Նոր Ջուղայի Հայ մարզամշակութային «Արարատ» միութեան Սկաուտական միաւորի Գերագոյն մարմնի նախաձեռնութեամբ, նոյն միաւորի Կազմակերպիչ յանձնախմբի կազմակերպութեամբ եւ միութեան Ֆուտբոլի յանձնախմբի համագործակցութեամբ, օգոստոսի 15-ի երեկոյեան, միութեան մարզասրահում տեղի ունեցաւ ամենամեայ ֆուտբոլի մրցաշարի բացման հանդիսութիւնը՝ նւիրւած 1983 թ. յուլիսի 27-ին, Լիզբոնում զոհւած հինգ քաջարի մարտիկներ՝ Սեդրակ Աճէմեանի, Վաչէ Դաղլեանի, Արա Քրջլեանի, Սիմոն Եահնեանի եւ Սարգիս Աբրահամեանի յիշատակին:
Բացման ծրագրի սկզբում ներկաներին ողջունեց օրւայ հաղորդավարուհի՝ Սկաուտական միաւորի դեր-առաջնորդ Վանէ Յովսէփեանը, ապա բոլորը յոտնկայս հետեւեցին խմբապետ Ռոբերտ Սիմոնեանի հրահանգով նոյն միաւորի Արի-Արենուշ հատւածների ներկայացուցիչների միջոցով եռագոյն դրօշի եւ նկարագարդի մուտքը դահլիճ: Լիզբոնի մարտիկների նկարները տեղադրւելուց եւ «Պատւի առ» հրահանգից յետոյ՝ մէկ րոպէ յոտնկայս լռութեամբ յարգւեց անմահ հերոսների անմոռաց յիշատակը:
Յաջորդիւ հաղորդավարուհին անդրադառնալով Լիզբոնի հինգ տղաների գործողութեան իւրայատուկ տեղին ու դերակատարութեանը՝ միջազգային մակարդակի վրայ հայութեան Դատը լայնօրէն ներկայացնելու եւ ծանօթացնելու ուղղութեամբ, նշեց. «Այս յիշատակի երեկոները, կը գան լռութեան պատերը քանդելու, կը գան ասելու, թէ հայ երիտասարդութիւնը պատրաստ է իւրաքանչիւր օր շարունակել պայքարը, որպէսզի համայն աշխարհին լսելի դարձնի անարդարութեան մասին, որը մինչեւ այսօր էլ շարունակւում է Արցախի շրջապատումով: Հայ ժողովուրդը վերստին պահանջում եւ սպասում է արդարութեան վերականգնմանը»:
Սկաուտական միաւորի Գերագոյն մարմնի խօսքն ընթերցեց Գերագոյն մարմնի եւ Կազմակերպիչ յանձնախմբի կապ, դեր-խմբապետ Նարեգա Սիմոնեանը, որում պատմական ակնարկ էր նետւած Լիզբոնի հինգ մարտիկների սխրանքին եւ մասնաւորապէս նշւած էր՝ «Լիզբոնի տղաների մարտիրոսացումը դարձաւ նորօրեայ վկայութիւնը՝ իմացեալ մահով անմահութիւն նւաճելու համար: Նրանց հետ մեր էութեան կենսուրախ բջիջը ողջակիզւեց, պատգամելով՝ չմոռանալ հայ ժողովրդի դէմ գործադրւած ցեղասպանութիւնը եւ ըստ արժանւոյն տէր կանգնել մեր արդար դատին»:
Օրւայ առթիւ հրաւիրւած էր բանախօսելու Սոնիկ Բաղումեանը, ով նախ իր յարգանքի խօսքն ուղղելով ողջակիզւած հինգ երիտասարդների անմոռաց յիշատակին, ողջունեց «Արարատ» միութեան Սկաուտական միաւորի անդամներին՝ մրցաշարի կազմակերպման եւ Լիզբոնի Հինգի գաղափարն ու ճանապարհը շարունակելու համար:
Նա այնուհետեւ անդրադառնալով օրւայ խորհրդին ասաց. «Նրանք անցան զոհաբերութեան ռուբիկոնը, կարողացան յաղթահարել եւ ինքնազոհողութեան գնալով՝ դրսեւորեցին իրենց բարձր կամքը, որպէսզի արծարծեն հայ ժողովրդի իրաւունքների արդարացիութիւնը, ինչը վերջին շրջանում նրանց այս գաղափարին տւել է յաւերժական Հայաստան գաղափարի գեղեցիկ բանաձեւումը»:
