«Տարեցների տարւայ» նշման ձեռնարկների շարանում, ուրբաթ՝ յունիսի 22ի երեկոյեան, Նոր Ջուղայի Ս. Յովհաննու Կարապետ եկեղեցու շրջափակում տեղի ունեցաւ մեծարանքի երեկոյ: Ծրագիրը կազմակերպել էին Ս. Յովհաննու եկեղեցու Կանանց հոգեւոր լսարանի եւ «Շուշանիկ» երգչախմբի անդամուհիները: Բացման խօսքում, լսարանի եւ երգչախմբի ընդհանուր պատասխանատու արժն. Տ. Վազգէն քհնյ. Քէօշկէրեանը շնորհաւորելով հանդիսութեանը ներկայ տարեցներին, բնութագրեց մեծ մայրերի ու հայրերի նշանակալի դերը մեր կեանքում եւ ասաց, որ տարեցները մեր կեանքում ապրող ու շնչող կոթողներ են, ովքեր անցեալն ու ներկան կապակցում են միմեանց:
Բացման խօսքից յետոյ, Ալվարդ Զարգարեանն ընթերցեց Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» գրքից մի հատւած, ապա արտայայտւեցին «Շուշանիկ» երգչախմբի ղեկավար Անուշ Յովհաննիսեանը եւ երէց անդամուհիներ:
Միջոցառման ընթացքում «Շուշանիկ» երգչախումբը ներկաներին ողջունեց «Հազար բարով էք եկել հիւրեր սիրելի» եւ «Նուբար, Նուբար» խմբերգերով, որոնց երգեհոնի կատարումով ընկերակցում էր խմբի ղեկավարը: Ասմունքով ու մեներգերով տարեցներին իրենց յարգանքը մատուցեցին Վեհանուշ Խուդաբախշեանը, Անասիկ Յովսէփեանը, Արեգա Յարութիւնեանը եւ խմբի անդամուհիներից մի քանիսը, որոնց երգեհոնի կատարումով ընկերակցում էր Ալբերտ Ղազարեանը, իսկ սրկ. Ջանի Ղազարեանն արտասանեց իր հեղինակած երգիծական ստեղծագործութիւնը, որը թէեւ ծիծաղաշարժ, սակայն հիմքում ընկած էր այն դառն ու ցաւալի իրողութիւնները, որոնցով ապրում են անօգնական պապիկներն ու մամիկները:
Լսարանի անդամուհիների միջոցով պատրաստւած կարկանդակը, գերշ. Սրբազան Հօր հետ միասին կտրեցին համայնքի երէցներից, ապա յայտարարւեց ազատ բեմ, որտեղ իրենց սրտի խօսքով ու երգերի կատարումներով ելոյթ ունեցան ներկաներից մի քանիսը:
Վերջում արտայայտւեց առաջնորդ Սրբազան Հայրը, ով իր խօսքերում կարեւորելով «Տարեցների տարւայ» առթիւ նման միջոցառումների կազմակերպումը, գնահատանքի խօսք ուղղեց լսարանի ու երգչախմբի պատասխանատուներին ու անդամներին եւ ասաց. «Տարւայ ընթացքում իւրաքանչիւր թեմում մեր սեւեռակէտը պէտք է լինեն տարեցները: Նրանք մեր սրբութիւններն են եւ մենք պարտականութիւն ունենք մտածել տարեցների մասին, մեծարել ու յարգել եւ մանաւանդ լսել նրանց խրատներն ու օգտւել նրանց փորձառութիւններից»:
Աւարտին տարեցներին յանձնւեց մէկական վարդ, ովքեր իրենց ուրախութիւնն ու շնորհակալութիւնը յայտնեցին երաժշտութեան ներքոյ միասնական պարերով: Հանդիսութիւնը վարեց Վարդուհի Յովսէփեանը: