Ուրբաթ՝ յունիսի 23-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան սրահում, Իրանի Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը հանդիպեց Նոր Ջուղայի հայ համայնքի հետ:
Նախ պրն. Բեգլարեանը հանդէս եկաւ իր գործունէութեան շուրջ բացատրութեամբ: Սկզբում նշեց, որ խորհրդարանի 11-րդ նստաշրջանի իր գործունէութեան ընթացքում ձեռք է բերել աշխատանքային տարբեր փորձառութիւն՝ յատկապէս համաճարակի տարածման եւ Արցախեան 44-օրեայ պատերազմի պատճառներով:
Նա անդրադարձ ունեցաւ խորհրդարանական օրէնսդրական եւ վերահսկման աշխատանքներին զուգահեռ կատարած իր իրագործումներին՝ ի մասնաւորի նշելով, սոցցանցերի միջոցով ժողովրդի հետ կապը, պատկան գրասենեակին ներկայացւած բազմահարիւր դիմումները եւ դրանց բնոյթը, երկրի տնտեսական անբարենպաստ պայմանների պատճառով ծանր վիճակում յայտնւածներին պարենային եւ դրամական օժանդակութիւնները, դէպի հայոց ազգ. դպրոցներ ուղղորդւած օժանդակութիւնները, որոնցից է պատգամաւորի անմիջական միջամտութեամբ դպրոցները օպտիկաթելքային (ֆիբր նուռի) համակարգով օժտելը եւ այլ աշխատանքներ:
Ռոբերտ Բեգլարեանը նաեւ աւելացրեց, որ բանակցութիւններ է վարում պատգամաւորին յատկացւող յաջորդ տարւայ բիւդջէն, իր ընտրատարածքում բնակարանաշինութեան կամ որեւէ այլ նախագծի ծառայեցնելու ուղղութեամբ:
Պատգամաւորը յատկապէս անդրադարձ ունեցաւ Արցախեան 44-օրեայ պատերազմի սկզբնական օրերից սկսած պաշտօնական հանդիպումներին, որոնք իրականացրել է իրանահայութեան միւս պատգամաւոր Արա Շահվերդեանի ընկերակցութեամբ:
Ծրագրի երկրորդ բաժնում պրն. Բեգլարեանը պատասխանեց ներկաների հարցումներին եւ ունկնդրեց նրանց տեսակէտները:
Հանդիպումը վարեց Մանիա Ղուկասեանը:
Թղթակից (Նոր Ջուղա)