Ս. Գէորգ Զօրավարի տօնի առթիւ, Նոր Ջուղայի համանուն եկեղեցում կատարւեց երկօրեայ արարողութիւն՝ ուրբաթ եւ շաբաթ՝ սեպտեմբերի 27 եւ 28-ին, հաւատացեալ ժողովրդի մասնակցութեամբ:
Տօնի նախօրէին՝ ուրբաթ կէսօից յետոյ ժամը 3-ին, Ս. Գէորգ եկեղեցում, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ հոգշ. Տ. Անանիա վրդ. Գուճանեանի ձեռամբ եւ հոգեւորականաց դասի մասնակցութեամբ, տեղի ունեցան Աղօրհնէք եւ ոչխարների զենում, իսկ երեկոյեան ժամը 6-ին՝ Հսկումի արարողութիւն:
Շաբաթ՝ սեպտեմբերի 28-ին, Ս. Գէորգ Զօրավարի տօնի օրը, որը նաեւ Նոր Ջուղայի Ս. Գէորգ եկեղեցու անւանակոչութեան տօնն է, առաւօտեան Ս. Պատարագ մատուցւեց ձեռամբ հոգշ. Տ. Անանիա վրդ. Գուճանեանի, մասնակցութեամբ քահանայից եւ դպրաց դասերի: Երգեցողութեամբ հանդէս եկաւ Ս. Ամենափրկչեան Վանքի «Կոմիտաս» երգչախումբը:
Պատարագի ընթացքում յաւուր պատշաճի քարոզեց պատարագիչ Հայր Սուրբը: Նա սկզբում անդրադառնալով սուրբերի դերակատարութեանը մեզանից իւրաքանչիւրի կեանքում՝ ասաց. «Նրանք մեր կեանքում մնայուն եւ ամենօրեայ դերակատարութիւն ունեն, որովհետեւ մարդ արարածն ինչքան էլ կարողանայ մօտիկ լինել Աստծուն, խօսել եւ յարաբերութեան մէջ մտնել Տիրոջ ու երկնքի հրեշտակների հետ, կը մնայ նոյն այն մեղաւոր մարդը, որը կամայ թէ ակամայ մեղքի մէջ է ընկնում. դրա համար են բարեխօս սուրբերը, ովքեր Տիրոջ սեղանի առաջ գնալով՝ բարեխօսում են մեր մեղքի համար եւ թողութիւն խնդրում: Ահա այս պատճառով է, որ սուրբերը կարեւոր են մեր կեանքում»:
Այնուհետեւ Հայր Սուրբն իր պատգամի շարունակութեան մէջ յիշելով Ս. Գէորգ Զօրավարին՝ նշեց, որ նա մեր մտքերում դրոշմւել է որպէս բարեխօս, հոգու զօրութիւն ունցող ու վստահելի սուրբ, եւ աւելացնելով, որ ներկայ պայմաններում մարդիկ առաւել կարիք ունեն սուրբերի բարեխօսութեանը՝ յորդորեց հաւատացեալներին՝ իրենց ներկայութիւնը եկեղեցիներում շատացնել: Նա վերջում իր եւ Սպահանի Հայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանի անունից շնորհաւորեց տօնի կապակցութեամբ եւ գնահատանքի խօսք ուղղեց Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց Վարչութեանն ու բոլոր դերակատար յանձնախմբերին եւ անհատներին՝ տօնին առնչւող ծրագրերի լաւագոյն կազմակերպման համար:
Ս. Պատարագի աւարտին Հայր Սուրբը հոգեւորականց դասի մասնակցութեամբ, Ս. Գէորգ Զօրավարի աջի օրհնութեամբ կատարեց Ջրօրհնէքի արարողութիւն, որից յետոյ ներկայ հաւատացեալներն ստացան օրհնւած ջրից:
Այնուհետեւ եկեղեցու բակում տեղի ունեցաւ Մատաղօրհնէքի արարողութիւնը եւ Մատաղի Յանձնախմբի միջոցով պատրաստւած հարիսան բաժանւեց ժողովրդին:
Յատկանշական է, որ ուխտաւոր ներկաներից ոմանք տարիների աւանդութեան համաձայն, տօնին նախորդող գիշերները գիշերել էին եկեղեցու բակում, իսկ ոմանք էլ իրենց խորհուրդը կատարել էին նիւթական նւիրատւութեամբ եւ մատաղացուներ նւիրելով: