Երէկ՝ հոկտեմբերի 18-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Յովսէփ Արեմաթացի» եկեղեցու 350-ամեակին նւիրւած միջոցառումներին մասնակցելու ու նախագահելու նպատակով, Սպահան ժամանեց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը՝ ընկերակցութեամբ  Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, նոյն թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Մակար եպս. Աշգարեանի եւ գաւազանակիր Տ. Նշան աբղ. Լախոյեանի: 

Վեհափառ Հայրապետին Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ Վանքի մուտքի մօտ դիմաւորեցին Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն եպս Չարեանը, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանը, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ Տ. Անանիա վրդ. Գուճանեանը, քահանայից եւ դպրաց դասերը, թեմի ազգային մարմինների ու շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչները:  

Սկզբում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետն օրհնելով աւանդական աղ ու հացը, որը մատուցեց Նոր Ջուղայի տարազով զգեստաւորւած հայուհին, վաստակաւոր ազգայինների միջոցով պահւող ամպհովանիի ներքոյ եւ եկեղեցու զանգերի հնչումով, ժողովրդի ծափողջոյններով ու Ս. Ա. վանքի «Կոմիտաս» երգչախմբի միջոցով կատարւող «Հրաշափառ» շարականի ներքոյ, անցաւ պատւի առած սկաուտների շարքերից եւ մուտք գործեց վանքի «Ս. Յովսէփ Արեմաթացի» եկեղեցի, ուր կատարեց կանոնական աղօթքը:

Ապա Արամ Ա Կաթողիկոսը մօտեցաւ Մեծ Եղեռնի բիւրաւոր նահատակների յիշատակը յաւերժացնող յուշարձանին եւ ծաղկեպսակ զետեղեց այնտեղ, որից յետոյ  ողջոյնի խօսքով հանդէս եկաւ Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն եպս. Չարեանը: Սրբազան Հայրն իր ուրախութիւնը յայտնելով Արամ Ա Վեհափառի շնորհաբեր այցելութեան կապակցութեամբ՝ կարեւորութեամբ անդրադարձաւ Կիլիկիոյ կաթողիկոսութեան եւ Վեհափառ Հայրապետի կողմից իրականացւող միջազգային մակարդակի  աշխատանքներին:

Ողջոյնի խօսքին յաջորդեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի հայրապետական օրհնութիւնն ու պատգամը: Վեհափառ Հայրապետը նախ իր ուրախութիւնը յայտնեց Ս. Ա. Վանքի «Ս. Յովսէփ Արեմաթացի» եկեղեցու 350-ամեակը թեմի ժողովրդի հետ միասնաբար նշելու կապակցութեամբ: Ապա, շարունակութեան մէջ, դրւատանքի խօսք ուղղելով սոյն եկեղեցին կառուցողներին եւ երկար տարիների ընթացքում այն պայծառացնողներին, կարեւորութեամբ շեշտեց, որ անցեալին նայելուց եւ նրանով հպարատանլուց բացի՝ անցեալով հզօրացած ու վերակենսաւորւած, վերանորոգ հաւատքով ու նւիրումով պէտք է քայլենք դէպի լուսաւոր ապագայ: 

Վեհափառ Հայրապետն իր խօսքի երկրորդ բաժնում անդրադառնալով Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակին, յայտարարեց, որ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը՝ որպէս հայ ժողովրդի պահանջատիրական կամքի թարգման, պատմութեան մէջ առաջին անգամը լինելով, դատ է բացելու ցեղասպան Թուրքիայի դէմ՝ Սիսի կաթողիկոսարանը հայ եկեղեցուն ու հայ ժողովրդին վերադարձնելու պահանջով:

Վերջում ներկայ հոծ բազմութիւնը խուռներամ շարքեր կազմեց վանքի «Խաչատուր Կեսարացի» անւան թանգարանի մուտքի մօտ՝ Վեհափառ Հայրապետի աջն առնելու համար:

Լուսանկարիչ՝ Գեւիկ Խաչատրեան

{gallery}photo_report/2014_10/02_aram_nor_jugha{/gallery}