Կիրակի` դեկտեմբերի 28-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան սրահում, Նոր Ջուղայի հայոց ազգային մանկապարտէզ-նախակրթարանի տեսչութեան եւ ուսուցչական կազմի համատեղ նախաձեռնութեամբ եւ կազմակերպութեամբ, տեղի ունեցաւ դպրոցի ամենամեայ ամանորեայ հանդէսը, որին որպէս հանդիսատես ներկայ էին Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն արքեպս. Չարեանը, ազգային մարմինների եւ դպրոցների ներկայացուցիչներն ու սաների հարազատները:
Սկզբում բացման խօսքով ելոյթ ունեցաւ դպրոցի տեսչուհի Քառոլին Դիլանչեանը, ով իր եւ դպրոցի անձնակազմի անունից շնորհաւորելով Ամանորը, մաղթեց, որ 2015 թւականը հայ ազգի համար լինի պահանջների հատուցման տարի, բոլորին ցանկացաւ երջանկութիւն ու յաջողութիւն, իսկ մանուկներին՝ մաքուր երազանքների իրականացում:
Տեսչուհու խօսքին յաջորդեցին երեխաների ներկայացումները, որոնք ոչ միայն յագեցած էին անմիջական եւ անկեղծ խօսքերով, երգերով ու պարային շարժումներով, այլեւ բարոյական պատգամներով ու ամանորեայ մաղթանքներով, ինչի համար կատարողներն արժանացան հանդիսատեսի բուռն ծափողջոյններին ու գնահատանքին:
Որպէս առաջին արար՝ մանկապարտէզի մեծ ու փոքր խմբակների՝ երկու Դեղինների եւ Մանուշակագոյնի սաների կատարմամբ, աւանդական պարերի, տարազների ու արտասանութիւնների միջոցով առանձնաբար ներկայացւեցին Անգլիա, Չինաստան, Իսպանիա եւ Հայաստան երկրների ժողովուրդը, յատկապէս նշելով, թէ ինչպէս են պատրաստւում դիմաւորել Ձմեռ պապիկին եւ Նոր տարին, իսկ իւրաքանչիւր երկիր այցելող Ձմեռ պապիկներն ու Ձիւնանուշիկները գեղեցիկ եւ իմաստալից պատգամներ փոխանցեցին ժողովրդին: Փոքրիկներն իրենց ներկայացմամբ, որը ողողւած էր նաեւ տօնական խմբական երգերով ու ասումնքներով, պատգամեցին, թէ մեծ ու լաւ նւէրներ ստանալուց եւ իրենց մանկական մաքուր երազանքների իրականացումից բացի, ցանկանում են աշխարհում լինի խաղաղութիւն եւ բոլորն ապրեն առողջ ու երջանիկ:
Մանկապարտէզի ներկայացմանը յաջորդեց նախակրթարանի աշակերտների ծրագիրը, որը նոյնպէս յագեցած էր բարոյական խրատներով, գեղեցիկ երգերով ու շարժումներով: Սկզբում երեխաները ցոյց տալով, որ չեն կարողանում ֆուտբոլ խաղալ աղբակոյտերով ծածկւած բակում, շրջապատը մաքուր պահելու պատգամը փոխանցեցին բոլորին: Այնուհետեւ բակը մաքրելուց յետոյ, նրանք երկու խմբերի բաժանւեցին եւ մեկնարկեց մի ֆուտբոլային մրցոյթ, որը ոչնչով չէր զիջում իրական մրցոյթին, քանի որ կային իրաւարար, դարբասներ, գնդակ եւ ի հարկէ խրախուսող ֆուտբոլասէր հանդիսատես: Մրցոյթն աւարտւելով, այս անգամ սաները ներկայացրին երեխաներ, ովքեր ցանկանում էին խաղալ սենեակում, սակայն նրանցից մի խումբը նախընտրում էր խաղալ աւանդական խաղալիքներով, իսկ միւս խումբը՝ համակարգչային խաղերով: Ի վերջոյ երբ պատահաբար անջատւում է էլեկտրահոսանքը եւ համակարգիչները դադարում են աշխատել, արդիական խաղերով զբաղւող մանուկները հասկանում են ինչքան էլ աշխարհը զարգանայ միեւնոյնն է ոչինչը չի կարող փոխարինել մանկական գեղեցիկ, պարզ ու գունագեղ աւանդական խաղալիքներին:
Յատկանշական է, որ իւրաքանչիւր արարի աւարտին Ձմեռ պապիկն այցելեց սաներին եւ գնահատելով նրանց կատարումները, փոխանցեց ամանորեայ մաղթանքներ ու նւիրեց գունագեղ մրգեր:
Միջոցառումը եզրափակւեց թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն արքեպս. Չարեանի հայրական պատգամով: Սրբազան Հայրն սկզբում բնաբան ունենալով «Կաթնակեր երեխայի բերանով իմացէք ճշմարտութիւնը» Աստւածաշնչեան խօսքը, ասաց, որ այսօր մենք մանկապարտէզ-նախակրթարանի փոքրիկների բերանով լսեցինք Նոր տարւայ գեղեցիկ աւետումն ու պատգամը:
Այնուհետեւ նա գնահատանքի խօսք ուղղելով մանկապարտէզ-նախակրթարանի տեսչութեանը, ուսուցչական կազմին եւ ծնողական խորհրդին՝ ձեռնարկի իրականացման ուղղութեամբ կատարած ջանադիր աշխատանքի կապակցութեամբ եւ յատուկ գնահատելով դպրոցի սաներին՝ իրենց գեղեցիկ կատարումների համար, շնորհաւորեց Ամանորը եւ ցանկացաւ, որ մանուկների դէմքերի ժպիտները վերանորոգեն մեր կամքը եւ զինեն բոլորիս, որպէսզի միակամ կեցւածքով 2015 թւականը հայ ժողովրդի համար դարձնենք արդարութեան յաղթանակի տարի:
Լուսանկարիչ՝ Գեւիկ Խաչատրեան