Շաբաթ՝ սեպտեմբերի 23-ի առաւօտեան, Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը ընկերակցութեամբ թեմի ազգային մարմինների ներկայացուցիչների այցելեց Նոր Ջուղայի հայոց ազգ. կրթահամալիր, որտեղ շրջափակում համախմբւած «Արմէն» տարրական եւ «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ երկսեռ դպրոցների աշակերտութիւնը, անձնակազմերն ու ծնողներն անհամբերութեամբ սպասում էին դպրոցական վերամուտին:
Ծրագրի սկզբում ողջոյնի, բարի գալստեան եւ շնորհաւորանքի մաղթանքներով հանդէս եկան «Արմէն» դպրոցի տնօրէն Գեղարդ Մանսուրեանն ու «Քանանեան-Կատարինեան»-ի տնօրէն Կարինէ Մինասեանը:
Գեղարդ Մանսուրեանն իր խօսքում յատկապէս շեշտեց, որ սփիւռքեան պայմաններում ի գին զոհողութիւնների, ազգային մարմինների, դպրոցների, ծնողների եւ միութիւնների կողմից ամէն ջիք գործադրւում է՝ մատաղ սերնդի կրթութեան եւ հայեցի դաստիարակութեան համար, քանի որ բարձր գիտութեամբ եւ ազգային արժէքներով օժտւած սերունդը ի վիճակի է լինելու տէրն ու պաշտպանը կանգնել ազգին ու հայրենիքին: Կարինէ Մինասեանն ընդգծելով, թէ կրթութեան նպատակը յաջողութեան բարձր մակարդակին հասնելն է, յոյս յայտնեց, որ ինչպէս միշտ հայոց դպրոցների աշակերտութեան ջանասիրութեան շնորհիւ դպրոցը զանազան բնագաւառներում կարձանագրի յաջողութիւններ:
Այնուհետեւ իր հայրական պատգամը փոխանցեց թեմակալ Առաջնորդ Սրբազան Հայրը: Նա շեշտեց, որ հայրենիքի համար ստեղծւած այս ծանր եւ դժւարին ժամանակներում առաւել բարդ, սակայն կարեւոր է պատմութեան եւ ներկայ աշխարահագրութեան ուսուցման գործը, որպէսզի կարողանանք այնպիսի մատաղ սերունդ դաստիարակել, ով կը կարողանայ համալրել հայրենիքի պաշտպան կանգնած հայորդիների շարքը: Նա նաեւ յաջողութիւն մաղթեց բոլոր պատասխանատուներին եւ աշակերտներին՝ արդիւնաբեր աշխատանք կատարելու համար:
Վերջում ներկաներն աղօթեցին, իսկ աշակերտները Սրբազան Հօր ձեռամբ հնչած զանգի ղօղանջով շտապեցին դասարաններ՝ ծանօթանալու իրենց պատկան ուսուցիչներին:
Սրբազան Հայրն ու ազգայիններից կազմւած պատւիրակութիւնն այցելեցին մի շարք դասարաններ ու մօտիկից շփւեցին աշակերտների եւ ուսուցիչների հետ:
Այնուհետեւ դպրոցական վերամուտի հանդիսութիւն իրականացւեց նաեւ Հայոց ազգ. Մանկապարտէզի շրջափակում: Այստեղ նորանշանակ տնօրէն Արփինէ Յովսէփեանը լաւագոյն մաղթանքներով բարի գալուստ ասաց փոքրիկ սաներին, ապա աւելացրեց, որ դպրոցի անձնակազմի հետ միասնաբար անխոնջ աշխատանք է իրագործելու, որպէսզի փոքրիկները անհոգ մանկութեանը զուգահեռ, զարգանան եւ սերտեն կեանքի համար անհրաժեշտ հմտութիւնները:
Գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը սաներին բարի գալուստ մաղթեց եւ յորդորեց՝ դպրոցական ժամանակաշրջանում սովորել նոր գիտելիքներ եւ լսել ու կատարել դաստիարակների խրատները:
Այստեղ նոյնպէս միասնական աղօթքից յետոյ, Սրբազան Հօր միջոցով հնչեց դպրոցական զանգը:
Նշելի է, որ սեպտեմբերի 20 եւ 21-ին, հերթաբար «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցի 7-րդ եւ «Արմէն» տարրական դպրոցի առաջին դասարանների աշակերտները ներկայ գտնւելով նշւած կրթօջախների յարկի տակ, ոչ միայն ծանօթացան պատկան պատասխանատուների եւ դպրոցի զանազան բաժինների հետ, այլ նաեւ հաճելի պահեր անցկացրին իրենց նոր ուսումնարաններում::
Թղթակից (Նոր Ջուղա)