Շաբաթ՝ փետրւարի 10-ի առաւօտեան, Իրանի Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 45-րդ տարեդարձի առթիւ, Նոր Ջուղայի հայոց ազգ. գերեզմանատան շրջափակում՝ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի հայ նահատակների յիշատակին կանգնեցւած յուշաքարի մօտ, տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ եկեղեցական դասի:
Ծրագրին ներկայ էին նաեւ՝ Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան գերատեսչութեան գլխաւոր տնօրէն պրն. Սէյէդիննիան, Նահատակների եւ անձնուրացների հիմնարկի գերատեսչութեան գլխաւոր տնօրէն պրն. Ահմադինիան եւ իրենց ընկերակցող պատւիրակութիւնները, թեմի ազգային մարմինների ներկայացուցիչները, պարտադրեալ պատերազմի ընթացքում նահատակւած թեմիս զաւակների ընտանիքները, Սպահանի եւ հարաւային իրանահայութեան նահատակների եւ անձնուրացների հարցերով հիմնարկի հետ կապ Զարեհ Ղարախանեանը, Նոր Ջուղայի հայոց ազգ. «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցի աշակերտութեան եւ պատասխանատուների ներկայացուցիչներն ու ժողովուրդ:
Արարողութեան աւարտին արտայայտւեցին թեմիս Պատգամաւորական ժողովի փոխ-ատենապետ Գեղարդ Մանսուրեանը, թեմակալ Առաջնորդ Սրբազան Հայրը եւ Նահատակների եւ անձնուրացների հիմնարկի գերատեսչութեան գլխաւոր տնօրէն պրն. Ահմադինիան:
Գեղարդ Մանսուրեանը Իսլամական յեղափոխութեան պահպանման գործում առանցքային համարելով նահատակների անձնազոհութիւնները, յատկապէս շեշտեց իրանահայ համայնքի դերը Իրանի հողային ամբողջականութեան պաշտպանութեան գործում: Նա ընդգծելով նաեւ անցնող 45 տարիների ընթացքում Իրանում իրականացւած ձեռքբերումները՝ ի մասնաւորի ռազմական բնագաւառում, իր վստահութիւնը յայտնեց, որ ժողովուրդը մասնակցելով առաջիկայ խորհրդարանական ընտրութիւններին, ինչպէս միշտ կասեցնելու է թշնամիների սադրիչ գործողութիւնները:
Գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանն իր խօսքում նախ Իսլամական յեղափոխութեան 45-ամեակի առթիւ շնորհաւորանքի խօսք ուղղեց երկրի հոգեւոր առաջնորդին, պետական այրերին եւ ժողովրդին, ապա նահատակներին ցորենի հատիկների նմանեցնելով, նշեց, թէ ինչպէս ցորենի հատիկները ցանւում են եւ նոր հասկեր են տալիս, նահատակների գաղափարը նորանոր ծիլեր է առաջացնելու եւ տարածւելու է նոր սերնդի սրտում եւ հոգում:
Պրն. Ահմադինիան հաստատելով Սրբազան Հօր արտայայտութիւնները՝ երիտասարդ սերնդի մօտ նահատակների անձնազոհութեան գաղափարի տարածման կապակցութեամբ՝ աւելացրեց, որ Իրանի Իսլ. Հանրապետութիւնը անցնող 45 տարիների ընթացքում իր նւաճումների շնորհիւ իր ժողովրդի հպարտութեան առիթն է հանդիսացել:
Վերջում ներկաները հայ նահատակների յիշատակին խնկարկեցին եւ ծաղիկներ տեղադրեցին նրանց յուշաքարերի առջեւ:
Թղթակից (Նոր Ջուղա)