21 սեպտեմբերի 2014-ին ԴԱՀԵՇ ահաբեկչական խմբաւորման կողմից պայթեցւեց Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակին կառուցւած եւ Մեծ Եղեռնի բազմաթիւ մասունքներ ամփոփող Դեր Զորի Սրբոց Նահատակաց յուշահամալիրի պատմական եկեղեցին:
Մշակութային ցեղասպանութեան այս վառ դրսեւորումը Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի նախաշէմին եւ Հայաստանի հանրապետութեան անկախութեան օրւան, վկայում է հայ ժողովրդի դարաւոր թշնամի՝ Թուրքիայի պետութեան եւ նրա կողմից հովանաւորւող ահաբեկչական այդ խմբաւորման անասելի վայրագութեան քաղաքական շարժառիթների մասին:
Սպահանի հայոց թեմի ազգային մարմինները դատապարտելով մարդկային քաղաքակրթութեան դէմ իրագործւած այս ոճիրը կոչ են անում միջազգային հանրութեանը միջոցներ խորհելու նմանօրինակ ոճրագործութիւնները կանխելու, եւ այդ ոճրագործութիւնների հովանաւորներին ու աջակիցներին պատժելու ուղղութեամբ:
ԴԻՒԱՆ
ՍՊԱՀԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
25 Սեպտեմբեր 2014