Երեքշաբթի՝ 2013 թւականի նոյեմբերի 12-ի առաւօտեան, Սպահանի Հայոց Թեմի թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանի գլխաւորութեամբ Ազգային Առաջնորդարանի կողմից մի պատւիրակութիւն այցելեց Սպահան նահանգի նորանշանակ նահանգապետ պրն. Ռասուլ Զառգառ-փուռին: Պատւիրակութեանը մաս էին կազմում Պատգամաւորական Ժողովի Դիւանի ատենապետ պրն. Վարուժ Մինասեանը, Թեմական եւ Կրօնական խորհուրդների ատենապետեր պրնյք. Նոէլ Մինասեանն ու Արշալոյս Խուդավերդեանը, եւ նոյն խորհուրդների անդամներ պրնյք. Մասիս Հայրապետեանը եւ Գարեգին Մարկոսեանը:
Պատւիրակութիւնը պրն. Զարգառ-փուռին հանդիպելուց առաջ, Նահանգապետարանի Արարողակարգային բաժնի պատասխանատուի ուղեկցութեամբ այցելեց Նահանգապետարանի շրջափակում մասնագիտական նորոգութեան յանձնւած եւ պատմա-մշակութային արժէք ունեցող մի շինութիւն, որն օգտագործւելու է իբրեւ պաշտօնական ընդունարան եւ արւեստի թանգարան: Ընդհանուր բացատրութիւններ տրւեց աշխատանքի ընթացքի եւ նպատակների մասին:
Պատւիրակութիւնը ջերմ ընդունելութիւն գտաւ նահանգապետի կողմից, ով սկզբում իր ողջոյնի եւ շնորհակալութեան խօսքն ասաց այցելութեան առթիւ: Առաջնորդ Սրբազան Հայրը ներկայացնելով պատւիրակութեան անդամներին, նրանց եւ Ազգային Առաջնորդարանի անունից շնորհաւորեց պրն. Զառգառ-փուռին՝ նահանգապետ նշանակւելու առթիւ: Նա վստահեցրեց, որ Սպահանի Հայոց Թեմի Առաջնորդարանը՝ իր ամբողջ ենթամարմիններով, ինչպէս նախորդ նահանգապետի, այնպէս էլ իր նկատմամբ բարեացակամ է եւ ամենիմաստ համագործակցութեան ոգով լցւած: Գերշ. Սրբազան Հայրը շեշտեց, որ հայ համայնքի եւ տեղացիների աւելի քան 400 տարի անցեալ եւ արմատ ունեցող խաղաղ համագոյակցութիւնը դեռ երկար է շարունակւելու իմաստուն պատասխանատուների ճիշտ մօտեցումների եւ որոշումների շնորհիւ: Թեմակալ առաջնորդը նաեւ նահանգի եւ երկրի ամբողջ պատասխանատուներին ցաւակցութիւն յայտնեց Մոհառամ ամսւայ սգոյ օրերի կապակցութեամբ:
Պրն. Զառգառ-փուռն իր անցեալի վարած պաշտօնների բերումով ծանօթ լինելով հայ ժողովրդին, մտերիմ եւ հաճելի զրոյցի ընթացքում իր անձնական յուշերից դրւագներ մէջբերելով՝ գնահատանքի եւ դրւատանքի խօսքեր ուղղեց հայ համայնքին: Պրն. նահանգապետն ընդհանուր գծերով ներկայացրեց նահանգապետարանի յառաջիկայ չորս տարիների ծրագրերը ե վստահեցրեց, որ այդ ուղղութեամբ լուրջ են վերաբերւելու Առաջնորդարանի կողմից տրւող առաջարկներին ու կարծիքներին, որոնք նպաստելու են Սպահան քաղաքի եւ նահանգի բարօրութեանն ու դժւարութիւնները փարատելու բազմածաւալ աշխատանքներին: Պրն. Զառգառ-փուռը շնորհակալութիւն յայտնեց Առաջնորդ Սրբազան Հօրը եւ Ազգային Առաջնորդարանի պատասխանատուներին, ովքեր երկրում կամ արտերկրում ունեցած պաշտօնական հանդիպումների ընթացքում ճիշտ եւ հարազատ կերպով են ներկայացնում Իրանում տիրող կարգավիճակը:
Նահանգապետի հետ զրոյցի ընթացքում, Թեմական Խորհրդի ատենապետ պրն. Նոէլ Մինասեանն եւս իր հերթին շնորհաւորեց նրան եւ յոյս յայտնեց, որ երկրում ստեղծւած հանդուրժողականութեան նոր քաղաքականութեան շնորհիւ առաջացած առաւել նպաստաւոր պայմաններում երկուստեք յարաբերութիւններն ու համագործակցութիւններն աւելի են զարգանալու եւ արդիւնաւէտ են դառնալու: Պրն. Մինասեանն անդրադարձաւ Երեւան-Սպահան քոյր քաղաքների միջեւ յարաբերութիւնների զարգացմանն ու գրեթէ դադարած աշխատանքների վերսկսման անհրաժեշտութեանը, շեշտելով որ Ազգային Առաջնորդարանը կարող է եւ պատրաստ է այս ուղղութեամբ միաւորող օղակ հանդիսանալ:
Մի շարք գործնական այլ հարցերի շուրջ մտքերի փոխանակումից յետոյ պատւիրակութիւնը հրաժեշտ տւեց պրն. Զառգառ-փուռին: