Նախաձեռնութեամբ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտ. վարչութեան, կազմակերպութեամբ Գարնանային խաղերի կազմակերպիչ յանձնախմբի եւ համագործակցութեամբ կազմակերպիչ միութեան բոլոր միաւորների, մարտի 19-ից 24-ը, իրականացւեց Իրանահայ 34-րդ Գարնանային խաղերը, որոնք այս տարի նւիրւած էին Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան հիմնադրման 70-ամեակին:

 

Ջահի բոցավառում եւ օրհնում

 

Երեքշաբթի՝ մարտի 18-ի կէսօրին, Ս. Ամենափրկիչ վանքում, Հայոց Ցեղասպանութեան սուրբ նահատակների յիշատակը յաւերժացնող յուշարձանի անմար կրակով, ձեռամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Արք. Քէչէճեանի եւ «Արարատ» միութեան Կենտ. վարչութեան նախագահ Սարօ Պօղոսեանի, բոցավառւեց Իրանահայ 34-րդ Գարնանային խաղերի ջահը։ Ջահը Սրբազան Հօր միջոցով օրհնւելուց յետոյ, յանձնւեց այս շրջանի խաղերի ջահակիր իրանահայ վետերան ֆուտբոլիստ եւ Իրանի ժամանակի ֆուտբոլի հաւաքականի անդամ Էդմոնդ Բազիկեանը (Բզիկ): Նա ժամանակին եղել է Թեհրանի «Արարատ» եւ «Պերսեպոլիս», իսկ Սպահանի «Սեփահան» ֆուտբոլի խմբերի անդամ, իսկ այժմ «Պերսեպոլիս»-ի մինչև 23 տարեկանների հաւաքականի գլխաւոր մարզիչն է, միաժամանակ ղեկավարում է Հայ Մշակութային «Արարատ» կազմակերպութեան՝ իր անւամբ ֆուտբոլի դպրոցը։

 

Բացման հանդիսութիւն

 

Բացման միջոցառումը մեծ հանդիսութեամբ իրականացաւ չորեքշաբթի՝ մարտի 19-ի երեկոյեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան բասկետբոլի սրահում, հանդիսավարութեամբ Մանիա Ղուկասեանի եւ Արթուր Ստեփանեանի:

Երեկոյին ներկայ էին՝ թեմակալ Առաջնորդ Սրբազան Հայրը, Իրանի Իսլ. խորհրդարանում զոյգ հայ պատգամաւորներ՝ Գեղարդ Մանսուրեանն ու Արա Շահվերդեանը,  Սպահանի հայոց ազգային մարմինների, շրջանի Հայ Դատի յանձնախմբի, հայոց ազգ. դպրոցների եւ միութիւնների ներկայացուցիչները, կազմակերպիչ միութեան արտօնատէր Թաթուլ Օհանեանը, Կենտ. վարչութիւնը, միաւորների վարչութիւններն ու անդամները, Երեւանից, Թեհրանից, Թաւրիզից, Շահինշահրից եւ Նոր Ջուղայից մասնակցութիւն ցուցաբերած մարզական պատւիրակութիւններն ու հոծ թւով ժողովուրդ:

Սկզբում միութեան Սկաուտական միաւորի միջոցով խմբապետ Հրաչ Տէր-Յովհաննիսեանի հրահանգի ներքոյ իրականացւեց դրօշակի արարողութիւն եւ ներկաների յոտնկայս լռութեան ներքոյ հնչեց Իրանի Իսլ. Հանրապետութեան օրհներգը:

Այնուհետեւ իրականացւեց բասկետբոլի, ֆուտբոլի, սեղանի թենիսի եւ ճատրակի մարզական պատւիրակութիւնների շքերթ-տողանցքը. նշւած պատւիրակութիւններն էին՝ Երեւանից «Շենգաւիթ» եւ «Միրակ» խմբերը, Թեհրանից՝ Հայ Մշակութային «Արարատ» կազմակերպութիւնը (Հ.Մ.Ա.Կ.) եւ նոյն միութեան Թաւրիզի մասնաճիւղը, Հայ Մշակութային «Նայիրի» միութիւնը, Հայ Մշակութային «Սարդարապատ» միութիւնը, Հայ Մշակութային «Սիփան» միութիւնը, Հայ Մարզա-մշակութային «Րաֆֆի» համալիրը, «Արմին» խումբը (Նոր Ջուղա) եւ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութիւնն ու նոյն միութեան Շահինշահրի մասնաճիւղը: 

Մարզական խմբերի շքերթից յետոյ սրահ մուտք գործեց 34-րդ Գարնանային խաղերի ջահակիր Էդմոնդ Բազիկեանը, ով հանդիսատեսի բուռն ծափողջոյնների ներքոյ բոցավառեց խաղերի ջահը:

Այս բաժնի աւարտին խաղերի երդման կարգը արտասանեցին մարզիկ Էմիլի Նաւասարդեանն ու իրաւարար Արթուր Խաչիկ-Գրիգորին:

