Երկուշաբթի՝ դեկտեմբերի 25-ին, Նոր Ջուղայի Հայոց Երաժշտական թանգարանի սրահում, կազմակերպութեամբ նոյն թանգարանի տնօրէնութեան, տեղի ունեցաւ «Խաչքար. Խաչքարի արւեստը. համատեքստ եւ կառուցւածքային քննութիւն, Սպահան եւ Երուսաղէմ» գրքի ներկայացումը՝ գրքի համահեղինակ Յարութիւն Խաչատրեանի միջոցով: Վերոնշեալ աշխատութեան միւս հեղինակն է Միշէլ Պասմաճեանը:
Սկզբում, ողջոյնի խօսքերով եւ Յարութիւն Խաչատրեանի կենսագրական գծերի մասին արտայայտութիւններով հանդէս եկաւ Վանանդ Իսաղուլեանը: Նա հեղինակին ծանօթացրեց յատկապէս ընդգծելով. «Ծնւել է 1956 Ֆրանսիայի Մարսէլ քաղաքում։ Տեղեկատւական Տեխնոլոգիաների ոլորտի ճարտարագէտ է։ Որպէս անկախ գիտաշխատող՝ նա ուսումնասիրել է Արւեստի հայոց պատմութիւնը INALCO-ում (Արեւելեան լեզուների եւ քաղաքակրթութեան ազգային ինստիտուտ, Ֆրանսիա): Ներկայումս նա աշխատում է Հայաստանում գտնւող խաչքարերի առցանց կառավարման համակարգի վրայ՝ Հայաստանի Հանրապետութեան պատմութեան յուշարձանների ինստիտուտի հետ։ Նա երկու գրքերի համահեղինակ է՝ «Խաչքար. Խաչքարի արւեստը. համատեքստ եւ կառուցւածքային քննութիւն, Սպահան եւ Երուսաղէմ» (Փարիզ, 2014 եւ Երեւան, 2019) եւ «Localitռs et biens cultuels armռniens, un patrimoine en destruction» (Հայկական բնակավայրեր եւ մշակութային յուշարձաններ Օսմանեան Թուրքիայում, ժառանգութիւն կործանման մէջ) (Փարիզ, 2016) գրքերը: 2021 թւականին Յարութիւն Խաչատուրեանը զեկոյց է գրել Արցախի հայկական ժառանգութեան մասին՝ ԻՒՆԵՍԿՕ-ի համար: Ներկայումս նա «Յուշարձաններ եւ ինքնութիւններ Կովկասում-Ղարաբաղը, Նախիջեւանը եւ Ադրբեջանը ժամանակակից աշխարհաքաղաքական հակամարտութիւնում» գրքի համախմբագիրն է, որը պատրաստւում է հրատարակել Նիդեռլանդներում:
Այնուհետեւ հերթն հասաւ պրն. Խաչատրեանին, ով հիմնականում ներկայացրեց գրքում տեղ գտած թեմաներից հատւածներ՝ ի մասնաւորի նորութիւնները: Սկզբում պատասխանեց «ի՞նչ է խաչքարը» հարցին, ասելով. «Խաչքարը յօրինւածք է, երբեմն օծւած, յաճախ օրհնւած, որը քանդակւած է քարի վրայ՝ հարթաքանդակի տեսքով. կազմւած է խաչից, զարդաքանդակներից եւ սովորաբար արձանագրութիւններից, որը պարունակում է «Սուրբ խաչ» կամ «Սուրբ նշան» բառերը»:
Շարունակութեան մէջ համապատասխան լուսանկարներով բացատրութեամբ հանդէս եկաւ խաչքարերի դիրքերի եւ բաղադրիչների մասին, համեմատութիւններ անցկացրեց Երուսաղէմի եւ Նոր Ջուղայի խաչքարերի միջեւ, ապա անդրադարձ կատարեց Նոր Ջուղայի խաչքարերի յատկութիւններին:
Նա ընդգծեց, որ Նոր Ջուղայի եկեղեցիներում տեղադրւած խաչքարերը հիմնականում գտնւում են խորանի, մուտքի կամ մկրտութեան աւազանի հատւածներում:
Պրն. Խաչատուրեանը ժամանակագրական իմաստով եւս համեմատութիւն անցկացրեց Նոր Ջուղայի եւ Երուսաղէմի խաչքարերի միջեւ եւ շեշտեց, որ Նոր Ջուղայում դրանք քանդակւել են 1602 թւականից եւ շարունակւել են շուրջ 90 տարի, իսկ Երուսաղէմում քանդակութեան գործն սկիզբ է առել աւելի շուտ՝ 1000 թւականից եւ շարունակւել է մինչեւ 1824-ը:
Նա ընդգծեց նաեւ, որ թէեւ Նոր Ջուղայում խաչքարի քանդակագործութիւնը Հին Ջուղայի քանդակագործութեան արւեստի շարունակութիւնն է, սակայն մի շարք տարբերութիւններ են նկատւում դրանց միջեւ, սկսած չափերից, որոնք Նոր Ջուղայի քանդակներում շատ աւելի փոքր են, մինչեւ զարդաքանդակներում նկատելի բազմազանութիւնները:
Ներկայացման աւարտին համահեղինակը պատասխանեց ներկաների հարցումներին, իսկ գրքից մէկական օրինակ նւիրեց Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Ներսէս Շնորհալի», հայոց ազգ. կրթահամալիրի «Յովհաննէս Թումանեան» եւ Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան «Մ. Նալբանդեան» գրադարաններին:
Թղթակից (Նոր Ջուղա)