Ժողովրդի խուռներամ մասնակցութեամբ, Նոր Ջուղայում իրականացւեցին Հայոց Ցեղասպանութեան 108-ամեակի ոգեկոչման միջոցառումները:
Կիրակի՝ ապրիլի 23-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Յովսէփ Արիմաթացի» եկեղեցում, Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի նախագահութեամբ, կայացաւ Սրբադասւած նահատակների հսկման արարողութիւնը, որից յետոյ ներկաները գլխաւորութեամբ թեմակալ Առաջնորդ Սրբազան Հօր ներկաները վառւած մոմեր տեղադրեցին Ցեղասպանութեան զոհերի յիշատակին կառուցւած յուշարձանի մօտ, այնուհետեւ վանքի բացօթեայ տարածքում իրականացւեց բողոքի համահաւաք:
Համահաւաքն սկիզբ առաւ հաղորդավար Մանիա Ղուկասեանի խօսքով, ով յատկապէս ընդգծեց. «Ներում են թշնամուն, բայց ոչ նրան, ով փորձել է գոյութեան գրքից սրբել քո անունը եւ ինչպէս Նժդեհն է ասել. «Կը գայ այն օրը, երբ հայութիւնը կը ների թուրքերին, սակայն ոչ թէ նրանց առջեւ ծնկի իջած, այլ նրանց ծնկի իջեցրած»»:
Յաջորդիւ, 108-ամեակի Ոգեկոչման յանձնախմբի անունից հանդէս եկաւ Արթուր Բաղրամեանը: Յանձնախմբի խօսքում ասւած էր. «Այսօր մենք կանգնած ենք մեր գոյութիւնը արժանապատւօրէն պահպանելու, կամ տարածաշրջանում՝ Հայաստանի դէմ թշնամօրէն տրամադրւած պետութիւնների կողմից բնաջնջւելու վտանգի առաջ: Վկան՝ Լաչինի շրջափակումը եւ Արցախի ժողովրդի գոյութեան դէմ կախւած սպառնալիքը, վկան՝ թշնամու ամենօրեայ յարձակումները Հայաստանի եւ Արցախի ուղղութեամբ եւ վկան՝ բազմաթիւ այլ սանձազերծումներ, որոնք փաստում են, որ թշնամու նպատակը մնացել է նոյնը՝ հայերի բնաջնջումը: Եւ այս հանգրւանին մենք ենք որոշելու թէ արդեօք նւաստացած ու ծնկի եկած պիտի սպասենք մեր վախճանին, թէ համառօրէն շարունակենք պայքարը մեր հայրենիքի ամէն մի կտորի ու սանտիմետրի համար եւ Հայաստանի, Արցախի ու սփիւռքի համադրւած ու միացեալ ջանքերով ի վերջոյ հասնենք մեր ամբողջական իրաւունքներին»:
Ազգային մարմինների խօսքն ընթերցեց Թեմական խորհրդի ատենապետ Վրէժ Տէր-Մարտիրոսեանը: Նա իր խօսքում շեշտելով, որ պէտք է վերականգնւեն հայութեան ոտնահարւած իրաւունքները, Հայաստանն ու հայութիւնն իրենց արժանի տեղը պէտք է ունենան ազգերի համաշխարհային ընտանիքում եւ հայութիւնը պիտի ունենայ անվտանգ ապրելու եւ արարելու հնարաւորութիւն իր բնօրրանում, կարեւորեց նաեւ Հայաստան-Արցախ-Սփիւռք համագործակցութեան վերականգնումը եւ ասաց. «Հայրենիքի պաշտպանութիւնը հեշտ գործ չէ: Մեզ բոլորիս հարկաւոր է պատրաստւել երկար, շատ երկար ու դժւար դիմադրութեան: Անհրաժեշտ է գիտակցել, որ ստեղծւած իրավիճակում չկան հեշտ լուծումներ. դրանք պահանջում են խիստ խելամիտ որոշումներ, որոնց հիմքում պէտք է ընկած լինեն ոչ թէ յոյզերը, այլ հաւասարակշռւած մօտեցումները»:
