Իրանի Իսլամական Խորհրդարանի 11-րդ շրջանի

Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր

Մեծարգոյ Պրն. Ռոբերտ Բեգլարեան

 

Այսու մեր երախտագիտութեան եւ մեծարանքի խօսքն ենք ուղղում Ձեզ՝ Իրանի Իսլամական Խորհրդարանում, որպէս Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր, Ձեր ծաւալած բեղուն եւ արդիւնաւէտ աշխատանքների համար։

Ձեր գործունէութեան տարիներում, հակառակ տարածաշրջանում տիրող բոլոր ճնշումներին, տնտեսական խոր ճգնաժամին եւ յատկապէս Իրանի նկատմամբ մեծապետական ուժերի կողմից կիրառւող պատժամիջոցներին, ճիշտ գնահատելով կացութիւնը, հանդէս էք եկել համահունչ մարտավարութեամբ։

Դուք Ձեր կարելին ի սպաս էք դրել Իրան-Հայաստան կապերի ամրապնդման, երկրի խորհրդարանում Հայոց Ցեղասպանութեան, Հայ Դատի ու Հայ ժողովրդի համընդհանուր շահերի ներկայացման ու պաշտպանութեան գործում։ Յատկապէս պէտք է ընդգծել Ձեր հետեւողականութիւնը Արցախից տեղահանւած մեր հայրենակիցների համար «Կարմիր Մահիկ» կազմակերպութեան օժանդակութիւնն ապահովելու գործում։ 

Մնայուն կապի մէջ լինելով ազգային մարմինների հետ եւ լաւատեղեակ լինելով առկայ դժւարութիւններից, պաշտպանել էք Հայ համայնքի ազգային, իրաւական եւ անձնական իրաւունքները։ Այս շրջագծում մատնանշելի է «Զգայուն պաշտօններում նշանակումների մասին» օրէնքի ամրագրումը եւ քաղաքացիական օրէնսգրքի 881-րդ յօդւածի անբարենպաստ կէտի չեղարկումը։  

Անգնահատելի է հայոց ազգային դպրոցներին, համայնքի մարզա-մշակութային միութիւններին, երիտասարդութեանը, նիւթապէս համեստ պայմաններում գտնւող ընտանիքներին եւ Ձեզ տարբեր հարցերով դիմած համայնքիս անդամներին սատարելու ուղղութեամբ Ձեր դերակատարութիւնը։

Կրկին յայտնելով մեր շնորհակալութիւնը, ցանկանում ենք Ձեզ առողջութիւն, յաջողութիւն եւ անձնական ու աշխատանքային նորանոր նւաճումներ ու վերելքներ։ Լիայոյս ենք, որ ապագայում եւս կը վայելենք Ձեր համագործակցութիւնն ու աջակցութիւնը։

Յարգանօք՝

Դիւան

ՍՀԹ Ազգային Առաջնորդարանի