Հովանաւորութեամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի, Հայ եկեղեցասէր կանանց հոգեւոր լսարանի եւ «Շուշանիկ» երգչախմբի հիմնադրման 20-րդ ամեակի առիթով, կազմակերպւել է հոգեւոր թեմաներով լսարանների շարան, որոնցից երկուսն իրականացւեցին ապրիլի 3-ին եւ 11-ին, Նոր Ջուղայի հայոց ազգ. կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» դահլիճում, ներկայութեամբ՝ թեմակալ Առաջնորդ Սրբազան Հօր, Կանանց հոգեւոր լսարանի պատասխանատու արժ. Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանի, թեմի քահանայից եւ դպրաց դասերի, ազգային մարմինների, հայոց դպրոցների եւ միութիւնների ներկայացուցիչների, յոբելեար լսարանի եւ երգչախմբի անդամուհիների եւ մի շարք այլ հրաւիրեալների:
Իրականացւած լսարանների թեմաներն էին հերթաբար՝ «Քրիստոսի չարչարանքներն ու խաչելութիւնը» եւ «Քրիստոսի յարութիւնը»: Ներկայացւած նիւթերի բովանդակութիւնները կազմել էին Կանանց հոգեւոր լսարանի անդամուհիներ՝ Մարինէ Առաքելեանն ու Մարինէ Մխիթարեանը. որպէս խորհրդատուներ յիշեալների հետ համագործակցել էին՝ բրշ. Ալբերտ սրկ. Ղազարեանը, «Շուշանիկ» հոգեւոր երգչախմբի ղեկավար ու յոբելեար լսարանի անդամուհի Անուշ Յովհաննիսեանը՝ գլխաւորութեանբ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի:
Լսարաններն ընթացել են հետեւեալ ձեւաչափով՝ սկզբում հնչել է «Տէրունական աղօթք»-ը, այնուհետեւ իւրաքանչիւր թեմայի շրջագծում ընթերցւել են Աւետարանական հատւածներ Մարինէ Մխիթարեանի միջոցով, իսկ յաջորդիւ ներկաներն ունկնդրել են Մարինէ Առաքեալեանի մեկնաբանութիւնները նոյն հատւածների կապակցութեամբ. Անուշ Յովհաննիսեանը կատարել է հոգեւոր երգերից հատւածներ՝ աշխարհաբար տարբերակով, ապա շարունակութեան մէջ բացատրութեամբ է հանդէս եկել մի շարք մանրանկարչութիւնների եւ Նոր Ջուղայի եկեղեցիներում պատկերւած որմնանկարչութիւնների մասին. վերջինիս ելոյթները նոյնպէս առնչւում էին լսարանի թեմաներին:
Յատկանշական է, որ մի շարք սլայդների հայթայթման գործում կազմակերպիչներին օժանդակել է Արլետ Հայրապետեանը, հոգեւոր երգերը աշխարհաբարի վերածելու գործն իրականացրել է Թովմա սրկ. Գալստանեանը, իսկ ընդհանուր սլայդների պատարստումը կատարել է Մարինէ Մխիթարեանը:
Այս շրջագծում եւս լսարաններ են տեղի ունենալու յառաջիկայ շաբաթներին՝ «Յիսուս Քրիստոսի չարչարանքների, խաչելութեան, մահւան եւ յարութեան կարեւորութիւնը մեր կեանքում» թեմայով:
Նշելի է նաեւ, որ յոբելեանական միջոցառումների շարանի մեկնարկը տրւել է ընթացիկ տարւայ յունւարի 29-ին, Ս. Ամենափկիչ վանքի «Ներսէս Շնորհալի» գրադարանում կազմակերպւած Ս. Ծննդեան տօնին նւիրւած լսարանով, որին մասնակցել էին՝ թեմակալ Առաջնորդ Սրբազան Հայրը, անդամուհիներն ու սահմանափակ թւով հրաւիրեալներ:
Թղթակից (Նոր Ջուղա)