Մանուկների իրաւունքների պաշտպանութեան միջազգային օրը՝ յունիսի 1-ի երեկոյեան, Նոր Ջուղայի հայոց ազգ. կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» սրահում, տեղի ունեցաւ Նոր Ջուղայի հայոց ազգ. Մանկապարտէզ-նախակրթարանի ամավերջի հանդէսը, որտեղ եզրափակւեց այս կրթօջախի 2022-2023 ուսումնական տարեշրջանը:

Ծրագրին հրաւիրւած էին՝ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը, ազգային մարմինների ու հայոց ազգ. դպրոցների ներկայացուցիչներն եւ սաների հարազատները:

Սկզբում բացման խօսքով ելոյթ ունեցաւ դպրոցի տնօրէնուհի Քառոլին Դիլանչեանը: Նա շնորհակալական խօսքերի շարան ուղղեց բոլոր այն անձանց, ովքեր սատար էին հանդիսացել հանդէսի իրականացման գործում՝ ի մասնաւորի պարուսոյց Քաթրին Թորոսեանին: Խօսքի շարունակութեան մէջ տկն. Դիլանչեանը յայտնելով, որ լրացնում է իր աշխատանքային ժամանակաշրջանը եւ հանգստի է կոչւելու, յուզախառն արտայայտութիւններով ներկաների հետ կիսւեց իր բազմամեայ գործունէութեան գեղեցիկ տպաւորութիւններով: Նա շնորհակալական խօսքեր ասելով նաեւ տարիների ազգային մարմիններին, գործակիցներին, ծնողական խորհուրդներին եւ ծնողներին, պատիւ համարեց, որ իր աշխատանքային ժամանակաշրջանում աւելի քան 1500 աշակերտի հետ աշխատելու առիթ է ունեցել: 

Մանկական ներկայացումների սկիզբն հանդիսացաւ մանկապարտէզի կրտսեր խմբակների՝ կանաչի եւ դեղինի  միասնական ելոյթը, որտեղ երգերով, արտասանութեամբ եւ գեղեցիկ շարժումներով ներկայացւել էին բնութեան երեւոյթները՝ արեւը, ամպը, ծիածանը, ծաղիկները եւ ի հարկէ բարի պարտիզպանը, ով խնամում է քնքուշ ծաղիկներին:

Երկրորդ արարի ներքոյ հանդէս եկան դպրոցի աւագները՝ նախակրթարանի սաները: Այստեղ բեմականացւել էին Հայաստան աշխարհի եօթ հրաշալիքները՝ հայրենի հողը, Արցախը, մայրենի լեզուն, խաչքարը, Էջմիածինը, դուդուկը եւ հայկական լաւաշը: Այս արարը նոյնպէս ողողւած էր խօսքերով, արտասանութեամբ, երգերով ու պարային շարժումներով: Աւարտին նախակրթարանի սաները կատարեցին աւանդոյթ դարձած  «Հրաժեշտ այբենարանին» երգը եւ  վեր նետեցին իրենց աւարտական գլխարկները:

Աշխոյժ ու գունագեղ արարներին յաջորդեց վկայականաբշխման արարողութիւնը, որտեղ թեմակալ Առաջնորդ Սրբազան Հօր, Թեմական եւ Կրթական խորհուրդների ատենապետներ՝ Վրէժ Տէր-Մարտիրոսեանի ու Վարուժ Մովսիսեանի, ինչպէս նաեւ դպրոցի տնօրէնուհու եւ պատկան ուսուցչուհիների միջոցով՝ սաները խմբակ առ խմբակ ստացան իրենց վկայագարերը:

Եզրափակիչ ելոյթների շարանում արտայայտւեց Կրթական խորհրդի ատենապետ Վարուժ Մովսիսեանը, ով գովասանքի խօսքեր ասաց սաներին՝ իրենց համարձակ ելոյթների եւ արտայայտութիւնների համար: Նա նաեւ գնահատեց դպրոցի անձնակազմի աշխատանքը: 

Ներկաներին իր պատգամը փոխանցեց թեմակալ Առաջնորդ Սրբազան Հայրը: Նա բարձր գնահատելով փոքրիկների կատարումները՝ աւելացրեց, որ բեմականացւած եօթ հրաշալիքների կողքին գոյութիւն ունի եւս մէկը՝ ութերորդ հրաշալիքը եւ դա մատաղ սերունդն է, որը պէտք է պահի ու պահպանի իր հայկական ինքնութիւնը: Սրբազան Հայրը գնահատելով նաեւ Մանկապարտէզ-նախակրթարանի անձնակազմի կատարած աշխատանքը՝ նշեց, որ նրանք սէր են արմատաւորում փոքրիկների մէջ եւ դիմացը ստանում են նրանց յարգանքը: Նա ընդգծեց, որ մանկավարժութեան առաքելութիւնը լաւագոյնս կատարած կը լինի այն անհատը, ով փոքրիկներին ինչ մտածել սովորեցնելու փոխարէն, սովորեցնում է ինչպէս մտածելը:

Նշելի է նաեւ, որ դպրոցի տնօրէնուհի Քառոլին Դիլանչեանը եւ նախակրթարանի ուսուցչուհի Ռայեա Խուդավերդեանը իրենց աշխատանքային ժամանակաշրջանը բոլորելու եւ հանգստի կոչւելու համար՝ ծաղկեփնջերով մեծարւեցին իրենց համագործակիցների կողմից:

Թղթակից (Նոր Ջուղա)