Այնուհետեւ ելոյթով հանդէս եկաւ Իրանի Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը: Նա ակնարկ ունենալով այն հանգամանքին, որ Հայոց Ցեղասպանութեան 108-ամեակը ոգեկոչում ենք այնպիսի պայմաններում, երբ մեր ազգի առջեւ ծառացել են լրջագոյն մարտահրաւէրներ, աւելացրեց, որ խնդրին լուծում տալու համար թէեւ աշխատանք են տանում հայկական զանազան կուսակցութիւններ եւ կազմակերպութիւններ, սակայն հարկաւոր է ժողովրդի ներկայութիւնը եւ մինչեւ իւրաքանչիւր անձ չկանգնի իր քոյրերի ու եղբայրների կողքին, չի կարելի աշխարհից որեւէ ակնկալիք ունենալ: Պրն. Բեգլարեանն իր խօսքի աւարտին անհրաժեշտ նկատեց Ռուսաստանի խաղաղապահ զօրքերը կատարեն իրենց պարտականութիւնը տարածաշրջանում, ապա գնահատելով Իրանի Իսլ. Հանրապետութեան որոշումները, յատկապէս վերջին մէկ տարւայ ընթացքում, ընդգծեց նաեւ, թէ միայն չբաւարաւի Իրան-Հայաստան սահմանը անխափան պահելով եւ ջանք տանի արցախահայութեան անվտանգութիւնը պահպանելու համար:
Երեկոյի գեղարւեստական բաժնում ելոյթներով հանդէս եկան Նոր Ջուղայի միութիւնների եւ երգչախմբերի ներկայացուցիչներն ու խմբերը եւ իհարկէ անհատ կատարողներ:
- Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախմբի ներկայացուցիչները կատարեցին «Սուրբ, Սուրբ»-ը, որը մեներգեց Ալենուշ Թորոսեանը, խմբի ղեկավար Արբի Բաբումեանի դաշնամուրի եւ Պարոյր Վարդանեանի դուդուկի նւագակցութեամբ: Վերջիններս նաեւ կատարեցին «Ադանա» երգի երաժշտութիւնը:
- Ս. Ամենափրկիչ վանքի «Տաթեւ» երգչախմբից Ասպետ Մարգարեանը մեներգեց «Արժանի»-ին, իսկ Արեգա Յարութիւնեանը՝ «Լիսբոնի հինգ մարտիկների յիշատակին» երգը:
- Հայուհեաց Բարեգործական ընկերութեան «Փարոս» ասմունքի խմբից Վանէ Խաչիկեանը ասմունքեց Վահան Տէրեանի «Մի խառնէք» բանաստեղծութիւնը:
- «Տուն իմ հայրենի» երգի տակ պարով հանդէս եկաւ Փերիոյ Կրթասիրաց միութեան «Էրեբունի» պարախումբը:
- Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան Մշակութային միաւորի «Կռունկ» համոյթի անդամ Արթուր Քամարզարեանը ասմունքեց Վազգէն Ովեանի «Հիմա էլ լռենք»-ը, իսկ «Հայաստան իմ Արցախ» պարային կատարմամբ հանդէս եկաւ նոյն համոյթի պարախումբը:
«Այայի երկիր Արցախ»-ը զուգերգեցին երիտասարդ երգիչներ՝ Թանիա Մինասեանն ու Վանանդ Իսաղուլեանը:
Գեղարւեստական յայտագիրը եզրափակւեց Հ.Յ.Դ. «Ռուբէն» երիտ. միութեան հովանաւորութեամբ եւ «Դումահ» խմբի միջոցով պատրաստւած «Աշխարհի ցաւով» երգի տեսահոլովակի ցուցադրմամբ:
