Աւագ հինգշաբթի՝ մարտի 28-ի առաւօտեան, Յիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքի յիշատակի օրւայ առթիւ, Ս. եւ Անմահ Պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի «Ս. Յովհաննու Կարապետ» եկեղեցում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Արք. Քէչէճեանի:
Օրւայ պատարագիչն էր արժ. Տ. Վարդան Քհնյ. Աղաբաբայեանը։ Պատարագին մասնակցում էին նաեւ թեմի քահանայից եւ դպրաց դասերը:
Ընթացքում, ըստ Հայաստանեայց Առաքելական Սուրբ եկեղեցու կարգ ու կանոնի, քարոզախօսութեան փոխարէն Սրբազան Հօր միջոցով ընթերցւեց Ս. Բարսեղ հայրապետի աղօթքը:
Արարողութեանը ներկայ էին նաեւ Նոր Ջուղայի հայոց ազգ. «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցի աշակերտ-ուհիներն՝ իրենց պատասխանատուների ուղեկցութեամբ:
Նոյն օրը երեկոյեան ժամը 4:00-ին, Ոտնլւայի կարգ իրականացւեց Նոր Ջուղայի «Ս. Ստեփանոս» եւ «Ս. Յովհաննու Կարապետ», իսկ Շահինշահրի «Սրբոց Վարդանանց եկեղեցիներում: «Ս. Ստեփանոս» եկեղեցու արարողութիւնն իրականացւեց Սրբազան Հօր ձեռամբ:
Աւարտին թեմակալ Առաջնորդն անդրադառնալով, որ Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա. Վեհափառ Հայրապետի տնօրինումով արքութեան պարգեւին արժանանալուց յետոյ, Ոտնլւայի կարգն իր առաջին պաշտօնական արարողութիւնն է, հետաքրքիր զուգադիպութիւն համարեց Հայաստանեայց Առաքելական Սուրբ եկեղեցու կողմից կուսակրօն քահանաների համար նախատեսւած ամենաբարձր պաշտօնի՝ արքութեան ստացումն ու որպէս առաջին արարողութիւն խոնարհութիւն խորհրդանշող այս կարգի իրականացումը եւ աւելացրեց, որ Աստւած մի կողմից բարձրագոյն պաշտօնի է արժանացնում մարդուն, միւս կողմից պահանջում է խոնարհութիւն, հեզութիւն եւ հնազանդութիւն:
Նա իր խօսքի շարունակութեան մէջ մատնանշելով Վերջին ընթրիքի աւետարանական բաժինը՝ շեշտեց, թէ պէտք է երկրաւոր կեանքն ապրել քրիստոնեային վայել կերպ, լինելով հեզ ու խոնարհ եւ ընտրելով աստւածահաճոյ ընթացք:
Նշելի է, որ եկեղեցիներում Քրիստոսի առաքեալների դերը մարմնաւորեցին Նոր Ջուղայի հայոց ազգ. «Արմէն» տարրական եւ «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցների աշակերտները:
Այնուհետեւ, երեկոյեան ժամը 7:30-ից սկսեալ, նոր Ջուղայի «Ս. Ստեփանոս», «Ս. Յովհաննու Կարապետ» եւ «Ս. Մինաս», իսկ Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» եկեղեցիներում տեղի ունեցաւ Խաւարման կարգը: Սրբազան Հայրը նախագահեց «Ս. Յովհաննու Կարապետ» եկեղեցում:
Գերշ. Տ. Սիփան Ս. Արք. Քէչէճեանն օրւան պատշաճ իր խօսքն սկսեց անդրադառնալով Վերջին ընթրիքին՝ բնաբան ունենալով առաքեալներին ուղղւած «Ձեզանից մէկը մատնելու է ինձ» եւ «Դուք չէ որ ինձ ընտրեցիք, այլ ես էի, որ ձեզ ընտրեցի» Քրիստոսի խօսքերը, որոնց միջոցով ընդգծեց յատկապէս այն փաստը, թէ մարդիկ իրենց կեանքում ունեն կամքի եւ ընտրութեան ազատութիւն, սակայն կարեւոր է նրանց շրջապատը եւ ընկերական շրջանակը, որն ընտրում են շփւելու եւ իրենց սեղանակիցը դարձնելու համար: Նա յորդորելով, թէ հարկաւոր է մի պահ կտրւել երկրաւոր կեանքից եւ խորհել տիպար անձի մասին, շեշտեց՝ առիթը պատեհ համարել ընկերական շրջանակը գնահատելու եւ սխալ անձանց ընտրութեան դէպքում, այն սրբագրելու համար:
Թղթակից (Նոր Ջուղա)