Շաբաթ՝ ապրիլի 19-ի երեկոյեան, Ս. Յարութեան տօնի Ճրագալոյցը նշւեց Նոր Ջուղայի «Ս. Ստեփանոս» եւ «Ս. Մինաս», իսկ Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» եկեղեցիներում: Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Արք. Քէչէճեանը նախագահեց «Ս. Մինաս» եկեղեցու արարողութեանը, ուր պատարագիչ հայրն էր արժ. Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանը:

Ընթացքում որպէս քարոզ Սրբազան Հայրն ընթերցեց Ս. Յարութեան տօնի առթիւ իր պատգամը: Սրբազան Հօր պատգամը ընթերցւել է նաեւ վերոնշեալ միւս եկեղեցիներում:

Ահա մի հատւածի մէջբերում սոյն պատգամից.

«Կեանքում շատ են արգելքները, որոնցից հաւանաբար մենք եւս անկապ ու անմասն չենք, սակայն փորձենք նայել թէ ինչպիսի՞ արգելքների դիմաց ենք կանգնած եւ որքանո՞վ դրանց ճնշմանն ենք ենթարկւած: Մեր արգելքներն արտաքի՞ն են թէ ոչ՝ ներքին. օտարների՞ կողմից են, թէ ոչ՝ մեր կողմից. իրակա՞ն են, թէ ոչ՝ երեւակայական եւ շինծու. մեր շրջապատը մեզ քաջալերում է ստրկանա՞լ դրանց դիմաց, թէ ոչ պայքարել՝ յաղթահարելու համար: Պէտք է իմանալ եւ գիտակցել, որ կեանքում ո՛չ մի անքակտելի կամ անխափանելի արգելք գոյութիւն չունի, այլ կարելի է բոլորը բեկանել ու վերացնել»:

Կիրակի՝ ապրիլի 20-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Յովսէփ Արիմաթացի» եկեղեցում, ձեռամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Արք. Քէչէճեանի, մատուցւեց Սուրբ եւ Անմահ Պատարագ՝ Յիսուս Քրիստոսի Ս. Յարութեան տօնի առիթով:

Ընթացքում, քարոզախօսութեան փոխարէն, թեմակալ Առաջնորդ Սրբազան Հօր միջոցով ընթերցւեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի պատգամը՝ տօնի առթիւ, որից ստորեւ մէջբերում ենք.

«Քրիստոսի յաղթական յարութեան նշումը սոսկ անցեալին պատկանող դէպքի տօնախմբութիւնը չէ։ Քրիստոսն Իր խորհրդական մարմնի՝ Եկեղեցու ճամբով աշխարհին յաղթելու պայքարը շարունակում է։ Քրիստոնեան կոչւած է մասնակից լինելու այս պայքարին։ Հեռու մնալ այս քրիստոսակենտրոն պայքարից, նշանակում է ենթակայ լինել չարի եւ մեղքի իշխանութեան։ Յարուցեալ Քրիստոսը մեզ հրաւիրում է աշխարհին յաղթելու պայքարը վերածելու հաւատքի յանձնառութեան՝ յոյսով շաղախելով, սիրով լցնելով, բարի գործերով հարստացնելով մեր կեանքը. այլ խօսքով՝ յաղթական ու յարուցեալ Քրիստոսն ապրելով մեր կեանքի մէջ»:

Վեհափառ Հայրապետի պատգամն ընթերցւել է նաեւ Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» եկեղեցում՝ տօնի առթիւ մատուցւած Սուրբ Պատարագի ընթացքում:

 

Թղթակից (Նոր Ջուղա)