Ներկաներին իր հայրական պատգամը փոխանցեց գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը: Նա անդրադարձ ունենալով Հայ Դատի պահանջատիրական աշխատանքների զարգացումներին՝ յորդորեց. «Վերականգնելով Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութիւնը, միասնաբար ոտքի կանգնենք եւ գիտակցութեամբ, հաւատարմութեամբ ու պարտաճանաչութեամբ ստանձնենք մեր դերակատարութիւնները՝ հայոց պահանջատիրական գործում»: Նա նշելով, որ թէեւ անընդունելի, բայց միեւնոյն ժամանակ հասկանալի է իւրաքանչիւր պետութեան մօտեցումը Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ դատապարտման նկատմամբ, ինչը դրսեւորւում է իրենց ազգի ու պետութեան շահերը, սակայն հայկական պետութեան հարցում անընդունելի է յարմարւողի կարգավիճակում յայտնւելը կամ ցեղասպանին ներելն ու նրանից հատուցում չպահանջելը: Սրբազան Հայրն աւելացնելով, որ արեան կանչը վեր է ամէն ինչից, ասաց, թէ աշխարհում որեւէ ձայն, աղմուկ եւ ժխոր չի կարող խանգարել կամ լռեցնել մեր սուրբ նահատակների արեան կանչը:
Համահաւաքի աւարտին Կազմակերպիչ յանձնախմբի դիմումով եւ «Երկիր Մեդիա» հեռուստաալիքի համագործակցութեամբ, ուղիղ միացում տեղի ունեցաւ նշւած հեռուստաալիքի թղթակից Մեղրի Ղուկասեանի հետ, որի միջոցով ներկաները էկրանի վրայ ականատեսը եղան Երեւանում դէպի Ծիծեռնակաբերդ իրականացւող ջահերով երթի:
Այնուհետեւ Սրբազան Հայրն ազգայինների եւ Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչների ընկերակցութեամբ այցելեց վանքի ցուցասրահ, ուր նախաձեռնութեամբ Հ.Յ.Դ «Ռուբէն» երիտ. միութեան եւ 108-ամեակի ոգեկոչման յանձնախմբի հովանաւորութեամբ կազմակերպւել էր Հայոց Ցեղասպանութեան 108-ամեակին նւիրւած մուլտիմեդիա ցուցահանդէս:
Աւելի ուշ, նախաձեռնութեամբ Հ.Յ.Դ. «Ռուբէն» երիտ. միութեան եւ համագործակցութեամբ Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան Ուսանողական միաւորի եւ Հ.Յ.Դ. «Թադէոս Թադէոսեան» պատանեկան միութեան իրականացւեց (Talk show)՝ «Կրկնւող ցեղասպանութիւն» խորագրով: Ծրագիրը վարեցին՝ «Ռուբէն» երիտ. միութեան, Ուսանողական միաւորի եւ Թադէոս Թադէոսեան» միութեան անդամներ հերթաբար Շաքէ Մովսիսեանը, Վահէ Թահմազեանը եւ էմիլի Պօղոսեանը, իսկ ընթացքում ներկաներն իրենց տեսակէտներով ու առաջարկներով կիսւեցին միմեանց հետ:
Հարկ է նշել, որ համահաւաքի ամբողջ ընթացքում յուշարձանի շուրջ, անմար ջահերով, հսկումի արարողութիւն կատարեցին Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Սկաուտական միաւորի անդամները, իսկ Հ.Յ.Դ. «Թադէոս Թադէոսեան» պատանեկան միութեան անդամներն իրենց ձեռքում ունէին Արցախի Հանրապետութեան դրօշը:
Երկուշաբթի՝ ապրիլ 24-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Յովսէփ Արիմաթացի» եկեղեցում, նախագահութեամբ թեմակալ Առաջնորդ Սրբազան Հօր եւ ձեռամբ արժ. Տ. Մեսրոպ Ա. քհնյ. Գալստանեանի մատուցւեց Սուրբ եւ Անմահ Պատարագ, ապա վանքի շրջափակում, Հայոց Ցեղասպանութեան յուշարձանի առջեւ տեղի ունեցաւ համահաւաք եւ ծաղկեմատոյցի արարողութիւն, Մանիա Ղուկասեանի հաղորդավարութեամբ:
Ծրագրում աշակերտական խօսքով եւ գեղարւեստական ելոյթներով հանդէս եկան Նոր Ջուղայի հայոց ազգ. դպրոցները. «Արմէն» տարրական երկսեռ դպրոցից Նելի Շահմիրզայեանն ընթերցեց պահանջատիրական խօսք, իսկ Նատալի Յակոբեանը, Վանայր Յովսէփեանը եւ Մենուա Մարկոսեանը ասմունքեցին «Մենք միասնական ենք» բանաստեղծութիւնը: «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցից Սելին Բաղրամեանը ասմունքեց Վազգէն Ովեանի «Այս Ղարաբաղն է»-ը, իսկ Նելի Ղազարեանը մեներգեց «Դարձիր իմ Անի» երգը, որի ընթացքում պարային շարժումներով ելոյթ ունեցաւ դպրոցի պարախումբը:
Այնուհետեւ իրականացւեց ծաղկեմատոյցի արարողութիւն՝ մասնակցութեամբ՝ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի, քահանայից դասի, ազգային մարմինների, շրջանի Հայ Դատի յանձնախմբի եւ գրասենեակի պատասխանատուների, Նոր Ջուղայի եւ Շահինշահրի միութիւնների, դպրոցների եւ ժողովրդի:
Ծաղկեմատոյցից յետոյ արտայայտւեց Ռոբերտ Բեգլարեանը, իսկ 108-ամեակի ոգեկոչման յանձնախմբի բանաձեւը՝ պարսկերէն լեզւով ընթերցեց Արթին Քեշիշեանը:
Պրն. Բեգլարեանն իր խօսքն ասաց պարսկերէնով. նա յատկապէս անդրադարձ ունենալով աւելի քան չորս ամիսներ Արցախի շրջափակմանը եւ դրա հետեւանքով շուրջ 120 հազար արցախահայութեան գլխին ճօճւող ցեղասպանութեան վտանգին եւ մատնանշելով Իրանի Իսլ. Հանրապետութեան առաջնորդի խօսքը՝ Արցախի ժողովրդի անվտանգութեան պահպանման ուղղութեամբ, դիմելով Իրանի պետական այրերին՝ ի մասնաւորի արտաքին գործոց նախարարութեանը ցանկացաւ` առաւել չափով զգայնութեամբ հետեւեն այս հարցին եւ իրենց ամբողջ հնարաւորութիւններով աշխատեն տարածաշրջանում հաստատւող խաղաղութիւնը տեղի ունենայ առանց Արացխի ժողովրդի նկատմամբ ճնշումների եւ սադրիչ գործողութիւնների:
Երկօրեայ եկեղեցական արարողութիւնների ընթացքում երգեցողութեամբ հանդէս եկաւ Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը՝ ղեկավարութեամբ Արբի Բաբումեանի:
Նշելի է նաեւ, որ Նոր Ջուղայի հայոց ազգ. «Քանանեան-Կատարինեան» երկսեռ միջնակարգ դպրոցի 7-ից 10-րդ դասարանների աշակերտների մասնակցութեամբ, ապրիլի 14-ին, Ս. Ամենափրկիչ վանքի շրջափակում տեղի է ունեցել աշակերտական աշխատանոց, որտեղ աշակերտները, ոչ միայն մաքրազարդել են Հայոց Ցեղասպանութեան յուշարձանի տարածքը, այլ նաեւ պատրաստել են առիթին նւիրւած պաստառներ ու ձեռքի աշխատանքներ, որոնք ցուցադրւել են վանքի տարածքում: Ն. Ջ. հայոց ազգ. Մանկապարտէզ-նախակրթարանի սաների կատարմամբ ապրիլի 19-ին, իրենց հարազատ դպրոցի յարկի ներքոյ իրականացւել է միջոցառում, ողողւած հայրենասիրական երգով ու արտասանութեամբ եւ իհարկէ ձեռքի աշխատանքի պատրաստմամբ: Հ.Յ.Դ. «Թադէոս Թադէոսեան» պատնեկան միութիւնը համագործակցելով ոգեկոչման յանձնախմբի հետ օժանդակել է պահանջատիրական ցուցանակների պատրաստման գործում:
Թղթակից (Նոր Ջուղա)
Լուսանկարները՝ Ալիքի թղթակցի եւ Ստուդիօ Գեւիկի