Շարունակութեան մէջ եղան արտայայտութիւններ՝ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտ. վարչութեան նախագահ Սարօ Պօղոսեանի, խորհրդարանի պատգամաւոր Գեղարդ Մանսուրեանի եւ թեմակալ Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Արք. Քէչէճեանի կողմից:

Սարօ Պօղոսեանն իր խօսքում շեշտելով, որ անցնող 70 տարիների ընթացքում «Արարատ» միութիւնը հանդիսացել է ոչ միայն մարզական հզօր կառոյց, այլ նաեւ հայապահպանման, կրթութեան եւ մշակոյթի անփոխարինելի կենտրոն, ընդգծեց, թէ միութիւնը դարձել է համախմբութեան անսասան ամրոց եւ հայրենասիրութեան ու յաղթանակի ոգով սերունդներ դաստիարակելու միջավայր: Նա համոզւած լինելով, որ 34-րդ Գարնանային խաղերը կը ծառայեն ապագայ յաջողութիւնների կերտմանը, յոյս յայտնեց, թէ այն կը նշանաւորւի՝ միասնականութեամբ, ազնիւ պայքարով, յիշարժան ու գեղեցիկ պահերով եւ անկեղծ բարեկամութեամբ:

Գեղարդ Մանսուրեանը մեծ նշանակութիւն տալով մարզական, հասարակական եւ մշակութային կենտրոններին՝ որպէս համայնքները կենսունակ պահող հաստատութիւններ, դրւատանքով արտայայտւեց 70 տարի առաջ հիմնադրւած Նոր Ջուղայի «Արարատ» միութեան գործունէութեան մասին եւ աւելացրեց, որ այն լինելով մատաղ սերնդի բազմակողմանի զարգացման միջավայր եւ ապահով կենտրոն ընտանիքների համար, իր առանցքային դերակատարութիւնն է ունեցել սերունդների հայեցի կրթութեան եւ դաստիարակութեան գործում: Պրն. Մանսուրեանն իր արտայայտութեան վերջում յոյս յայտնեց, թէ այս Գարնանային խաղերի արդիւնքում նոյնպէս կիրականանան ակնկալւող նպատակները:

Գերշ. Տ. Սիփան Ս. Արք. Քէչէճեանն իր ելոյթի ընթացքում իրանահայ համայնքներին բախտաւոր համարելով իրենց թեմերում «Արարատ» միութիւն ունենալու համար՝ շեշտեց, թէ իրանահայ համայնքներն այս կենտրոններից ստանում են սէր, միութիւն, եղբայրութիւն, համերաշխութիւն, յարգանք եւ հանդուրժողականութիւն, որոնք այս օրերին խիստ անհրաժեշտ են համայն հայութեանը: Նա շնորհաւորելով յոբելեարին՝ նորանոր նւաճումենր մաղթեց միութեանը՝ իր բոլոր աշխատանքներում: Սրբազան Հայրն իր խօսքի աւարտին խորհրդանշական ձեւով նետեց գնդակը՝ ի նշան արդար մրցակցութեան, համախմբւածութեան եւ յաջողութեան: 

Ծրագրի գեղարւեստական բաժնում, որը կազմակերպւել էր Ռիմա Սիմոնեանի ու Կարին Տէր-Մարտիրոսեանի ղեկավարութեամբ, անզուգական կատարումներով հանդէս եկան «Արարատ» միութեան Մշակութային միաւորի «Կռունկ» պարախմբի աւագ ու կրտսեր խմբերը եւ համայնքի տաղանդաւոր երգիչները: Պարերը ուսուցանւել էին պարուսոյց Քաթրին Թորոսեանի միջոցով, իսկ երգերի համադրութեան գործում ղեկավար կազմի հետ սերտ համագործակցել էր մայեստրօ Համիկ Ալեքսանդրեանը։

Երգերի կատարումներով հանդէս եկան՝ Արսինէ Մարգարեանը, Լալագէ Իսաղուլեանը, Վանա Շիրւանեանը եւ Վանանդ Իսաղուլեանը: Նշելի է, որ այս բաժնի պարային համարներից մէկը գեղեցկօրէն համադրւել էր միութեան կառատէի խմբի մարզական շարժումներով, իսկ  Լալագէ Իսաղուլեանի եւ Գիլբերտ Թահմազեանի դուետով տեղի ունեցաւ մէկ ռեպ կատարում, որը համեմւած էր բասկետբոլի խմբի անդամների գնդակի հետ համաչափ խաղերով: Բոլոր պարերն ու երգերն իրենց կատարողականութեան բարձր մակարդակով ոչ միայն շոյեցին հանդիսատեսի ճաշակը, այլ նաեւ գարնանային թարմութեամբ ողողեցին սրահը:

Աւելացնենք նաեւ, որ գեղարւեստական բաժինը շարունակ ընդմիջւում էր յոբելեար միութեան 70 տարիների գործունէութիւնն արտացոլող լուսանկարների ցուցադրմամբ։

 

Թղթակից (Նոր Ջուղա)

Լուսանկարները՝ Գեւիկ ստուդիօ