Հովանաւորութեամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի եւ նախաձեռնութեամբ Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Մշակութային  միաւորի վարչութեան, հինգշաբթի՝ յունիսի 29-ի երեկոյեան, նոյն միութեան հանդիսութիւնների դահլիճում կայացաւ երգչախմբային փառատօն, ներկայութեամբ՝ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի, ազգային մարմինների, Հայ Դատի յանձնախմբի, միութիւնների եւ դպրոցների ներկայացուցիչների, Թեհրանից ու Նոր Ջուղայից մի շարք այլ հրաւիրեալների եւ ներկաների:  

Փառատօնի գեղարւեստական ղեկավարներն էին՝ Ռիմա Սիմոնեանն ու Կարին Տէր-Մարտիրոսեանը. վերջինս ստանձնել էր նաեւ երեկոյի հաղորդավարութիւնը:

Ծրագրում գեղարւեստական կատարումներով ելոյթ ունեցան կազմակերպիչ միաւորի «Կռունկ» համոյթի պարի եւ ասմունքի խմբի անդամները, Հայոց ազգ. «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցի «Ղօղանջ», Ս. Ամենափրկիչ վանքի «Տաթեւ» եւ «Կոմիտաս» երգչախմբերը եւ պարի ու երգի մի շարք անհատ կատարողներ, որոնք ներկայացրին Սայեաթ Նովայի, Աշուղ Ալլահվերդիի, Աշուղ Աշոտի, Գուսան Շերամի, Գուսան Շահէնի, Աշոտ Գրաշու, Մակար Եկմալեանի, Առնօ Բաբաջանեանի եւ այլ հանճարների ստեղծագործութիւններից բարձրորակ երգեր ու ասմունքներ. ասմունքներին զուգահեռ կատարւեցին պարային ելոյթներ: 

Նշելի է, որ ծրագրի ամբողջ ընթացքում գեղարւեստական կատարումները ընդմիջւում էին հաղորդավարուհու միջոցով ընթերցւած «Աշուղական երանգներ» խորագրով խօսքերով, որտեղ ոչ միայն անդրադարձ կար Նոր Ջուղային՝ որպէս աշուղական դպրոցի բնօրրան, այլ նաեւ բացատրութիւններ եւ հետաքրքիր տեղեկութիւններ էր փոխանցւել աշուղական երգերի զարգացման եւ տարածման փուլերի ու վարպետութեան կոչում ստանալու դժւարին ուղու մասին. խօսքի եզրափակիչ մասում բացատրւեց, թէ ինչպէս Նոր Ջուղայի աշուղական դպրոցը պահպանւեց մինչեւ 18-րդ դարը, իսկ դրանից յետոյ տարածում գտաւ հայկական այլ գաղթօջախներում:

Ելոյթների աւարտին միութեան Կենտրոնական վարչութեան անունից, ձեռամբ թեմակալ Առաջնորդ Սրբազան հօր եւ նոյն վարչութեան նախագահ՝ Ժորժիկ Ղազարեանի, գեղարւեստական ղեկավարներին, մասնակից խմբերի ղեկավար կազմին, ինչպէս նաեւ Թեհրանից հրաւիրեալ պարուհի Քառոլին Խուդադադեանին շնորհւեցին յուշանւէրներ ու ծաղկեփնջեր:

Երեկոյի եզրափակիչ խօսքը վերապահւած էր թեմակալ Առաջնորդին, ով իր ուրախութիւնը յայտնելով նման երեկոյին մասնակցելու համար, լրացուցիչ տեղեկութիւններ փոխանցեց գուսանի եւ աշուղի տարբերութեան մասին: Նա աւելացրեց նաեւ, որ աշուղի սազը իր զէնքն էր, իր հոգին եւ երբ երկու վարպետ առճակատւում եւ մրցակցում էին, պարտւողը սազը յանձնում էր յաղթողին: Գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը փառատօնը բացառիկ եւ բարձր մակարդակով կազմակերպւած ձեռնարկ  որակելով, ասաց, որ ելոյթները հոգեզմայլ էին եւ ձեռնարկի շնորհիւ ազգայինը յաղթեց օտարամոլութեանը:   

Սրբազան Հայրն իր խօսքն աւարտեց՝ շնորհակալական, շնորհաւորանքի եւ գնահատանքի արտայայտութիւններով, ուղղւած՝ կազմակերպիչներին, մասնակից խմբերի անձնակազմին, նաեւ միութեան Կենտրոնական վարչութեանը, ազգային իշխանութեանը՝ ի մասնաւորի Թեմական խորհրդին՝ նիւթաբարոյական օժանդակութիւն ցուցաբերելու համար:

Ստորեւ ներկայացնում ենք մասնակիցներին.

