Քրիստոսի Երուսաղէմ կատարած յաղթական մուտքի յիշատակի տօնի` Ծաղկազարդի առիթով, կիրակի՝ 2 ապրիլի առաւօտեան, Նոր Ջուղայի «Ս. Ստեփանոս» եւ Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» եկեղեցիներում մատուցւեց Սուրբ եւ Անմահ Պատարագ: Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը նախագահեց Շահինշահրի եկեղեցու Պատարագին:
Սրբազան Հայրն օրւան պատշաճ իր քարոզախօսութեան մէջ բնաբան ունենալով «Յիսուս` Դաւթի որդի, ողորմի՛ր մեզ»-ը՝ անդրադարձաւ երկու կոյրերի բժշկութեան աւետարանական հատւածին եւ նշեց, թէ թւում է որ երկու կոյրերը Քրիստոսի ճանապարհին էին յայտնւել պատահականօրէն, քանի որ ոչ ոք իրենց չէր տեղեկացրել այդ մասին, սակայն այդ դէպքում գոյութիւն ունի աստւածային կամք եւ ծրագիր, որը ծառայեց երկու նպատակների՝ հիւանդների՝ ֆիզիքական աչքերի բժշկւելուն եւ նրանց հոգու ու մտքի աչքերի բացմանը:
Նա իր քարոզի շարունակութեան մէջ ընդգծելով նշւած աւետարանական հատւածի պատգամը՝ յորդորեց. «Լսել եւ զգալ Քրիստոսի ոտնաձայնը եւ խնդրանքներն ու աղաչանքները ներկայացնել Աստծուն՝ Բարձրեալից շնորհք, գթութիւն եւ ողորմութիւն ստանալու համար»:
Հարկ է նշել Նոր Ջուղայի «Ս. Ստեփանոս» եկեղեցում պատարագեց արժ. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանը, իսկ քարոզեց արժ. Տ. Մեսրոպ Ա. քհնյ. Գալստանեանը. Շահինշահրում պատարագիչ հայրն էր արժ. Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանը:
Զոյգ եկեղեցիներում Սուրբ Պատարագի աւարտին օրհնւեցին եւ ժողովրդին բաժանւեցին ձիթենու ճիւղերը:
Նոյն օրը երեկոյեան Դռնբացէքի կարգն իրականացւեց Նոր Ջուղայի «Ս. Ստեփանոս», «Ս. Մինաս», «Ս. Աստւածածին» եւ «Ս. Յովհաննու Կարապետ», իսկ Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» եկեղեցինեում:
Նոր Ջուղայի «Ս. Յովհաննու Կարապետ» եկեղեցու արարողութիւնը տեղի ունեցաւ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի միջոցով, որտեղ երգեցողութիւնը կատարեց «Շուշանիկ» հոգեւոր երգչախումբը:
Աւետարանական ընթերցումներից, շարականներից եւ փոխասացութիւններից յետոյ, Սրբազան Հօր միջոցով փակ վարագոյրի առջեւ իրականացւեց երկնային արքայութեան դռների փակելը խորհրդանշող բաժինը, որից յետոյ բացւեց Մեծ Պահքի ընթացքում փակ մնացած վարագոյրը:
Աւարտին Սրբազան Հայրն անդրադառնալով օրւայ խորհրդին, պատգամեց. «Այս առիթը պատեհ համարելով, մի անգամ եւս քննութեան ենթարկենք մեր կեանքը, որպէսզի աստւածահաճոյ կեանք ապրած լինելու դէպքում, ոչ միայն շարունակենք նոյն ընթացքը, այլ նաեւ հարստացնենք ու ճոխացնենք եղածը, իսկ հակառակ պարագային, եթէ գտնում ենք, որ անցած ժամանակները լի են մեղքերով եւ ոչ աստւածահաճոյ արարքներով, ինքնագիտակցութեամբ սրբագրենք եւ բարեփոխենք այն:
Թղթակից (Նոր Ջուղա)