Նախաձեռնութեամբ Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի, ուրբաթ՝ մայիսի 17-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում, յոբելեանական ձեռնարկ տեղի ունեցաւ՝ ազգային, հասարակական, կուսակցական եւ գրական բազմավաստակ գործիչ Թաթուլ Օհանեանի ծննդեան 90-ամեակի եւ գործունէութեան 70-ամեակի առիթներով:
Հանդիսութեանը ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Արք. Քէչէճեանը, թեմի եկեղեցական դասը, Թաթուլ Օհանեանը, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Ազգային Կենտրոնական վարչութեան անդամ Յովսէփ Աւետեանը, Սպահանի եւ Թեհրանի հայոց թեմերի ազգային մարմինների եւ Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչները, Իրանի Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Գեղարդ Մանսուրեանը, յոբելեարի ընտանիքի անդամները, հարազատներն ու ընկերները, մի շարք այլ հիւրեր եւ Նոր Ջուղայի ու Շահինշահրի հայ համայնքների միութիւնների ու դպրոցների ներկայացուցիչներն ու ժողովուրդ:
Սկզբում ողջոյնի խօսքով արտայայտւեց Մանիա Ղուկասեանը, ապա ներկաների յոտնկայս ունկնդրութեամբ թեմակալ Առաջնորդ Սրբազան Հայրն ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի օրհնութեան գիրը այս յոբելեանի առթիւ, որն ընթերցումից յետոյ յանձնւեց յոբելեարին:
Ահա մի հատւածի մէջբերում նշւած օրհնութեան գրից.
«Արդարեւ, Սպահանի Թեմում, որպէս Ազգային Իշխանութեան անդամ, ձեր ունեցած երկար տարիների նւիրեալ գործունէութիւնն արժանացել է մեր երջանկայիշատակ նախորդների եւ անձնապէս Մեր բարձր գնահատանքին… Հարկ է նշել նաեւ, որ ձեր եօթանասուն տարիների գործունէութեան մէջ թեմական, գաղափարական ու կրթական ծառայութեան կողքին, կարեւոր տեղ գրաւեց նաեւ ձեր մասնակցութիւնը Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան համազգային առաքելութեան մէջ, որպէս Ազգային Կենտրոնական Վարչութեան անդամ եւ Ազգային Ընդհանուր Ժողովի պատգամաւոր։ Թող Աստւած բազմապատիկ վարձահատոյց լինի ձեզ՝ ձեր ազգանւէր ու հայրենանւէր ծառայութեան համար»։
Յաջորդիւ արտայայտւեց Թաթուլ Օհանեանի ընտանիքի մտերիմ բարեկամ Հրաչ Ղարախանեանը՝ հիմնականում ընդգծելով յոբելեարի կենսագրական կարեւոր գծերը՝ կուսակցութեան, միութենական եւ ազգային բնագաւառներում, շեշտելով նրա ազգանւէր, հայրենասէր, յանձնառու, ընկերասէր եւ ընտանիքասէր բնաւորութիւնը:
Ընթացքում տեսանիւթեր ցուցադրւեցին պրն. Օհանեանի կենսագրութեան կապակցութեամբ, իսկ էկրանի վրայ ցուցադրւեցին նաեւ գնահատանքի եւ շնորհաւորանքի խօսքերն ու մաղթանքները՝ Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Մինասեանի, Իրանի Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանի, Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ Վիգէն Բաղումեանի, շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչ Արբի Բաբայեանի, «Ալիք» օրաթերթի գլխաւոր խմբագիր Արամ Շահնազարեանի եւ Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտ. վարչութեան նախագահ Սարօ Պօղոսեանի:
