Թւականիս Յուլիսի 14-ին, Սպահանի Հայոց Թեմի Թեմական Խորհրդի կողմից կեանքի կոչւած Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի կենտրոնական մարմնի հրաւէրով, Ս. Ա. Վանքի նահատակաց յուշարձանի յարակից տարածքում, տեղի ունեցաւ անդրանիկ հանդիպումը սոյն Մարմնի կողմից նշանակւած Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի միջոցառումներն իրականացնող ութ ենթայանձնախմբերի հետ: Հանդիպումից առաջ ներկաները ծաղիկներ զետեղեցին Ս. Ամենափրկիչ Վանքում վեր խոյացած Ապրիլեան նահատակների յուշարձանի մօտ, որից յետոյ Սրբազան Հօր միջոցով բարձրացւեց հոգեհանգստեան աղօթք:
Հանդիպմանը, նախ Կենտ. մարմնի նախագահ՝ Պրն. Նոէլ Մինասեանը, ողջոյնի խօսք ուղղելով, ներկաներին իր շնորհակալութիւնը յայտնեց նրանց՝ հրաւէրն ընդառաջելու համար: Նա պատահական չհամարելով յուշարձանի յարակից տարածքի ընտրութիւնը որպէս հանդիպման վայր, նշեց, որ դա հանդիսանում է պահանջատիրական մեր պայքարի ուխտի վերանորոգման խորհրդանիշ:
Պրն. Նոէլ Մինասեանը ներկայացրեց այն երկու հիմնական ուղղութիւնները, որոնց հիման վրայ պէտք է կազմակերպել աշխատանքները. արտաքին ճակատ՝ պարսկական շրջանակ, եւ ներքին ճակատ՝ շեշտելով մատաղ սերնդին ու երիտասարդութեանը պահանջատիրական ոգով դաստիարակելու անհրաժեշտութիւնը: Այնուհետեւ նա ներկաներին փոխանցեց նախապատրաստական այն աշխատանքները, որոնք իրականացւել են սոյն կազմի միջոցով, յատկապէս շեշտելով Ս. Ա. Վանքի յուշարձանի յարակից տարածքի բարեզարդումը եւ դասաւորումը:
Պրն. Մինասեանը կարեւորութեամբ ընդգծելով Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան եւ Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական յանձնաժողովի կողմից կազմակերպւող համազգային նշանակութեամբ ծրագրերին Թեմիս մասնակցութեանը, կարեւորեց նաեւ երկրի պետական այրերի ներկայութիւնը մեր միջոցառումներում ապահովելու հարցին:
Կենտր. Մարմնի նախագահ՝ Պրն. Նոէլ Մինասեանը 100-ամեակը Ցեղասպանութեան միջազգայնօրէն ճանաչման եւ վնասից հատուցման նոր հանգրւանի սկզիբը համարելով, յոյս յայտնեց, որ Հայաստանի եւ Սփիւռքի մեր հայրենակիցները, միասնաբար եւ առաւել թափով աշխատելու են յանուն հայ ժողովրդի իրաւունքների վերականգնմանը եւ խթանելու են միջազգային ատեաններում մեր պահանջատիրական ձայնը աւելիով լսելի դարձնելու գործին:
Այնուհետեւ արտայայտւեց Թեմակալ Առաջնորդ՝ Գերշն. Տէր Բաբգէն Եպս. Չարեանը, ով ողջոյնի արտայայտութիւններից յետոյ, անդրադարձաւ Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի խորհրդին եւ յոյս յայտնեց, որ իւրաքանչիւր անհատ ամենայն պատասխանատւութեամբ է մօտենալու այս իրողութեանը եւ նպաստելու է 00-ամեակի ծրագրերի յաջող անցակցմանը:
Թեմակալ Առաջնորդն յայտնեց, որ Թեմի 100-ամեակի Կենտ. մարմինը մասնակցել է Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի միջոցառումների նախապատրաստութեան շրջանակում Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան, Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նւիրւած միջոցառումները համակարգող պետական յանձնաժողովի եւ ՀՀ Սփիւռքի նախարարութեան նախաձեռնութեամբ կազմակերպւած համաժողովներին, որոնց ընթացքին առիթ է ստեղծւել ծանօթանալ տարբեր շրջաններում նախատեսւած ծրագրերին, իսկ համազգային նշանակութիւն ունեցող ծրագրերից անդրադարձաւ 2015 թւականի Ապրիլի 23-ին նահատակների սրբադասման արարողութեանը, եւ 100-ամեակի առիթով Բիգֆայաում՝ նահատակների յուշարձանի առջեւ տեղի ունենալիք միւռոնօրհնէքին:
Վերջում Թեմակալ Առաջնորդը յոյս յայտնեց, որ միասնաբար կազմակերպւելու են Սպահանի Հայոց Թեմին վայել միջոցառումներ, բնաբան ունենալով «Ես յիշում եմ եւ պահանջում» կարգախօսը:
Սրբազան Հօր խօսքերից յետոյ արտայայտւեց Կենտ. Մարմնի անդամ՝ Պրն. Աշոտ Դաւթեանը, ով անդրադառնալով Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի շեմին Թուրքիոյ կառավարութեան որդեգրած նոր քաղաքականութեանը, նշեց, որ Թուրքիան փորձում է որոշ նախաձեռնողական քայլերի դիմելով շեղել հանրային կարծիքը իրականութիւնից, հետեւաբար անհրաժեշտ է աչալուրջ հետեւել հարցերին եւ իրականութեան լոյսի ներքոյ հակազդել թշնամու սադրանքներին:
Վերջում ընթերցւեց ութ ենթայանձնախմբերի անւանացանկը եւ հիւրասիրութեամբ աւարտւեց հանդիպումը:...