  - Աշուղ Ալլահվերդի- «Հեռեւանց ճանաչում աս»,  ասմունքեցին Շաղիկ Մատթէոսեանը եւ Վանանդ Իսաղուլեանը:

-Աշուղ Աշոտ- «Երկար անցար», մեներգեց՝ Այլին Քեշիշեանը:

- Սայեաթ Նովա- «Թամամ աշխարհ պտուտ էկայ», ասմունքեց Մանիա Ղուկասեանը՝  Սիւնէ Շահիջանեանի եւ Նազէ Ասատրեանի պարային կատարումներով զուգորդւած:

- Գուսան Շերամ- «Շորորա», մեներգեց Վանանդ Իսաղուլեանը, իսկ զուգահեռ մենապարեց Քաթրին Մարկոսեանը:

-Սայեաթ Նովա- «Դուն էն գլխէն իմաստուն իս», ասմունքեց Լեռնիկ Ծատուրեանը:

-Սայեաթ Նովա- «Նազանի», մենապարեց  Քառոլին Խուդադադեանը:

-Գուսան Շերամ- «Պարտէզում վարդ է բացւել» եւ «Մարալ ջան», կատարեցին՝ Նարբէ Գրիգորեանը, Արայիկ Սիմոնեանը, Թադէ Մկրտչեանը եւ Արւին Մինասքանեանը. երգը ներկայացւեց Հարմա Կարապետեանի մշակմամբ եւ Նարբէ Գրիգորեանի ղեկավարութեամբ:

-Ս.Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբ, խմբավար՝ Արբի Բաբումեան.

Խումբը կատարեց՝ «Ճախարակ» (խօսք՝ Ղազարոս Աղայեանի, մշակում՝ Մակար Եկմալեանի), «Ծամերդ» եւ «Կոլոտ էր» (մշակում՝ Մակար Եկմալեանի) երգերը:

-Նոր Ջուղայի հայոց ազգ. «Քանանեան-Կատարինեան» դպրոցի «Ղօղանջ» երգչախումբ, ղեկավար՝  Նայիրա Ալեքսանեան.

 Կատարեց՝ «Ազգային-հայրենասիրական երգերի շարան»-ը եւ «Ազգ իմ փառապանծ»-ը (խօսք՝ Աշոտ Գրաշիի, երաժշտ.՝ Առնօ Բաբաջանեանի):

-Ս.Ամենափրկիչ վանքի «Տաթեւ» երգչախումբ, խմբավար՝ Համիկ Ալեքսանդրեան.

Խումբը կատարեց՝ Գուսան Շահէնից երկու երգ՝ «Նայիրեան դալար բարդի» (մշակում՝ Հենրիկ Անասեանի) եւ «Խռոված էր» (մշակում՝ Համիկ Ալեքսանդրեանի):

Աւելացնենք նաեւ, թէ «Կռունկ» համոյթի ասմունքի խմբի ղեկավարն է Ռիմա Սիմոնեանը:

 Հարկ է նշել, որ ընթացքում, վարագոյրի վրայ ցուցադրւեցին թեմատիկ լուսանկարներ եւ ֆիլմեր. այս ծիրում պարային շարժումներից բաղկացած տեսանիւթի պատրաստման համար համագործակցել էին պարուսոյց Քաթրին Թորոսեանը եւ պարուհիներ՝ Քաթրին Ակոնը, Էմիլի Ծատուրեանն ու Տեսիլ Գալստանեանը:

 

Թղթակից (Նոր Ջուղա)

Լուսանկարիչ՝ «Գեւիկ» Ստուդիօ