Կիրակի՝ յունիսի 2-ին, Հայոց ազգ. կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» սրահում տեղի ունեցաւ Նոր Ջուղայի հայոց ազգ. Մանկապարտէզ-նախակրթարանի ամավերջի հանդէսը՝ ներկայութեամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Արք. Քէչէճեանի, ազգային մարմինների, շրջանի Հայ Դատի յանձնախմբի, հայոց ազգ. դպրոցների ու միութիւնների ներկայացուցիչների եւ սաների ծնողների ու հարազատների:
Սկզբում բացման խօսքով հանդէս եկաւ դպրոցի տնօրէն Արփինէ Յովսէփեանը: Նա դպրոցի աշխատանքների իրականացման եւ արձանագրած ձեռքբերումների համար երախտիքի խօսք ասելով՝ Առաջնորդ Սրբազան Հօրը, ազգային մարմիններին, մանկապարտէզ-նախակրթարանի անձնակազմին, ծնողական խորհրդին եւ ծնողներին, անդրադարձաւ յունիսի 1-ին՝ Մանուկների իրաւունքների պաշտպանութեան միջազգային օրւան եւ շնորհաւորելով այդ առիթի կապակցութեամբ, շեշտեց մեծահասակների անելիքները՝ փոքրիկների իրաւունքները յարգելու եւ դրանք չոտնահարելու ուղղութեամբ:
Այնուհետեւ աշակերտական ելոյթները սկիզբ առան նախ մանկապարտէզի կրտսեր եւ աւագ դասարանների սաների արարով, որտեղ թեման անտառ էր նկատի առնւել եւ երեխաները կենդանիների կերպարներ ընդունած պարեցին, ասմունքեցին եւ երգեցին բեմի վրայ: Յաջորդիւ նախակրթարանի սաներից իւրաքանչիւրն իր անւան սկզբնատառը ներկայացնելով՝ բոլորին բացատրեց տւեալ տառի եւ անւան իմաստի մասին՝ վերջում նշելով իր անունի իմաստի կապը հայկական ազգային արժէքների հետ: Այս ներկայացումը նոյնպէս ողողւած էր պարերի, ասմունքների ու երգերի կատարումներով:
Ընթացքում Կրթական խորհրդի խօսքն ասաց մարմնի ատենապետ Վարուժ Մովսիսեանը: Նա գնահատանքի խօսք ուղղեց օրւայ աշակերտական ելոյթների կապակցութեամբ, ապա շնորհակալական խօսքեր ասաց սկսած թեմակալ Առաջնորդ Սրբազան Հօրից ու ազգային մարմիններից մինչեւ դպրոցի անձնակազմն ու ծնողները՝ դպրոցի անցնող ուսումնական տարեշրջանի աշխատանքները հովանաւորելու եւ լաւագոյնս իրականացնելու համար: Նա դպրոցի արձանագրած արդիւնքը լաւ եւ գոհացուցիչ համարելով՝ շեշտեց, որ դա խթան է հանդիսանալու առաւել չափով աշխատելու եւ երբեք եղածով չբաւարարւելու համար:
Այնուհետեւ դասարան առ դասարան սաները ստացան իրենց վկայականները՝ թեմակալ Առաջնորդ Սրբազան Հօր, Թեմական եւ Կրթական խորհուրդների ներկայացուցիչների, դպրոցի տնօրէնուհու եւ պատկան դաստիարակների ու ուսուցիչների միջոցով: Այս բաժինը եզրափակւեց դպրոցի անձնակազմին եւ ծնողական խորհրդին ուղղւած գնահատանքի արտայայտութիւններով ու ներկաների բուռն ծափողջոյններով, իսկ առանձնապէս մեծարւեցին դպրոցի վաստակաւոր ուսուցչուհի Ռայեա Խուդավերդեանը եւ պարուսոյց Քաթրին Թորոսեանը: Նշելի է, որ Ռայեա Խուդավերդեանն այս աւարտական հանդէսով եզրափակեց իր տարիների բեղմնաւոր գործունէութիւնը՝ հայոց ազգ. դպրոցներում:
Աւարտին գերշ. Տ. Սիփան Ս. Արք. Քէչէճեանն իր հայրական պատգամը փոխանցեց ներկաներին: Նա գնահատանքի խօսք ասելով դպրոցի աշխատանքների իրականացման գործում դերակատար ազգային մարմիններին, դպրոցի անձնակազմին եւ ծնողներին՝ անդրադարձ ունեցաւ մանկական մաքուր եւ չափազանց տարբեր աշխարհին եւ ասաց, որ մեծահասակները փոքրիկների հետ կապ հաստատելու եւ նրանց հաղորդ դառնալու համար ոչ թէ պէտք է փորձեն երեխաներին քաշել իրենց աշխարհ, այլ պէտք է իրենք մուտք գործեն մանկական աշխարհ, քանի որ այն իւրայատուկ է եւ առ լեցուն մանկական մաքուր եւ անկրկնելի զգացմունքներով:
Թղթակցութիւնը կազմեց «Ալիք» օրաթերթի Նոր Ջուղայի թղթակիցը՝ դպրոցի տնօրէնութեան զեկոյցի համաձայն։
Լուսանկարիչ՝ Գեւիկ ստուդիօ