Ուրբաթ՝ յուլիսի 5-ի առաւօտեան, Փերիոյ շրջանի Բոլորան գիւղի «Ս. Ղուկաս» եկեղեցում, Սուրբ եւ Անմահ պատարագի մատուցմամբ նշւեց Քրիստոսի Պայծառակեպութեան տօնը՝ Վարդավառը:
Պատարագին նախագահեց Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Արք. Քէչէճեանը: Օրւայ պատարագիչն էր արժ. Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանը, իսկ արարողութեանը մասնակցում էին նաեւ՝ քահանայից եւ դպրաց դասերի ներկայացուցիչներն ու Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը՝ շարականների երգեցողութեամբ:
Պատարագին ներկայ էին՝ գիւղի հայ բնակչութիւնը եւ ուխտաւորներ, ովքեր Վարդավառը նշելու համար օրեր առաջ հանգրւանել էին գիւղի կանաչապատ արւարձաններում:
Օրւայ քարոզը տրւեց թեմակալ Առաջնորդ Սրբազան Հօր միջոցով: Նա անդրադարձ ունենալով տօնի աւետարանական դրւագին՝ նշեց, որ տօնն անւանւում է երեք անուններով՝ Վարդավառ, Այլակերպութիւն եւ Պայծառակերպութիւն, ապա բացատրութեամբ հանդէս եկաւ իւրաքանչիւր անւանումի շուրջ: Գերշ. Տ. Սիփան Ս. Արք. Քէչէճեանը քարոզի շարունակութեան մէջ ասաց, որ Քրիստոսն իր օգնութեան ձեռքն է մեկնել իւրաքանչիւրին՝ չարիքի եւ մեղքի տիղմից դուրս քաշելու համար, մի անգամ եւս առիթ տալով՝ ինքնագիտակցութեամբ ինքնասրբագրւելու եւ առ Աստւած յետդարձ կատարելու:
Սրբազան Հայրն իր խօսքում նաեւ յիշելով, որ այդ օրը տեղի է ունենում Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահական ընտրութիւնների 2-րդ փուլը, ոչ միայն մի անգամ եւս ցաւակցական խօսք ասաց Էբրահիմ Ռէյիսիի նահատակութեան առթիւ, այլ նաեւ կոչ արեց բոլորին՝ խուռներամ շարքերով մասնակցել ընթացող ընտրութիւններին:
Պատարագի աւարտին նախագահութեամբ թեմակալ Առաջնորդ Սրբազան Հօր կատարւեց խնձորի օրհնութիւն. այս կարգը հայկական հինաւուրց կարգերից է, որը ժամանակին կատարւել է գիւղերում՝ Վարդավառի տօնի առթիւ եւ Սրբազան Հայրը վերականգնելով այն, անցեալ տարւանից սկսած տօնի առթիւ գիւղերի եկեղեցիներում մատուցւող Պատարագի աւարտին իրականացնում է խնձորի օրհնութեան կարգը:
Թղթակից (Նոր Ջուղա)