Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի հովանաւորութեամբ, չորեքշաբթի՝ յունիսի 12-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի ցուցասրահում, մեկնարկեց «Ջուղայականչ» խորագրով մէկշաբաթեայ ցուցահանդէսի աշխատանքը, նպատակ ունենալով այցելուներին առաւել չափով ծանօթացնելու այս համայնքի եւ նրա բնակչութեան հետ՝ որպէս սփիւռքեան դժւարին պայմաններում առաւել քան 400 տարի գոյատեւած եւ հայեցի ոգով ու շնչով արարած ու ստեղծագործած մի ժողովուրդ:
Սրանից շուրջ երկու տարի առաջ, Սպահանի հայոց թեմի ժամանակի Թեմական խորհուրդը անսալով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի հռչակագրին՝ 2022 եւ 23 թւականները «Սփիւռքի տարի» անւանելու կապակցութեամբ, նշւած թւականներին կեանքի էր կոչել համապատասխան յանձնախումբ, որն իր եզրափակիչ աշխատանքն իրականացրեց՝ այս ցուցահանդէսի կազմակերպմամբ:
Մինչեւ ցուցահանդէսի պաշտօնական բացումը, վանքի շրջափակում իրականացւեց միջոցառում, որտեղ Կազմակերպիչ յանձնախմբի գործունէութեան մասին, ցուցահանդէսի նպատակների ու կազմակերպական գործընթացի եւ ի հարկէ Նոր Ջուղայի պատմականից տեղեկութիւնների մէջբերումով ելոյթ ունեցաւ նոյն յանձնախմբի անդամուհի Արսինէ Մարգարեանը:
Այնուհետեւ գեղարւեստական յայտագրով ծրագրում դաշնամուրի եւ սաքսաֆոնի զուգակատարումով հանդէս եկան Արբի Բաբումեանն ու Լիօ Ջանին, ապա դուդուկի կատարում ունեցան Պարոյր Վարդանեանն ու Մասիս Մարգարեանը, իսկ Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Մշակութային միաւորի արական սեռի նորակազմ պարախումբը հանդէս եկաւ իր առաջին պարային ելոյթով:
Եզրափակիչ ելոյթն արտասանեց Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Արք. Քէչէճեանը, ով բարձր գնահատելով կատարւած աշխատանքը՝ Վեհափառ Հայրապետի կոչին անսալու եւ Սպահանի հայոց թեմի՝ ի մասնաւորի Նոր Ջուղայի հոգեւոր ու ազգային ժառանգութիւնը վերարժեւորելու համար, աւելացրեց, որ «Ջուղայականչ» ցուցահանդէսը թէեւ Նոր Ջուղայի կանչն է, սակայն այսօր վերածւել է անլռելի զանգակատան, որն իր զաւակներին այստեղ հրաւիրելով, յանձնարարում է նրանց՝ այս ժառանգութիւնը պահպանել եւ անխափան փոխանցել յետագայ սերունդներին:
Շարունակութեան մէջ ներկաներն առիթ ունեցան այցելելու կազմակերպւած ցուցահանդէս, ուր նորաոճ ձեւաւորմամբ եւ մատուցմամբ, հայերէն, պարսկերէն եւ անգլերէն լեզուներով ներկայացւել էին Նոր Ջուղային առնչւող թեմաներ: Ընթացքում նաեւ յաւելեալ բացատրութիւններ էին մատուցւում Կազմակերպիչ յանձնախմբի անդամների միջոցով:
Հարկ է նշել, որ այս ցուցահանդէսում, այցելուները կարող են ծանօթանալ՝ Նոր Ջուղայի ճարտարապետութեան վերելքին՝ իր հինաւուրց շինութիւններով՝ ի մասնաւորի եկեղեցիներով, Նոր Ջուղայի բարգաւաճման եւ զարգացման գործում ներդրում ունեցած ընտանիքներին՝ ցուցադրւած լուսանկարների ու տոհմածառերի միջոցով, հանրայայտ նորջուղայեցիներին, ովքեր թէ՛ Իրանի եւ թէ՛ աշխարհի մակարդակում անւանի են դարձել զանազան բնագաւառներում եւ Սպահանի անւանի պարսիկ անւանի դէմքերին ու վայրերին ի նշան ունեցած մեր դարաւոր սերտ յարաբերութեան: Աւելացնենք, որ մի առանձին բաժին է յատկացւել Նոր Ջուղայում գրչագրութեան բացառիկ արւեստին եւ տպագրութեան արհեստին: Այստեղ ոչ միայն ցուցադրւել են Նոր Ջուղայում հիմնադրւած Միջին Արեւելքի առաջին տպարանի նիւթերը, գործիքները եւ տպագրութիւններից նմուշներ, այլ նաեւ արհեստական ինտելեկտի միջոցով նշւած տպարանի հիմնադիր Խաչատուր վրդ. Կեսարացին հարկ եղածը բացատրում է այս պատմական համայնքում տպագրութեան անցեալի մասին:
Ցուցահանդէսն իր աշխատանքը շարունակելու է մինչեւ յունիսի 20-ը, ուր առիթ կունենան այցելելու թէ համայնքի անդամները եւ թէ Ս. Ամենափրկիչ վանք այցելող իրանցի եւ օտարերկրացի զբօսաշրջիկները:
Թղթակից (Նոր Ջուղա)
Լուսանկարիչ` Թանիա Յովսէփեան