Հայոց ցեղասպանութեան 110-ամեակի առիթով, հինգշաբթի՝ ապրիլի 24-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում տեղի ունեցաւ բանախօսական-գեղարւեստական երեկոյ:
Միջոցառմանը ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Արք. Քէչէճեանը, Իրանի Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Գեղարդ Մանսուրեանը, Հայաստանից ժամանած օրւայ բանախօս, Հ.Յ.Դ. Գերագոյն մարմնի անդամ Իգոր Սարգսեանը, ազգային մարմինների եւ շրջանի Հայ Դատի յանձնախմբի անդամներն ու ժողովուրդ:
Երեկոն հանդիսավարեց Շաղիկ Մատթէոսեանը, ով իր խօսքում ընդգծեց. «Համոզւած ենք մեր ժողովուրդը կանգնած է յամառօրէն պայքարելու մարտահրաւէրի առաջ: Հայաստանի ամէն մի կտոր հողը պաշտպանելու, Արցախում մեր ապրելու իրաւունքը վերագտնելու եւ մեր պետականութիւնը պահպանելու համար ստիպւած ենք չյուսահատւել, ստիպւած ենք միասնականութիւն ցուցաբերել եւ անկոտրում պայքար մղել պատմական արդարութիւնը վերականգնելու համար»:
Այնուհետեւ օրւայ բանախօս Իգոր Սարգսեանն իր խօսքի սկզբնական բաժնում նշելով, որ Հայոց ցեղասպանութիւնը սկսել է ոչ թէ 1915-ից եւ դրանից մէկ տարի առաջ, այլ դարեր առաջ էլ նոյնպէս փորձեր են եղել հայ ժողովրդին վերացնելու համար, ընդգծեց, թէ հայը ոչ միայն ապրելու եւ գոյատեւելու է, այլ նաեւ մօտ ապագայում առաւել հզօր է դառնալու եւ արցախահայութեան բռնի տեղահանութիւնը մեր վերջին ցեղասպանութիւնն է լինելու, քանի որ հայ ժողովուրդը Աստծուն իր հոգում պահելով, զէնքը ձեռքից չգցելով եւ դաւաճաններին իր միջից հեռացնելով կարողանալու է վերականգնել կորցրածը:
Նա իր խօսքի շարունակութեան մէջ շնորհակալութիւն յայտնեց պարսիկ ժողովրդին, ի մասնաւորի Իրանի առաջնորդին, պետական պատշօնատարներին ու զինւորականներին, որ Հայաստանի բարեկամը լինելով, պահպանում են երկու երկրների միջեւ սահմանը եւ ողջախոհ դիրքորոշումներ են ցուցաբերում Սիւնիքի եւ Արցախի նկատմամբ:
Պրն. Սարգսեանը շեշտելով, որ անցնող օրերի ընթացքում մեծ բաւականութիւն է զգացել Նոր Ջուղայի ոգեկոչման ծրագրերից, շեշտեց, թէ բոլորի պարտականութիւնն է յաջորդ սերունդների համար լինել պատասխանատու եւ կոչ արեց երիտասարդներին ապրել եւ ընտանիք կազմելով պահպանել հայկական գեները, սակայն միշտ յիշեալ, որ ապրելը պիտի լինի պատւով, իսկ պատւով ապրելու համար պայքարը անխուսափելի է:
Գեղարւեստական բաժնում ելոյթ ունեցաւ Ս. Ամենափրկիչ վանքի «Տաթեւ» երգչախումբը՝ «Թաթուլի երգը», «Ապրիլեան նահատակներուն», «Սարգիս Կուկունեանի երգը», «Ոգերգ նահատակաց», «Սուլուխ Սերոբի երգը» եւ «Յեղափոխական երգերի շարան» կատարումներով:
Մենակատարումների շարանում «Հով արէք սարեր»-ը մեներգեց Համիկ Ալեքսանդրեանը, «Արի իմ սոխակ»-ը՝ Արսինէ Մարգարեանը, «Հիմի էլ լռենք»-ը՝ Ասպետ Մարգարեանը, իսկ «Թռչէի մտքով տուն»-ը կատարեց Արեգա Յարութիւնեանը:
Յատկանշական է, որ խումբը ղեկավարում էր մայեստրօ Համիկ Ալեքսանդրեանը, ով դաշնամուրի նւագակցութեամբ ընկերակցում էր երգչախմբին եւ իրականացրել էր կատարումների մշակումն ու գործիքաւորումը:
Աւարտին իր խօսքն ասաց թեմակալ Առաջնորդ Սրբազան Հայրը:
Ահա մի հատւածի մէջբերում Սրբազանի խօսքից:
«Այսօր, սիրելի հարենակիցներ ու հայորդիներ, աւելի քան երբեք, անհրաժեշտ է ու էական, որ մենք լաւագոյնս ճանաչենք մեր թշնամուն, որպէսզի թօթափենք մեր պարզամտութիւնը եւ դուրս գանք մեր երեւակայական աշխարհից: Լինենք ո՛չ թէ մեր թշնամու նման, այլ նրան գերազանցող աստիճանի խելացի, ուշիմ, իմաստուն, զգօն, խոհեմ, շրջահայեաց, խորաթափանց, հեռատես, իրապաշտ ու դիւանագէտ, որպէսզի կարողանանք նախապատրաստւել առաւելագո՛յն կերպով. մեր պողպատեայ ջղերը լարենք անխոնջ աշխատանքի եւ անդուլ պայքարի համար. աննահանջ, այլեւ անզիջող առաջխաղացութեամբ հետապնդենք Հայ Դատը եւ հասնենք մեր նպատակին, ի վերջոյ ազգովի՝ մէ՛կ միտք, մէ՛կ սիրտ, մէ՛կ հոգի ու մէ՛կ ամբողջութիւն դարձած, միահամուռ բացագանչենք, ասելով՝ յիշում ենք, դատապարտում ենք եւ պահանջում ենք արդարութիւն»:
Նշելի է, որ Հ.Յ.Դ. «Թադէոս Թադէոսեան» պատանեկան միութեան անդամները այստեղ եւս շարունակեցին իրենց աշխատանքը՝ ներկաներին լուսանկարելով Ադրբեջանում բանտարկւած հայ ռազմագերիների ազատութիւնը պահանջող որմազդներով:
Թղթակից (Նոր Ջուղա)