Ս. Գէորգ զօրավարի տօնի առթիւ, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Արք. Քէչէճեանի, մասնակցութեամբ եկեղեցական դասի եւ ներկայութեամբ հոծ թւով հաւատացեալների, երկօրեայ արարողութիւններ կատարւեցին Նոր Ջուղայի համանուն եկեղեցում, ուր նշւեց նաեւ եկեղեցու անւանակոչութեան տօնը:

Սկզբում, աղօրհնէքի կարգ կատարւեց ուրբաթ՝ սեպտեմբերի 27-ի առաւօտեան, իսկ երեկոյեան տեղի ունեցաւ հսկման արարողութիւն:

Շաբաթ՝ սեպտեմբերի 28-ի առաւօտեան, ձեռամբ Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանի մատուցւեց Սուրբ եւ Անմահ Պատարագ, որի ընթացքում երգեցողութեամբ հանդէս եկաւ Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը:

Պատարագիչ հայրն օրւայ իր քարոզում անդրադարձ կատարելով Ս. Գէորգի կեանքին ու գործունէութեանը, ինչպէս նաեւ հաւատի ճանապարհին նրա սխրագործութեանն ու անձնազոհութեանը, յոյս յայտնեց, որ օրինակելով Սրբին, իւրաքանչիւրն իր հաւատը առաւել ամրացնի եւ շարունակի աստւածահաճոյ այս ուղին:

Տօնի աւարտին եկեղեցու բակում համախմբւած հաւատացեալների ներկայութեամբ թեմակալ Առաջնորդ Սրբազան Հօր նախագահութեամբ օրհնւեց պատրաստւած հարիսան, որը բաժանւեց ներկաների միջեւ: Սրբազան Հայրն այստեղ հանդէս եկաւ շնորհակալական խօսքով ուղղւած՝ արարողութեան կազմակերպիչներին եւ մատաղի պատրաստման գործում բոլոր դերակատարներին:

Թղթակից (Նոր Ջուղա)