Երեքշաբթի՝ ապրիլի 15-ի երեկոյեան, Նոր Ջուղայի «Ս. Գրիգոր Լուսաւորիչ» եւ «Ս. Մինաս», իսկ Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» եկեղեցիներում տեղի ունեցաւ Աւագ երեքշաբթի օրւայ՝ Տասը կոյսերի առակի յիշատակի օրւայ արարողութիւնը:

Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Արք. Քէչէճեանը նախագահեց «Ս. Գրիգոր Լուսաւորիչ» եկեղեցու կարգին:

Ընթացքում ընթերցւեց պատկան աստւածաշնչական դրւագներն ու սուրբգրային հատւածները, իսկ վերջին ընթերցման պահին պարմանուհիների կատարմամբ մարմնաւորւեց Տասը կոյսերի առակը:

Արարողութեան աւարտին Սրբազան Հայրն անդրադառնալով Նոյ նահապետի պատմութեանը եւ արարողութեանը մասնակից աշակերտուհիներին Նոյի հարազատ թոռնիկներ անւանելով, շարունակեց, թէ ինչպէս առակի տասը կոյսերը՝ այս աշակերտուհիները նոյնպէս իմաստութիւն խորհրդանշող վառւած լապտերով, վկայում են իրենց սրբութեան եւ մաքրութեան մասին: Նա յորդորեց նրանց, որ միշտ Աստծոյ ճանապարհը բռնած, առաջնորդւեն Աստծոյ իմաստութեամբ՝ երկնքի արքայութեանը արժանանալու համար:

Յատկանշական է, որ առակը մարմնաւորող օրիորդների մասնակցութիւնն ապահովելու հարցում թեմի Կրօնական խորհրդի հետ համագործակցել էին Նոր Ջուղայի հայոց ազգ. «Արմէն» տարրական եւ «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցների տնօրէնութիւնները՝ տարրական դպրոցի աշակերտուհիները մասնակցելով «Ս. Գրիգոր Լուսաւորիչ», իսկ միջնակարգ դպրոցինը՝ «Ս. մինաս» եկեղեցիների արարողութիւններին:

 

Թղթակից (Նոր Ջուղա)