Ուրբաթ՝ ապրիլի 21-ի առաւօտեան, Սպահան նահանգի Փերիոյ գաւառի Ներքեւի Խոյգան գիւղի մօտակայքում գտնւող «Լուսահանգիստ» սրբավայրում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ քահանայից ու դպրաց դասերի ներկայացուցիչների տեղի ունեցաւ ամենամեայ հոգեհանգստեան արարողութիւնը: Այս սրբավայրում հանգիստ են առել 17-րդ դարում հաւատքի ճանապարհին նահատակւած Գրիգոր Արփայեցու աճիւնները:
Աւարտին թեմակալ Առաջնորդ Սրբազան Հայրն անդրադարձաւ նահատակի կենսագրականին: Նա նշելով, թէ ինչպէս Գրիգոր Արփայեցին, որն այն օրերին քրիստոնէութեան քարոզիչ էր, իր հաւատի պատճառով դաւադիր ծրագրի արդիւնքում մեղաւոր ճանաչւեց վարձկան մարդասպանի կատարած սպանութեան համար եւ մահապատժի ենթարկւեց, պատգամեց. «Այսօր մեր կեանքում չարը զօրեղ է. գործում է անխնայ եւ փորձում որսալ իւրաքանչիւր հաւատացեալ քրիստոնեայի, ուստի հարկաւոր է լինել զգօն եւ արթուն, որպէսզի իմանանք թէ ինչ ենք հիւրընկալում մեր նեղ եւ անձնական շրջանակում, եւ ում դիմաց ենք բացում մեր մտքերը, սրտերն ու հոգիները: Մենք պէտք է մեր կեանքից վանենք՝ չարը, մեղքը եւ անբարոյութիւնը եւ ապաշնորհ ամէն ինչ՝ Աստծոյ ողորմութեանն ու օրհնութեանն արժանանալու համար»:
Այնուհետեւ ուխտաւորներն աղօթեցին, մոմ վառեցին եւ խունկ ծխեցին նահատակի գերեզմանի վրայ, ապա գարնանային պայծառ օրւայ մնացած բաժինը վայելեցին բնութեան գրկում:
Հոծ թւով ժողովրդից բացի՝ արարողութեանը ներկայ էր թեմի Կրօնական խորհրդի ատենապետ Ջաւէն Սիմոնեանը:
Թղթակից (Նոր Ջուղա)