Կիրակի՝ 12 Հոկտեմբեր 2014 թւականին, տեղի ունեցաւ Թեմական Խորհրդի մամլոյ ասուլիսը՝ Ն. Ջ. Ս. Ա. Վանքի “Ս. Յովսէփ Արեմաթացի” եկեղեցու 350-ամեակի միջոցառումների վերաբերեալ:
Գերշ. Տէր Բաբգէն Եպս. Չարեանը ողջունելով լրատւամիջոցների ներկայացուցիչների ներկայութիւնը, մատնանշեց նրանց կարեւոր առաքելութեանը՝ հասարակական, քաղաքական եւ տնտեսական կեանքում առկայ խնդիրների լուսաբանման եւ ներկայացման ուղղութեամբ: Ապա անդրադառնալով 400-ամեայ Ս. Ա. Վանքի հոյակերտ կառոյցին, յայտնեց, որ այն վառ ապացոյցն է Իրանի իսլամ եւ քրիստոնեայ ժողովրդի համագոյակցութեան եւ փոխըմբռնման:
Թեմակալ Առաջնորդը նշելով, որ Ս. Ա. Վանք այցելող օտարերկրացի այցելուները հիանում ու իրենց զարմանքն են արտայայտում իսլամական երկրում նման քրիստոնէական կառոյցի գոյութեան մասին, յայտնեց. “Ցանկանում եմ այս առիթով յանուն ազգային իշխանութեան, ժողովականութեան եւ ողջ ժողովրդի շնորհակալութիւն յայտնել Իրանի բարձրաստիճան այրերին եւ պատասխանատուներին, որոնք նախանձախնդիր վերաբերմունք ենք ցուցաբերում Իրանում հայ ժողովրդի մշակութային հարստութեան պահպանման նկատմամբ”: Նա աւելացրեց. “Մինչ Իրանի կառավարութիւնը ամէն կերպ փորձում է պահպանել այս յուշակոթողները, Արաքս գետի միւս ափին, Ադրբեջանի իշխանութիւնները ոչնչացնում են միջնադարեան խաչքարերի ամենաարժէքաւոր նմուշները”:
“Այս տօնը, որին իր ներկայութեամբ մեծ շուք է հաղորդելու Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառը, եւ որին ներկայ են լինելու Իրանի ու Հայաստանի բարձրաստիճան պետական այրեր, առիթ է մէկ անգամ եւս ապացուցելու եւ առաւել ամրապնդելու Իրան-Հայաստան արդէն իսկ ամուր հիմքերի վրայ գտնւող բարեկամական կապերը”: Թեմակալ Առաջնորդը այսպէս շարունակելով իր խօսքը շնորհաւորեց Իրանի հոգեւոր առաջնորդին, նախաագահին, երկրի ու նահանգի պատասխանատուներին եւ ողջ ժողովրդին “Ղադիր” տօնի կապակցութեամբ, մաղթեց առաւել խաղաղութիւն, անդորրութիւն եւ զարգացում երկրին եւ առողջութիւն ու խաղաղ կեանք՝ ժողովրդին:
Այնուհետեւ արտայայտւեց Թեմական Խորհրդի ատենապետ Պրն. Նոէլ Մինասեանը, ով համապարփակ ներկայացրեց 350-ամեակի միջոցառումների ծրագիր-ժամանակացոյցը: Նա կարեւորելով այս ծիրում նախատեսւած խորհրդաժողովը, տեղեկացրեց, որ այս ժողովին զեկոյցներով հանդէս են գալու Իրանից, Հայաստանից եւ արտասահմանից հրաւիրւած մտաւորականներ, ինչպէս նաեւ ՀՀ-ում Իրանի Իսլ. Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան՝ Պրն. Ռէիսին, նաեւ հրաւիրւած են Սպահան նահանգի նահանգապետը, քաղաքապետը, Մշակութային Ժառանգութեան Պահպանման կազմակերպութեան, Իսլ. Մշակոյթի եւ Առաջնորդութեան գրետաեսչութեան եւ այլ կառոյցների պատասխանատուներ, համալսարանների դասախօսներ եւ այլոք:
Իր խօսքերի շարունակութեան մէջ Պրն. Նոէլ Մինասեանը յայտնեց, որ այս յոբելենական հանդիսութիւնները, յատկապէս խորհրդաժողովը, խթանելու են արեւմտեան երկրների կողմից Իրանի նկատմամբ տարւող հակաքարոզչութեան չէզոքացմանը, Իրանի Իսլամական Հանրապետութիւնում ապրող իսլամ-քրիստոնեայ կրօնների համակեցութեան ընդգծմանը եւ Իրան-Հայաստան մշակութային, կրթական, տնտեսական եւ այլ ոլորտների յարաբերութիւնների առաւել ամրապնդմանը: Նա աւելացրեց. “Բարեբախտաբար միջոցառումների թւականը զուգադիպել է ՀՀ վարչապետ՝ Յովիկ Աբրահամեանի Իրան կատարելիք այցի հետ, եւ առիթ է ընձեռւել, որպէսզի նա եւ իրեն ընկերակցող պատւիրակութիւնը եւս մասնակից դառնան յոբելենական ծրագրին, որը մեծ պատիւ է բոլորիս համար”:
Ներկայացւած ծրագրի մանրամասնութիւնների վերաբերեալ եղան հարցումներ, որոնց պատասխանեց Պրն. Նոէլ Մինասեանը: Լրագրողների այն հարցումին, թէ այս խորհրդաժողովը ինչքանով է ծառայելու իր նպատակին, Սրբազան Հայրը պատասխանեց. “Խորհրդաժողովը այնքանով է ծառայելու իր նպատակին, որ ապացուցելու է Իրանում բնակւող փոքրամասնութիւնների իրաւունքների ոտնահարման ուղղութեամբ արեւմտեան երկրների կողմից տարւող մեկնաբանութիւնների անհաւաստիութիւնը, եւ հաստատելու է, որ այս երկրում բոլոր կրօնական փոքրամասնութիւններն ունեն իրենց ազատութիւնն ու իրաւունքները, որի վառ ապացոյցն է 350-ամեայ անցեալ ունեցող այս եկեղեցին, իսկ խորհրդաժողովին մասնակից տարբեր երկրներից ժամանած հիւրերը այս ճշմարտութեան հարազատ թարգմանն են հանդիսանալու իրենց երկրներում”:
Ծրագրի շրջանակներից դուրս հնչեցին հարցումներ, որոնցից մատնանշելի են որպէս ցեղասպանութիւն տեսած ազգ մեր մօտեցումը “ԴԱԷՇ” ահաբեկչական խմբաւորման գործողութիւնների նկատմամբ, իրանահայ համայնքի առջեւ ծառացած մարտահրաւէրները, ազգային դրւածքի ու նրա ենթակայ կառոյցների գործունէութիւնը, որոնց ընդհանուր գծերով պատասխանեցին Թեմակալ Առաջնորդը եւ Պրն. Նոէլ Մինասեանը:
Յատկանշելի է, որ մամլոյ ասուլիսին ներկայ էին “ԻՍՆԱ”, “ԻՌՆԱ”, “Ֆարս”, “Թասնիմ”, “Մեհր”, “Զայանդէռուդ”, “Էթելաաթ” եւ “Էսֆահան էմռուզ” լրատւամիջոցների ներկայացուցիչները: