Կիրակի՝ մայիսի 14-ին, Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան յարկի ներքոյ, Սպահան նահանգի Արդարադատութեան իրաւաբանների եւ պաշտօնական փորձագէտների կենտրոնի միջոցով կազմակերպւել էր հանրային իրաւունքի յանձնաժողովի (کمیسیون حقوق عامه) նիստը, ուր նշւած կենտրոնի պաշտօնական փորձագէտներն ու ընտանեկան հարցերի շուրջ խորհրդատուները ունկնդրելով հայ այցելուներին յուզող հարցերին, համապատասխան խորհուրդներ տւեցին առկայ խնդիրների փարատման եւ դատական հայցերի արդարացի լուծման ուղղութեամբ: Նիստին ներկայ էին նաեւ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը՝ ընկերակցութեամբ Թեմական խորհրդի անդամներ՝ ատենապետ Վրէժ Տէր-Մարտիրոսեանի եւ Լորիս Նաւասարդեանի:
Ընթացքում Սրբազան Հայրն ողջունելով կենտրոնի գովելի նախաձեռնութիւնը, նման միջոցառումների կազմակերպումը սիրոյ եւ եղբայրութեան նշան համարեց եւ երախտագիտութեան ու շնորհակալական խօսք ասաց նախաձեռնողներին, ովքեր իրենց հանգիստը զիճելով, դրական քայլ են վերցրել հայ համայնքին պատկանող իրենց հայրենակիցների խնդիրների փարատման համար:
Այնուհետեւ հանրային իրաւունքի յանձնաժողովի (کمیسیون حقوق عامه) նիստերի կազմակերպման մասին բացատրութեամբ հանդէս եկաւ Արդարադատութեան իրաւաբանների եւ պաշտօնական փորձագէտների կենտրոնի փորձագէտ Մոհամմադ Փառւառեշը, ով նշելով, որ նշւած միջոցառումների շարանը իրականացւում է, թէ՛ հայրենակիցներին օգտակար հանդիսանալու եւ թէ՛ Արդարադատութեանը ներկայացւող հայցերի քանակը նւազեցնելու նպատակով, յոյս յայտնեց, որ կը կարողանան այս ծիրում իրենց լաւագոյն ծառայութիւնը մատուցել:
Նշելի է, որ աւարտին Սպահան նահանգի Արդարադատութեան պաշտօնական փորձագէտների կենտրոնի եւ Թեմական խորհրդի անդամների միջեւ կայացաւ հանդիպում, ուր քննարկումներ անցկացւեցին նշւած երկու կողմերի միջեւ կայանալիք համաձայնագրի կէտերի շուրջ: Համաձայնագիրը ստորագրւելու է հայ համայնքին եւ իհարկէ ազգային մարմիններին, նշւած կենտրոնի կողմից դատական հարցերի կապակցութեամբ անվճար կերպով խորհուրդներ եւ ուղղութիւններ մատուցելու շրջագծում:
Թղթակից (Նոր Ջուղա)