Շաբաթ՝ յունւարի 13-ի առաւօտեան, Նոր Ջուղայի հայոց ազգային գերեզմանատան տարածքում, Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմում նահատակւած հայորդիներ՝ Վարդան Աբրահամեանի, Ռայմոնդ Խաթուննեժադի, Վրէժ Բաղումեանի, Հենրիկ Տէր-Յովհաննիսեանի, Հրաչ Յակոբեանի եւ Մկրտիչ Թովմասեանի յիշատակին կառուցւած յուշահամալիրի մօտ, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ թեմի քահանայից ու դպրաց դասերի, Ամանորի առթիւ հոգեհանգստեան կարգ կատարւեց՝ պարտադրեալ պատերազմի բոլոր նահատակների՝ ի մասնաւորի վերոնշեալ վեց հայ նահատակների հոգիների խաղաղութեան համար:
Արարողութեանը ներկայ էին՝ Սպահանի նահանգապետ Սէյէդ Ռեզա Մորթազաւի Նեժադը՝ ընկերակցութեամբ նահանգապետարանի զանազան գծերով տեղակալների, Մշակութային ժառանգութեան, զբօսաշրջութեան եւ ձեռարւեստի գերատեսչութեան գլխաւոր տնօրէն Համիդռեզա Մոհաղեղիանը, Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան գերատեսչութեան գլխաւոր տնօրէն Ալի Թամմանային, Նահատակների եւ անձնուրացների հիմնարկի Մշակութային բաժնի փոխ-նախագահ պրն. Սաքեթը, թեմի Պատգամաւորական Ժողովի դիւանի, Թեմական եւ Կրօնական խորհուրդների, Հայ Դատի յանձնախմբի եւ Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան ներկայացուցիչները, նահատակների ընտանիքներն ու նշւած ընտանիքների հետ կապ Զարեհ Ղարախանեանը:
Կարգի աւարտին հնչեց Իրանի Իսլ. Հանրապետութեան հիմնը, ապա պրն. նահանգապետը բնաբան ունենալով Մուհամմեդ մարգարէյի խօսքը՝ նահատակութիւնը Աստծոյ ընտիր պարգեւ համարելով, ասաց, որ Իրանի ժողովուրդը երախտապարտ է իր նահատակներին: Այնուհետեւ նա ծաղկեպսակներ զետեղեց յուշաքարերի մօտ, իսկ նւէրներ յանձնեց նահատակների ընտանիքներին:
Թղթակից (Նոր Ջուղա)