Երեկոն անգամներ ընդմիջւեց ստացւած ուղերձներից հատւածների ընթերցմամբ՝ Մանիա Ղուկասեանի եւ Վանանդ Իսաղուլեանի միջոցով եւ գեղարւեստական կատարումներով:
Այս առիթով ուղերձներ էին յղել՝
Թեհրանի հայոց թեմի Առաջնորդ գերաշնորհ Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, Ատրպատականի հայոց թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Գրիգոր Ս. Արք. ՉիՖթչեանը, հոգեւորականաց դասը, Պատգամաւորական ժողովը եւ Թեմական խորհուրդը, գերշ. Տ. Շահան Արք. Սարգսեանը (Լիբանան), Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, նոյն խորհրդարանի 12-րդ նստաշրջանի Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Գեղարդ Մանսուրեանը, Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովը եւ Կրօնական խորհուրդը, Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհուրդը, Հ.Յ.Դ. Թեհրանի շրջանի Կենտ. կոմիտէն, Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան Կենտ. վարչութիւնը, նոյն միութեան Նոր Ջուղայի մասնաճիւղի վարչութիւնը, Փերիոյ Կրթ. միութեան Կենտ. վարչութիւնը (Նոր Ջուղա), նոյն միութեան Թեհրանի վարչութիւնը, Իրանահայ ուսուցիչների միութեան վարչութիւնը, Նոր Ջուղայի Հայ Կանանց Գթութեան միութեան վարչութիւնը, Նոր Ջուղայի Հայուհեաց Բարեգործական ընկերութեան վարչութիւնը, Ն. Ջ. Հայոց Ազգ. Մանկապարտէզի աշխատակազմը, Ն. Ջ. Հայոց Ազգ. «Քանանեան-Կատարինեան» դպրոցի տնօրէնութիւնն ու անձնակազմը, Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը եւ ղեկավարը, Ս. Ամենափրկիչ վանքի «Տաթեւ» երգչախումբն ու ղեկավարը, Հայ Եկեղեցասէր Կանանց Հոգեւոր լսարանի պատասխանատուն եւ «Շուշանիկ» երգչախմբի ղեկավարն ու անդամուհիները, Նոր Ջուղայի Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախումբը, Շահինշահրի Հայ Կանանց Եկեղեցասիրաց միութեան վարչութիւնն ու մեծաթիւ անհատներ՝ յոբելեարի գաղափարակից ընկերներից, ծանօթ-բարեկամներից եւ Նոր Ջուղայի ու Շահինշահրի զոյգ համայնքների անդամներից:
Գեղարւեստական կատարումներով ելոյթ ունեցան՝ Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը՝ ղեկավարութեամ Արբի Բաբումեանի՝ «Յեղափոխական երգերի շարան»-ի կատարումով, «Քառեակ» խումբը աշուղական երգերով, իսկ Նայիրա Ալեքսանեանն ու Արտաշէս Գրիգորեանը հերթաբար դաշնամուրի եւ ֆլէյտայի նւագակցութեամբ՝ դուետ:
Ծրագրի մի բաժնում բեմ հրաւիրւեցին Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Մինասեանը, շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչ Արբի Բաբայեանը եւ «Արարատ» միութեան վաստակաւոր անդամ, մարզիկ եւ մարզիչ Այլին Մելիքեանը, որոնց ներկայութեամբ Սրբազան Հայրը Թաթուլ Օհանեանին յանձնեց ազգային մարմինների կողմից պատրաստւած ոսկեայ մեդալ յուշանւէրը:
