Ս. Ամենափրկչեան վանքի «Ս. Յովսէփ Արեմաթացի» եկեղեցու կառուցման 350-ամեակի ծրագրերի շրջագծում, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա շնորհազարդ Վեհափառ Հայրապետի ձեռամբ, Թեհրանի, Սպահանի, Ատրպատականի հայոց թեմերի թեմակալ առաջնորդների, Թեհրանի եւ Սպահանի հայոց թեմերի հոգեւորականաց դասի, Թեմի ազգային մարմինների, համայնքի անդամների եւ Նոր Ջուղայի ու Շահինշահրի հայ աշակերտութեան ներկայութեամբ, 2014 թւականի հոկտեմբերի 20-ի կէսօրին՝ ժամը 12:20-ին, վերանորոգւած գրադարանի հանդիսաւոր բացումը կատարւեց:

Ծրագրի սկզբում, «Ս. Ներսէս Շնորհալի» անւան գրադարանի մուտքի առջեւ, Թեմական խորհրդի եւ «Ս. Յովսէփ Արեմաթացի» եկեղեցու 350-ամեակի նշման յանձնախմբի համադրող անդամ տկն. Քառոլին Դիլանչեանը համապարփակ բացատրութիւն տւեց գրադարանի նորոգութեան աշխատանքների մասին:

Ապա Վեհափառ Հայրապետն իր հայրական պատգամը փոխանցեց ներկաներին՝ հայապահպանման եւ եկեղեցական-ազգային կեանքի զարգացման ճանապարհին հայ դպրութեան ու գրականութեան կարեւորագոյն դերին ակնարկելով: Արամ Ա Կաթողիկոսն իր խօսքի մէջ այսպէս շեշտեց. «Ս. Ներսէս Շնորհալի գրադարանը սոսկ գրքեր պարունակող շէնք պէտք չէ նկատել, այլ ինչպէս «Ս. Յովսէփ Արեմաթացի» եկեղեցին դարեր շարունակ եղել ու շարունակում է մնալ մեծ արժէք ներկայացնող սրբավայր, նոյն կերպով էլ այս գրադարանը համարւում է մի այլ սրբավայր, որն արգասիքն է մեր նախնիների զոհողութիւնների, քանի որ նրանք իրենց կեանքի գնով պահել ու պահպանել են հայ գիրն ու գրականութիւնը»:

Հայրապետական պատգամից յետոյ, Արամ Ա Կաթողիկոսի, Սպահանի հայոց թեմի թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանի եւ Թեմական խորհրդի ատենապետ պրն. Նոէլ Մինասեանի ձեռաբ հատւեց գրադարանի մուտքի ժապաւէնը եւ պաշտօնական վերաբացումը կատարւեց: Ապա Վեհափառ Հայրապետը եւ ծրագրին մասնակցող անձինք մուտք գործեցին գրադարան, որտեղ գրադարանավարուհի՝ օրդ. Վերգինէ Միրզախանեանը, գրադարանի զանազան բաժինները ներկայացրեց եւ նոր տեղադրւած հնարաւորութիւնների ու տեխնոլոգիայի մասին բացատրութիւններ փոխանցեց՝ պատասխանելով Վեհափառ Հայրապետի հարցումներին եւ գործնականապէս փորձարկելով համակարգի աշխատանքն ու օգտագործման եղանակը:

Գրադարանի վերաբացման ծրագրից յետոյ, շնորհազարդ Վեհափառ Հայրապետը եւ հոգեւոր հայրերը «Խաչատուր Կեսարացի» անւան թանգարանի առջեւ լուսանկարւեցին ծրագրին մասնակցած Շահինշարի եւ Նոր Ջուղայի հայ աշակերտութեան հետ:

***

Իբրեւ տեղեկութիւն յայտնենք, որ 1905-6 թւականներին, Նոր Ջուղայի ազգային առաջնորդարանում՝ Ս. Ամենափրկչեան վանքում, կառուցւում է մի առանձին շէնք՝ «Ս. Ամենափրկչեան Մատենադարան»-ը: 1972 թւականին, օրւայ թեմակալ առաջնորդ Գարեգին եպս. Սարգսեանի ջանքերով նորոգւում է այն: Մինչեւ 1974 թւականը, գրադարանը յատուկ անուն չի ունեցել. վերոյիշեալ թւականին, երբ նշւում էր Ս. Ներսէս Շնորհալու վախճանման 800-ամեակը, մի պատշաճ հանդիսութեամբ, նախաձեռնութեամբ օրւայ առաջնորդ Մեսրոպ վրդ. Աշճեանի, այն անւանւել է «Ս. Ներսէս Շնորհալի»:

Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի որոշումով եւ հանգուցեալ աստղագէտ Ալենուշ Տէրեանի կտակած նիւթական միջոցներով, «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանը հիմնական նորոգութեան ենթարկւեց 2014 թւականին, համալրւեց արդիական-համակարգչային համակարգով եւ նորովի կազմւեցին ու թւայնացւեցին գրքերի ցուցակները:

«Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանում նոր բաժին է նախատեսւել մատաղ սերնդի ընթերցանութեան համար, նաեւ ստեղծւել է կայք, որը գրադարանի գրքացանկից եւ Հայաստանի հանարպետութեան Ազգային գրադարանի թւայնացւած գրքերից առցանց օգտւելու հնարաւորութիւն է տալու ցանկացողներին: 

Յատկանշելի է, որ տարիների գրադարանավար՝ Հանգ. Լեւոն Մինասեանի անունը անմահացնելու եւ գրադարանում նրա թողած վաստակն ու աւանդը յաւերժացնելու նպատակով, Թեմական Խորհրդի որոշմամբ, գրադարանի ընթերցասրահը կոչւել է նրա անւամբ: