Հովանաւորութեամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ Տ. Սիփան Ս. Արք. Քէչէճեանի եւ նախաձեռնութեամբ Նոր Ջուղայի Հայուհեաց Բարեգործական ընկերութեան վարչութեան, ապրիլի 7-ի երեկոյեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան հանդիսութիւնների դահլիճում նշւեց Ս. Մարիամ Աստւածամօր անարատ յղիութեան աւետման եւ Հայ մայրերի օրը:
Տօնական հանդիսութեան մեկնարկը տրւեց Թեհրանից հրաւիրւած «Զարթօնք» պարախմբի կատարմամբ՝ Արա Գէորգեանի «Մուսա լեռ» երաժշտութեան ներքոյ խանդավառ պարով, ապա յանուն կազմակերպիչ ընկերութեան, ներկաներին ռղջունեցին եւ բացման խօսքով հանդէս եկան բեմավարներ՝ Վեհանուշ Խուդաբախշեանն ու Կարէն Խանլարեանը, որում նախ առիթը պատեհ համարելով շնորհաւորանքի խօսք էր ուղղւած Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Արք. Քէչէճեանին արքութեան տիտղոսին արժանանալու առիթով, ապա ներկաներին՝ տօնի կապակցութեամբ: Բացման խօսքում նաեւ անդրադարձ էր կատարւած օրւայ խորհրդին, որում ի մասնաւորի ասւած էր. «Կրօնական դիտանկիւնից, ամէն ինչի սկիզբը Արարիչն է: Աստւած կնոջ միջոցով փոխանցեց արարման շնորհը, որով սկիզբ է առնում կեանքը: Մայր ասելով ընկալւում է սկիզբ ու ընթացք, քանզի միայն կեանք տալով չէ, որ սահմանափակւում է մայրութեան առաքելութիւնը. այս տօնի խորհուրդը Աստւածայինի եւ մարդկայինի միաձուլումն է»:
Աստւածամօր պատկերի ներքոյ իրականացած տօնական հանդիսութեան ընթացքում «Զարթօնք» պարախումբը գեղարւեստական ղեկավարութեամբ Լորեթա Աւետիսեանի հանդէս եկաւ ոչ միայն պարային համարներով, այլ նաեւ երեկոն ողջունեց օրւան համահունչ գեղեցիկ մեներգերով, զուգերգով եւ բանաստեղծական կտորների կատարումներով՝ երգչուհի Մինէ Թահմազեանի, երգիչ Մխիթար Վարդինիի եւ ասմունքող Սիփան Մկրտումեանի կատարմամբ: Հայուհեաց Բարեգործական ընկերութեան «Փարոս» ասմունքի խմբի անդամներ՝ Վանէ Շահնազարեանը, Բիւրեղ Տէր-Յովհաննիսեանը, Սիսիանա Յակոբեանը եւ Քաջազնունի Սարեանը ելոյթ ունեցան հայ անւանի բանաստեղծների գոհարներից կտորների կատարումներով: Նաեւ մեներգերով հանդէս եկաւ համայնքիս սիրւած երգչուհի Թանիա Մինասեանը: Ելոյթներն ընդմիջւում էին մայրութիւնը գովերգող խօսքերով ու քառեակներով:
Աւարտին յուշանւէրներ յանձնւեցին գեղարւեստական բաժնի մասնակիցներին, ձեռամբ թեմակալ Առաջնորդ Սրբազան Հօր, Բարեգործական ընկերութեան նախագահուհի Սանդրա Խաչատրեանի եւ Կազմակերպչական յանձնախմբի նախագահուհի Քառոլին Առաքելեանի:
Այնուհետեւ գերշ. Տ. Սիփան Ս. Արք Քէչէճեանը տօնի առթիւ իր հայրական պատգամում շնորհաւորանքի խօսք ասելով բոլոր հայ մայրերին, ինչպէս նաեւ գնահատելով ու քաջալերելով կազմակերպիչներին եւ բոլոր դերակատարներին, անդրադարձ կատարեց օրւայ խորհուրդին եւ ասաց. «Զոյգերը հիմք ունենալով սէրը ամուսնանում եւ կազմում են ընտանիք, որը համալրւում է զաւակի ծնունդով: Աղջիկները տեսնելով մայրական ծովածաւալ եւ անսահման զոհողութիւնը, որն անգամ հասնում է մինչեւ տանջանքի ու տառապանքի, դարձեալ ընդունում են մայր դառնալ, որովհետեւ կշեռքի նժարի վրայ տեսնում են մայրական սէրը, նւիրումը եւ առաքինութիւնը, ինչը գերադասելի է միւս նժարի բովանդակութեան նկատմամբ»:
Միջոցառմանը ներկայ էին քահանից դասի, ազգային մարմինների, հայոց ազգ. դպրոցների եւ միութիւնների ներկայացուցիչները, կազմակերպիչ միութեան անդամուհիները եւ ժողովուրդ:
Թղթակից (Նոր Ջուղա)