Արտայայտւեց նաեւ Թաթուլ Օհանեանը: Նա սկզբում իր սրտագին շնորհակալական խօսքն ուղղեց երեկոյի կազմակերպիչներին, ինչպէս նաեւ ներկաներին՝ նշելով, թէ սա առիթ եղաւ, առաւել մեծ եռանդով եւ խոնարհութեամբ լծւի ժողովրդին ծառայելու գործին: Նա իր երախտագիտութեան զգացումն արտայայտեց իր ընտանիքի անադմներին՝ սկսեալ հանգուցեալ ծնողներից ու տիկնոջից, մինչեւ ընկերներն ու բարեկամները, ինչպէս նաեւ բոլոր այն անհատներին ու մարմիններին, որոնց հետ համագործակցաբար իրագործել է անցնող 70 տարիների իր ազգային գործունէութիւնը: Պրն. Օհանեանն իր խօսքում յիշատակելով, որ այսօր հայրենիքը գտնւում է պետականութեան կործանման մարտահրաւէրի առջեւ, կոչ արեց բոլորին՝ մէկ մարմին դարձած կանգնել հայրենիքի կողքին եւ դէմ դուրս գալ մեր ժողովրդի ընդհանրական շահերը խաթարող թշնամիներին:
Յոբելեարի խօսքին յաջորդեց գինեձօնը, որտեղ ձեռամբ գերշ. Տ. Սիփան Ս. Արք. Քէչէճեանի, թեմի Պատգամաւորական ժողովի դիւանի ատենապետ Նոէլ Մինասեանի, Կրօնական խորհրդի ատենապետ Զաւէն Սիմոնեանի, վաստակաւոր ազգային Վրէժ Տէր-Մարտիրոսեանի եւ Թաթուլ Օհանեանի, գինով ձօնւեցին յոբելեարի կեանքին ու գործունէութեանն անդրադարձող «Թաթուլ Օհանեան. ծննդեան 85, գործունէութեան 65-ամեակ» խորագրով գիրքը, որը պատրաստւել էր Յոբելեանական յանձնախմբի միջոցով 2020 թւականին եւ պրն. Օհանեանի հեղինակած «Խոհեր ու մտածումներ» գրքի 4-րդ հատորը:
Աւարտին հատւեց այս առիթով նախատեսւած տորթը, որից յետոյ տեղի ունեցաւ հիւրասիրութիւն:
Ստորեւ ներկայացնում ենք Թաթուլ Օհանեանի կենսագական գծերից ամփոփ հատւած.
Ծնւել է 1935 թւականի յունւարի 19-ին, Նոր Ջուղայում, հաւատացեալ եւ գաղափարապաշտ ընտանիքում: Զաւակն է Յովհաննէս եւ Սիրանուշ Օհանեանների: Ընտանիքի հինգերորդ զաւակն է, ունեցել է երկու եղբայր եւ չորս քոյր:
Դպրոցն աւարտելուց յետոյ անց է կացրել գծագրութեան եւ քարտէզագրութեան դասընթացներ եւ առաջին անգամ, որպէս գծագրողի, աշխատանքի է անցել Սպահանի հին օդանաւակայանի վերանորոգման, ապա Սպահանի Շաքարի գործարանում: Մեկնելով Թեհրան, աշխատանքի է անցել երկու բնակարանաշինութեան ընկերութիւններում, իսկ վերջում՝ Քառաջի ամբարտակի կառուցման աշխատանքներում: Տեղեկանալով Սպահանի պետական համալսարանի գրական ֆակուլտետում հայագիտական ամբիոնի բացման մասին, 1960 թւականին վերադառնում է Նոր Ջուղա, մասնակցում մուտքի քննութեանը եւ արձանագրւում նոյն ճիւղում, որն աւարտում է 1963-ին, որպէս աւարտաճառ ներկայացնելով 96 մեծադիր էջերից բաղկացած աշխատութիւն՝ «Հայկական հարցի ծագումն ու զարգացումը» թեմայով:
1961 թւականին ամուսնացել է Էլմիկ Կարապետեանի հետ եւ բախտաւորւել երեք զաւակներով եւ հինգ թոռներով:
Ընտրւել է Սպահանի Թեթեւ արդիւնաբերութեան սենդիկատի անդամ եւ 1976-ից մինչեւ 1979-ը վարել է նոյն սենդիկադի ատենապետութիւնը:
2005 թւականին Սպահան նահանգի Արդիւնաբերութեան եւ հանքերի իրաւարական կազմի կողմից արժանացել է նոյն նահանգի աւագանու տիտղոսին եւ այդ առթիւ կազմակերպւած հանդիսութեան ընթացքին ստացել պատւոյ գիր եւ յուշանւէր:
Միութենական
Մարզական ոլորտի իր գործունէութիւնն սկսել է դպրոցական հասակից:
1948 թւականին անդամակցել է ժամանակին վանքի փողոցում գտնւող Ն. Ջ. Հայոց մարզական ակումբին: Սկզբնական շրջանում մասնակցել է թեթեւ ատլետիկայի խմբին, այնուհետեւ՝ բասկետբոլի եւ ընտրւել Սպահանի բասկետբոլի հաւաքականի անդամ:
