեղեցիկ ընծայ մատուցելու համար՝ ծրագրի կազմակերպիչներն ընտրել էին հայ երգը, որն հնչեց Հայաստանի վաստակաւոր երգչուհի՝ Աննա Մայիլեանի շուրթերից: Երգչուհին, ընկերակցութեամբ դաշնակահարուհի Էլեն Կիրակոսեանի, ներկայացրեց դասական, հոգեւոր եւ ժողովրդական երգերից կազմւած հարուստ երգացանկ՝ տաղանդաւոր կոմպոզիտորներ եւ երգահաններ՝ Կոմիտասից, Ռոմանոս Մելիքեանից, Բարսեղ Կանաչեանից, Անտոն Մայիլեանից, Ալեքսանդր Դոլուխանեանից, Կարպիս Ափրիկեանից, Պետրոս Ղափանցիից, Հայրիկ Մուրադեանից, Դանիէլ Երաժիշտից, Էդւարդ Միրզոյեանից, Էդւարդ Բաղդասարեանից, Գեղունի Չտչեանից եւ Նիկոլ Գալանդէրեանից:

Գեղարւեստական յայտագիրը կազմւած էր երկու մասից, որի ընդմիջման պահին հաղորդավարի միջոցով ընթերցւեցին Աննա Մայիլեանի եւ Էլեն Կիրակոսեանի կենսագրականներից համառօտ բաժիններ:

Ծրագիրն աւարտւեց առաջնորդ Սրբազան Հօր հայրական օրհնանքով: Գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանն սկզբում մատնանշեց հայ երգի զօրութիւնը, որով կարելի է զգալ ժողովրդի յոյզերն ու երազանքները, ապա կարեւորութեամբ անդրադարձաւ բարեգործութեանը՝ ասելով. «Թող Աստւած լուսաւորի նրանց հոգիները, ովքեր առյաւէտ հեռացան մեզանից: Մենք այսօր օգտւում ենք նրանց ժամանակին ներդրած լումաներից եւ պարտք ենք նրանց՝ այդ նւիրաբերման համար»

Թեմակալ առաջնորդն իր հայրական պատգամի աւարտին ասաց. «Առանց հայ մօր ստեղծագործութեան, հայ աշխարհը կը մատնւի ոչնչութեան: Զաւակների դաստիրակութեան կարեւորագոյն դերը մօր դերն է, նաեւ ընտանիքի կարեւորագոյն սիւնը մայրն է»:

Հարկ է նշել, որ սոյն երեկոյին իւրաքանչիւրին նւիրւեց «Ձօն՝ Հայ Մայրերին» գիրքը, որը տպագրւել է «Հայ Մօր Տարւայ» առթիւ՝ գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանի հրամանով եւ Քրիստոնէական Դաստիարակութեան Խորհրդի միջոցով: Գիրքը մի գեղեցիկ ծաղկաքաղ է հայ բանաստեղծների միջոցով հայ մօրն ու մայրական սիրուն նւիրւած բանաստեղծութիւններից: