Նախաձեռնութեամբ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Մշակութային միաւորի վարչութեան, «Սրբոց Թարգմանչաց» եւ «Հայ մշակոյթի» տօների առիթներով, նոյն միութեան յարկի տակ կազմակերպւեց «Հին արւեստի նոր ժառանգները» խորագրով ձեռարւեստի ցուցահանդէս-աշխատանոցը, ուր ցուցադրւել եւ կենդանի կատարումներով հանդիսատեսի դատին էին յանձնւել նորջուղայեցի արւեստագէտ վարպետ-ուհիների նրբագեղ աշխատանքներից բազմաթիւ օրինակներ:
Ցուցադրւած նմուշների շարանում աչքի էին ընկնում՝ Մարաշի շրջանի, եկեղեցական դասի զգեստների եւ հայկական աւանդական կանաչ-կարմիրի ոճերին պատկանող ասեղնագործութիւններ, Ջուղայի ֆիլէներ, փայտեայ սպասքներ, փայտի վրայ հայկական դաճերի քանդակագործութիւններ, մանրանկարչութիւն, գեղանկարչութիւն, դիջիթալ արւեստի ու գրքի կազմարարութեան եւ տպագրութեան արւեստից նմուշներ, քարտաշագործութիւն ու գործւածքի վրայ հայկական դաջւածքներ եւ այլն:
Երկօրեայ այս միջացառման բացման հանդիսութիւնը տեղի ունեցաւ չորեքշաբթի՝ հոկտեմբերի 16-ի երեկոյեան, որտեղ ներկայ էին Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Արք. Քէչէճեանը, ազգային մարմինների, շրջանի Հայ Դատի յանձնախմբի, հայոց դպրոցների եւ միութիւնների ներկայացուցիչները, «Արարատ» միութեան Կենտ. վարչութեան անդամներն ու արւեստասէր ժողովուրդ:
Բացման երեկոն վարեց Մշակութային միաւորի անդամ Արսինէ Մարգարեանը, ով կարեւորութեամբ ընդգծեց, թէ նորջուղայեցիները ունենալով սեփական մշակութային աւանդների յստակ գիտութիւնը եւ պահպանելով նախորդ սերունդների վաստակը, շարունակել են իրենց նախնիների ուղին, թէեւ նրանք երբեմն բախւել են դժւարութիւնների ու կանգնել են խոչընդոտների առջեւ, սակայն դա չի շեղել նրանց՝ իրենց ընտրած ճանապարհից:
Ծրագրում գեղարւեստական կատարումներ իրագործւեցին կազմակերպիչ միաւորի «Կռունկ» համոյթի անդամների միջոցով. Վահագն Դաւթեանի «Այր մի Մաշտոց անուն»-ը ասմունքեց Էմիլի Նաւասարդեանը, իսկ պարախումբը «Մախմուր աղջիկ» երգի ներքոյ ներկայացրեց իր հեզաճկուն պարը:
Այնուհետեւ ներկաներին առիթ ընձեռւեց ոչ միայն մօտիկից ծանօթանալու ցուցադրւած եզակի նմուշներին, այլ նաեւ դիտելու վարպետների կենդանի իրագործումները, որոնց շնորհիւ առաւել մեծ տպաւորութիւն առաջացաւ այցելուների մօտ:
Ցուցահանդէսին մասնակցութիւն ցուցաբերած արւեստագէտներն էին՝ Սուրէն Մինասքանեանը (զարդանախշում եւ քարտաշութիւն), Սոնիկ Զաքարեանը (Մարաշի ասեղնակար), Վարդան Այւազեանը (փայտէ աշխատանքներ-معرق), Սարօ Տէր-Մարտիրոսեանը (փայտէ քանդակներ), Անահիտ Աղախանեանը (եկեղեցական դասի զգեստի ասեղնակար), Հրաչ Տէր-Յովհաննիսեանը (տպագրութիւն եւ կազմարարութիւն), Իզաբել Կարապետեանը (Ջուղայի ֆիլէ եւ ասեղնակար), Շաքէ Ղարիբեանը (կանաչ-կարմիրի ասեղնակար), Երանուշ Թահմազեանը (մանրանկարչութիւն եւ Մարաշի ասեղնակար), Վազրիկ Մելքոնեանը (փայտէ սպասք եւ այլ աշխատանքներ), Արփա Մարգարեանը (դիջիթալ արւեստ) եւ Արթուր Քամարզարեանը (գործւածքի վրայ ձեռքով տպագրութիւն):
Թղթակից (Նոր Ջուղա)