1952 թւականին ընտրւել է սոյն ակումբի վարչութեան անդամ եւ նոյն թւականին գումարւած Ընտրական ժողովի նախագահ: Յետագային ակումբը տեղափոխւում է Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան ներկայի տարածք: Այդ ակումբի կազմակերպման գործում եւս իր ներդրումն է ունեցել իր մի խումբ երիտասարդ ընկերների հետ:
Երկար տարիներ եղել է մարզական ակումբի վարչութեան անդամ, իսկ յետոյ երբ ակումբը փոխւում է Մարզա-մշակութային «Արարատ» միութեան, նշանակւել է արտօնատէրի պաշտօնում, որը վարում է մինչեւ այսօր:
Միութենական աշխատանք է ծաւալել նաեւ Հայ Ուսում. «Չհարմահալ» միութեան Նոր Ջուղայի մասնաճիւղում, իսկ Ն. Ջ. Փերիոյ Կրթասիրաց միութեան հետ զանազան բնագաւառներում սերտ համագործակցութիւն ցուցաբերելու համար նշանակւել է սոյն միութեան պատւոյ անդամ:
Ազգային
Ազգային-հասարակական գործունէութիւնը սկսել է Նոր Ջուղայի Մեծ Մէյդան թաղի Ս. Աստւածածին եկեղեցու Եկեղեցական վարչութեան անդամակցութիւնից:
1963 թւականին առաջին անգամ ընտրւել է Նոր Ջուղայի Հայոց ազգային դպրոցների հոգաբարձութեան, ապա Նոր Ջուղայի Հայոց Ներկայացուցչական եւ Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովների անդամ, ստանձնելով զոյգ ժողովների ատենապետի պարտականութիւնը: Երկու նստաշրջան ատենապետի հանգամանքով անդամացել է Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդին:
Մասնակցել է Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Ազգային Ընդհանուր ժողովներին (երեք նստաշրջան), Գարեգին Բ. Աթոռակից եւ Արամ Ա. կաթողիկոսների ընտրական Ազգային Պատգամաւորական ժողովներին (Արամ Ա.-ի ընտրութեան Պատգամաւորական Ժողովի ատենապետներից մէկն է եղել), ընտրւել է նաեւ նոյն Կաթողիկոսութեան Ազգային Կենտրոնական վարչութեան Քաղաքական ժողովի անդամ (1982 առ 2000 թթ-ը):
1976 թւականին մի քանի այլ ազգային գործիչների հետ միասին, Նոր Ջուղայում Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա Կաթողիկոսի ձեռամբ պարգեւատրւել է կաթողիկոսութեան «Ասպետ»-ի շքանշանով:
Իրանի Իսլամական յեղափոխութեան 27-րդ տարեդարձի առթիւ, Սպահան նահանգի Իսլամական Առաջնորդութեան եւ Տեղեկատւութեան գերատեսչութիւնների կողմից «առ ի գնահատում յեղափոխութիւնից առաջ եւ յետոյ կատարած բազմամեայ ազգային եկեղեցական եւ հասարակական բեղուն գործունէութեան» արժանացել է պատւոյ գրերի:
Եղել է թեմի 16-րդ Պատգամաւորական ժողովի ատենապետ, իսկ նոյն ժողովի 13-րդ հաշւետու նիստին, թեմի ազգային կեանքում երկար տարիներ ներդրումի եւ վաստակի համար՝ ստացել է «Ցկեանս Պատւոյ Անդամ» կոչումը եւ այժմ նոյն հանգամանքով մասնակցում է 17-րդ Պատգամաւորական ժողովի նիստերին:
Կուսակցական
Հասակ նետելով գաղափարական ընտանիքում, Թաթուլ Օհանեանի մէջ մանուկ տարիքից սերմանւել է հայրենասիրական գաղափարներ:
Երիտասարդ հասակից մասնակցել է կուսակցական աշխատանքներին: Թէժ ու գերլարւած, երբեմն խիստ յուզումնալից երիտասարդական շրջան անցկացնելուց եւ աւելի քան հինգ տարի Երիտասարդական միութեան մէջ աշխատելուց յետոյ, 1956 թւականին անցել է Հ.Յ.Դաշնակցութեան շարքերը: Երդւելուց անմիջապէս յետոյ ընտրւել է Կոմիտէի անդամ, իսկ որոշ ժամանակ անց՝ Կոմիտէի ներկայացուցիչ:
