Նախաձեռնութեամբ մշակութային ժառանգութեան պահպանման ոլորտում աշխատող «Ման» դպրոցի եւ համագործակցութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդարանի Հանրային կապի գրասենեակի, երեքշաբթի եւ հինգշաբթի՝ յուլիսի 23 եւ 25-ին, Նոր Ջուղայի համայնքի մի քանի մանուկներ մասնակցութիւն ցուցաբերեցին Սպահանի Կենտրոնական մզկիթի (مسجد جامع) մօտակայքում գտնւող «Քամար զարին» անւամբ անցքում (گذر کمرزرین) ընթացող հնէաբանական պեղումներին ։

Նշելի է, որ վերջին ժամանակներում քաղաքապետարանի միջոցով «Քամար զարին»-ի հատւածում իրականացւող շինարարական եւ վերաշինութեան աշխատանքների շնորհիւ պատահաբար յայտնաբերւել են հնէաբանական արժէք ներկայացնող կաւէ սպասքներ, իրեր եւ մարդկանց ու կենդանիների ոսկորներ, որոնք բոլորը պատկանում են Արշակունեաց հարստութիւնից սկսած մինչեւ Սեֆեւեան թագաւորութեան ժամանակաշրջանին։

Երկժամեայ այս աշխատանոցի ընթացքում մասնակիցները ունկնդրեցին հնէաբանների բացատրութիւնները, ապա առիթ ունեցան համապատասխան գործիքներով ինքնուրոյն պեղումներ կատարել եւ հողերի շերտերի միջից իրերը դուրս հանել։

Այնուհետեւ փոքրիկները մօտիկից ծանօթացան յայտնաբերւած իրերի վերականգնման եւ մաքրման աշխատանքներին, իսկ աւարտին նրանք իրենց աշխատանքն ամփոփեցին օրւայ անցուդարձը գրի առնելով եւ նկարելով։
Այս դասընթացին մասնակից հայ փոքրիկները ոչ միայն մեծ տպաւորութիւն ստացան բովանդակալից ծրագրից, այլ նաեւ իրենց գիտելիքների շտեմարանը հարստացրին հնէաբանութեան ոլորտին առնչւող բազմաթիւ տեղեկութիւններով։

Հանրային Կապ

Սպահանի Հայոց Թեմի Ազգային Առաջնորդարանի