Շարունակութեան մէջ տկն. Բաղումեանն ասաց. «Լիզբոնի տղաները եթէ այսօր ողջ լինէին, եթէ ոչ Լիզբոնում, ապա հայ ժողովրդի պաշտպանութեան այլ ճակատներում հաստատ կը լինէին առաջին շարքերում, ինչպէս հետագային եղան՝ նրանց միւս ընկերները: Նրանց չապրած 40 տարիները, գուցէ մեզանից շատերի ապրած 40 տարիներից աւելի մեծ ազդեցութիւն եւ արժէք ունեցան մեր ժողովրդի համար, այդ իսկ պատճառով, գրւել են երգեր եւ մինչ այսօր խօսւում է նրանց սխրագործութեան մասին եւ դա շատ կարեւոր հանգամանք է. առաջարկում եմ խորհեն բոլորը, որ մեր ապրած կեանքը եւ հետագային, երբ պիտի չապրենք, որքանով է օգուտ հասցնելու եւ ինչքանով է ազդելու մեր հայրենիքի ու մեր ժողովրդի գեղեցիկ ապագան կերտելու հարցում»:
Բանախօսը մատնանշելով նաեւ Արցախում հայորդիների ծանր պայմանները, ասաց. «Եթէ այսօր Արցախում հայը սովամահ է դառնում թրքական եւ ադրբեջանական նենգ քաղաքականութեան ու համաշխարհային լռութեան պայմաններում, ուրեմն Լիզբոնի տղաները իրենց պայքարի մէջ սխալ չեն եղել»:
Ծրագիրը շարունակւեց դեր-առաջնորդ Ստեփանիա Յակոբեանի կատարմամբ՝ Յովհաննէս Շիրազի «Յիշէ՛ք հայեր» ստեղծագործութեան ասմունքով:
Յաջորդիւ հրաւիրւեց Սպահանի հայոց թեմի Առաջնորդ Տ. Սիփան Ս. Եպս Քէչէճեանը իր պատգամը փոխանցելու:
Սրբազան Հայրն ասաց. «Այս հինգ տղաների ինքնակամ եւ գիտակցութեամբ անձնազոհութիւնը եկաւ արթնացնելու աշխարհին եւ միջազգային պետութիւններին, որպէսզի վերջ տան իրենց կոյր քաղաքականութեանը, ի դէմս՝ Հայ Դատի եւ Հայոց ցեղասպանութեան: Այս բոլորից յետոյ մենք 40-տարիներ շարունակ կարողացանք կողմնորոշւել, ճշտորոշւել եւ բռնել ուղիղ ճանապարհը, որը մեզ առաջնորդեց դէպի յաղթանակ, սակայն այսօր յայտնւել ենք այնպիսի իրավիճակում, որտեղ 44-օրեայ պատերազմի հինգ հազար զոհերը չեն կարողանում արթնացնել միջազգային պետութիւնների խիղճը, ինչպէս նաեւ մի շարք հայորդիների գիտակցութիւնը… Թող այսօր հինգ երիտասարդների պայթումի ձայնին միանան մեր բոլոր նահատակները, արթնացնելու արդարադատութեան դատարանի խիղճը, միջազգային պետութիւնների գիտակցութիւնը, բայց մանաւանդ մեզ, որպէս ժողովուրդ հետեւելու եւ ճշգրիտ ճանապարհին հասնելու համար:
Թեմակալ Առաջնորդն իր խօսքի աւարտին ուժ ու կորով եւ համբերութիւն մաղթեց, բայց մանաւանդ մաղթեց՝ յոյս, սէր, հաւատք եւ միութիւն՝ մեր ազգի բոլոր զաւակներին:
Բացման հանդիսութեան աւարտին թեմակալ Առաջնորդ Սրբազան Հօր ձեռամբ օրհնւեց եւ խաղադաշտ նետւեց գնդակը, ապա տեղի ունեցաւ ընկերական խաղ՝ Ն. Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան ֆուտբոլի կրտսեր խմբի անդամների մասնակցութեամբ:
Վերջում, որպէս մրցութային բաժնի մեկնարկ՝ խաղադաշտ իջան «Արցախ» եւ «Շուշի» խմբերը:
Նշելի է, որ այս տարի մրցաշարին իրենց մասնակցութիւնն են բերել Նոր Ջուղայի եւ Շահինշահրի երիտասարդներից կազմւած՝ «Արարատ», «Արցախ», «Շուշի», «Ուրարտու» եւ «Սարդարապատ» խմբերը:
Հնգօրեայ խաղերի փակումը կայանալու է շաբաթ՝ օգոստոսի 19-ին:
Խաղերի բացման արարողութեանը ներկայ էին նաեւ՝ Սպահանի Հայոց թեմի ազգային մարմիների, շրջանիս Հայ Դատի յանձնախմբի եւ «Արարատ» միութեան Կենտ. վարչութեան ներկայացուցիչներն ու ժողովուրդ։
Թղթակից (Նոր Ջուղա)