1965 թւին ընտրւել է Մեկուսի կոմիտէի անդամ՝ ստանձնելով Փերիայի եւ միւս երկու շրջանների կուսակցական կեանքի կազմակերպումն ու ղեկավարումը:
1967 թւականին կրկին ընտրւել է Մեկուսի կոմիտէի անդամ՝ ստանձնելով մարմնի ներկայացուցչի հանգամանքը, որը վարել է մինչեւ 1996 թւականը՝ Հ.Յ.Դ.-ի Բիւրոյի անդամ ընտրւելը:
Իր կուսակցական կեանքի տարիների ընթացքում երեք անգամ տարբեր ամբաստանութիւններով ձերբակալւել է: Սակայն դրանցից ամենանշանակալիցը 1986 թւականին Երկրի անվտանգութեան մարմինների կողմից տեղի ունեցած ձերբակալութիւնն էր, որի հետ ձերբակալւեցին նաեւ կուսակցական տարբեր մարմիններում աշխատող եւ պատասխանատւութիւններ ունեցող 20 կուսակցականներ: Շուրջ երեք ամիս տեւած հարցաքննութիւններից յետոյ, բոլորը դատապարտւեցին տարբեր ժամկէտներով բանտարկութիւնների, սակայն ժամկէտից առաջ ներում ստանալով, 1988 թւականի մարտին, մի քանի ամսւայ ընթացքում ազատ արձակւեցին, քանի որ պետական մարմինների համար յետագային պարզ դարձաւ, որ հակառակ տարածւող ապատեղեկատւութեան, Դաշնակցութեան տարբեր ձեւերի եւ բնոյթի աշխատանքներն ու գործունէութիւնը ուղղւած չեն եղել երկրի ազգային անվտանգութեան եւ շահերի դէմ, եւ բացառապէս իրականացւել են հայ ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան եւ Հայ Դատի պայքարի շրջանակներում:
Մասնակցել է Հ.Յ.Դ. 20-րդ (1972 թ.), 21-րդ (1976 թ.), 23-րդ (1985 թ.), 25-րդ (1992 թ.) եւ 26-րդ (1996 թ.) Ընդհանուր ժողովներին: 26-րդ Ընդհանուր ժողովում ընտրւել է Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ: Որպէս Բիւրոյի անդամ մասնակցել է նաեւ 28 եւ 29-րդ Ընդհանուր ժողովներին՝ գումարւած 1998 եւ 2000 թւականներին:
Այժմ շրջանի Հայ Դատի յանձնախմբի անդամ է:
Գրական
Թաթուլ Օհանեանը Հեղինակել է ազգային-եկեղեցական, պատմական, հասարակական, քաղաքական, մշակութային, գրական, ազգագրական յօդւածներ ու մտածումներ, թարգմանութիւններ ու երգիծական բանաստեծութիւններ, որոնք լոյս են տեսել Իրանի եւ Սփիւռքի պաշտօնական թերթերում ու պարբերականներում, ինչպէս նաեւ պարսկալեզու «Պայման» պարբերականում: Մտածումների որոշ մասը զանազան առիթներով ներկայացւել են Երեւանի ու Արցախի հեռուստատեսութեամբ, Բէյրութի եւ Սիդնէյի հայկական ռադիոեթերի ու մամուլին տրւած հարցազրոյցների ընթացքում:
Ժամանակին լինելով «Ալիք» օրաթերթի Նոր Ջուղայի թղթակիցը, գրել է ազգային, հասարակական եւ մարզաշխարհին վերաբերող թղթակցութիւններ, որոնց շարքից ամենակարեւորը 1956 թ.-ի Հայաստանի առաջին Հանրապետութեան վերջին վարչապետ Սիմոն Վրացեանի Նոր Ջուղա կատարած այցելութեան մասին նիւթն է:
Նրա բոլոր յօդւածներն ու նիւթերը տեղ են գտել չորս գրքերում:
Բանախօսութիւններով հանդէս է եկել Իրանի հայկական համայնքներում, ինչպէս նաեւ սփիւռքի հայ համայնքների կողմից զանազան առիթներով կազմակերպւած տօնակատարութիւնների եւ միջոցառումների ընթացքում: