Սիւնիքի մարզի Կապան քաղաքի համայնքապետարանի պատւիրակութիւնը Սպահան կատարած աշխատանքային այցի շրջանակներում հոկտեմբերի 22-ին հիւրընկալւեց ՍՀԹ Ազգային Առաջնորդարանում:

Թեմակալ Առաջնորդ գերշ. Տէր Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի գլխաւորութեամբ Ազգային Առաջնորդարանի «Ծաղկեայ Դահլիճ»-ում կազմակերպւած հանդիպմանը մասնակցում էին պատւիրակութեան անդամներ՝ ՀՀ Կապան համայնքի ղեկավար Գէորգ Փարսեանը եւ նրա տեղակալ Մարատ Յարութիւնեանը, Կրթութեան, մշակոյթի եւ սպորտի բաժնի առաջատար մասնագէտ Յասմիկ Աւետիսեանը, նոյն համայնքի մամուլի քարտուղար Յասմիկ Յարութիւնեանը, գործարար Գրիգորի Փարսեանը եւ նրանց ուղեկցող՝ Իրանում ՀՀ հիւպատոս՝ Արթուր Սարգսեանը։ Հիւրընկալող կողմից հանդիպմանը ներկայ էին Թեմի Պատգ ժողովի, Թեմական եւ Կրօնական խորհուրդների, Հաշւեքննիչ մարմնի եւ Հայ Դատի յանձնախմբի անդամներն ու համայնքում գործող միութիւնների նախագահները։

Բարի գալստեան եւ ողջոյնի խօսքերով հանդէս եկաւ գերշ. Տէր Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը։

«Մեզ համար մեծ ուրախութիւն է վայելել Ձեր ներկայութիւնը Նոր Ջուղայի Ազգային Առաջնորդարանում, լսել Ձեր սրտի խօսքը եւ նամանաւանդ Ձեր միջոցով հաղորդ դառնալ մերօրեայ կռւախնձոր՝ Սիւնիքին վերաբերող լուրերին», ասաց թեմակալ Առաջնորդը։

Նա յատուկ շնորհակալութիւն յայտնեց Սիւնիքի մարզի ղեկավարութեանն ու ժողովրդին Արցախից բռնի տեղահանւած հայրենակիցներին ընդունելու եւ ապաստան տալու համար։

Գէորգ Փարսեանը շնորհակալութիւն յայտնելով ջերմ հիւրընկալութեան համար, փոխանցեց Սիւնեաց թեմի առաջնորդական տեղապահ Տէր Մակար վարդապետ Յակոբեանի ողջոյններն ու ներկայացրեց պատւիրակութեան անդամներին։

Նա փոխանցելով, որ պատւիրակութիւնը Սպահան է ժամանել Սպահանի քաղաքապետարանի հրաւէրով, տեղեկութիւններ փոխանցեց քաղաքապետարանի հետ ունեցած հանդիպման վերաբերեալ, ինչպէս նաեւ Սպահանի հայաբնակ՝ 5-րդ շրջանի քաղաքապետարանի հետ յարաբերութիւններ ձեւաւորելու իրենց պատրաստակամութեան մասին։

Կապանի համայնքապետն ընդգծելով հայ-իրանական կապերի ակտիւացումը, յատկապէս Կապանում Իրանի Իսլ. Հանրապետութեան գլխաւոր հիւպատոսութեան բացումից յետոյ, յաւելեց, որ այսօր բազմաթիւ աշխատանքներ են իրականացւում այդ յարաբերութիւնները խորացնելու եւ ամրապնդելու համար։

Խօսելով Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի իշխանութիւնների հերթական ագրեսիայի հետեւանքով արցախահայութեան բռնի տեղահանման մասին, նա տեղեկացրեց, թէ այսօրւայ դրութեամբ շուրջ 5000 արցախցիներ գտնւում են Սիւնիքի մարզում։

Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Մինասեանն անդրադառնալով Սպահանի քաղաքապետարանի նախաձեռնութեամբ եւ Սպահանի 5-րդ եւ մի քանի այլ շրջանների քաղաքապետերի ընկերակցութեամբ Կապան կատարած իր այցելութեանը, որն առաջինն էր Կապանում Իրանի Իսլ. Հանրապետութեան գլխաւոր հիւպատոսութեան բացումից յետոյ, տեղեկութիւններ փոխանցեց հանդիպումների արդիւնքում տարբեր ոլորտներում ձեւաւորւած երկկողմ յարաբերութիւնների մասին։

Նա վստահեցրեց, որ ինչպէս միշտ Հայաստանն ու Արցախը լինելու են սփիւռքահայութեան ուշադրութեան կիզակէտում եւ հայ ժողովուրդը միահամուռ կերպով դիմագրաւելու է հայրենիքի առջեւ ծառացած մարտահրաւէրները։

Պատգ. Ժողովի ատենապետ Նոէլ Մինասեանը նախ ողջունեց Կապանից ժամանած պատւիրակութեան եւ Իրանում Հայաստանի Հանրապետութեան հիւպատոսի ներկայութիւնը։ Այնուհետեւ խօսելով համահայկական արժէք ներկայացնող Թեմի ազգային հարստութեան եւ գոյութիւն ունեցող  ներժուի մասին, նշեց, որ անցնող աւելի քան 400 տարիների ընթացքում Նոր Ջուղայի հոգեւոր ու ազգային ղեկավարութեան եւ ժողովրդի հայեացքը միշտ ուղղւած է եղել դէպի հայրենիք եւ հէնց այդ գաղափարն է կանգուն պահել համայնքը։ Իսկ այսօր, հայրենիքի համար այս օրհասական պահին, ազգային այս հարստութիւնը պէտք է ծառայի իր նպատակին եւ ժամանակն է այս ուղղութեամբ դիմել գործնական քայլերի։

Նա իր խօսքն աւարտեց շեշտելով իրանահայութեան միջնորդւած կարեւոր դերը Իրան-Հայաստան յարաբերութիւնները խթանելու առումով։

Հայ Դատի յանձնախմբի անունից արտայայտւեց Արբի Բաբայեանը, ով կարճ ակնարկ ունեցաւ Սփիւռքի տարբեր համայնքներում գործող Հայ Դատի յանձնախմբերի գործունէութեանը՝ Հայաստանի եւ հայ ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան, ինչպէս նաեւ սփիւռքում հայապահպանման ուղղութեամբ, նշեց, թէ նոյն ոգով շարունակւելու է այդ աշխատանքը։

Հանդիպումն աւարտւեց երկկողմ յուշանւէրների փոխանակմամբ։

Նշելի է, որ պատւիրակութեան անդամներն նոյն օրը Նոր Ջուղայում կատարեցին մի շարք այցելութիւններ: Այդ ծիրում, առաւօտեան ժամը 9:30-ից սկսած, ընկերակցութեամբ Սպահանի 5-րդ շրջանի քաղաքապետ պրն. Քարգարի ու քաղաքապետարանի մի շարք պաշտօնատարների, ինչպէս նաեւ Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Մինասեանի, քայլելով հայկական թաղամասի փողոցներով, նախ այցելեցին Նոր Ջուղայի հայոց երաժշտական թանգարան, ապա Հայոց ազգ. կրթահամալիր, որտեղ հանդիպում ունեցան Մանկապարտէզի, «Արմէն» տարրական եւ «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցների տնօրէնութիւնների հետ: Առաւօտեան շրջայցի ծրագիրը եզրափակւեց «Ս. Բեթղեհէմ» եկեղեցի այցելութեամբ:

Պատւիրակութիւնն երեկոյեան այցելեց Ս. «Ամենափրկիչ» վանքի «Ս. Յովսէփ Արիմաթացի» եկեղեցի, Ազգագրական եւ «Խաչատուր վրդ. Կեսարացի» թանգարաններ, որտեղ յատուկ հիւրերի մատեանում գրառում կատարեց Գէորգ Փարսեանը, իսկ ազգայինների հետ հանդիպումից յետոյ՝ Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միութիւն:

 

Թղթակից (Նոր Ջուղա)