" https://alikonline.ir/ "

 

«ԱԼԻՔ» – Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը  ՄԱԿ-ի Ռասսայական խտրականութեան բոլոր տարբերակների վերացման կոմիտէի 113-րդ նիստում ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետութիւնը անհրաժեշտ աջակցութիւնն է դրսեւորում իրանական էթնիկ խմբերի եւ  աստւածային կրօնների հետեւորդների նկատմամբ»։

«Խանէ մելլաթ»-ի փոխանցմամբ՝ Ժնեւում կայացած նիստի ընթացքում Արա Շահվերդեանը պաշտպանել է այս ոլորտում Իրանի դիրքորոշումը: Նա ընդգծել է, որ օրէնսդիրի կողմից աջակցւող արժէքներից է անհատներին, խմբերին եւ աստւածային կրօններին հովանաւորելն ընդդէմ ատելութեան տարածման  եւ  պառակտող գործողութիւնների, եւ յաւելել է. «Իրանի Իսլամական խորհրդարանում հաստատւել է մի նախագիծ «Իսլամական քրէական օրէնսգրքի հինգերորդ գրքում յօդւածներ աւելացնելու ծրագիրը՝ ուղղւած կրօններին, օրինական դաւանանքներին եւ էթնիկ խմբերին վիրաւորելու» վերաբերեալ, որի նպատակն է՝ քրէականացնել ատելութեան տարածումը, եւ դա հնարաւորութիւն է ընձեռնել անհրաժեշտ աջակցութիւնը ցուցաբերել իրանական էթնիկ խմբերի ու աստւածային կրօնների հետեւորդների նկատմամբ ու վերացնել այս ոլորտում իրաւական բացը»։

Իր ելոյթի ընթացքում պատգամաւորը նշել է. «Իրանի Իսլամական Հանրապետութեան կառավարութիւնը,Իրանի Իսլամական խորհրդարանին է ներկայացրել Մարդու իրաւունքների անկախ ազգային ինստիտուտ ստեղծելու մասին օրինագիծը, որը վերջին երկու շաբաթների զարգացումների ընթացքում, այն ​​ընդգրկւել է կառավարութեան իրաւական եւ դատական յանձնաժողովի  օրակարգում»։