Սեպտեմբերի 26-ին, Շահինշահրում, տեղի հայոց ազգ. «Սրբոց Վարդանանց» տարրական մէկօրեայ վարժարանի տնօրէնութիւնն ու ուսուցչական կազմը հանդիպում ունեցան աշակերտների եւ ծնողների հետ, ուր հարկ եղած փոխանցումները կատարեցին առաջիկայ աշխատանքների եւ դասաւանդման ծրագրի ուղղութեամբ:

Նշելի է, որ դասաւանդումները տեղի են ունենում իւրաքանչիւր հինգշաբթի օր, հեռակայ ձեւաչափով, սակայն ամիսը մէկ անգամ ուսուցչական կազմը Նոր Ջուղայից մեկնում է Շահինշահր առկայ դասընթացներ իրականացնելու համար, որտեղ հնարաւորութիւն է ստեղծւում նաեւ առաւել շփումներ ունենալու եւ յատկապէս հաւաքական խանդավառ աշխատանքներ կազմակերպելու:

Դպրոցի անձնակազմը հոկտեմբերի 10-ին, դարձեալ ներկայ գտնւեց վարժարանի շրջափակում, ուր աշակերտների մասնակցութեամբ պատրաստւեցին պատի թերթեր նւիրւած Թարգմանչաց տօնին, ինչպէս նաեւ սպառիչ բացատրութիւններ տրւեցին սաներին օրւայ առթիւ եւ նրանց ուսուցանւեցին երգեր ու ասմունքներ: Տօնի առնչութեամբ աշակերտները տնում պատրաստել էին անհատական ձեռքի աշխատանքներ, որոնք նոյնպէս ցուցադրւեցին:

Յատկանշելի է, որ դասընթացներն, ըստ ծրագրի, կանոնաւոր կերպով տեղի են ունենում եւ դպրոցում դասաւանդւում են  Նոր Ջուղայի հայոց ազգ. տարրական դպրոցում օգտագործւող դասագրքերը, որը տրամադրւել է Սպահանի հայոց թեմի Կրթական խորհրդի միջոցով:

 

Նիւթը կազմեց Նոր Ջուղայի թղթակիցը՝ դպրոցի տնօրէնութեան զեկոյցի համաձայն: